Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի վերաբերյալ Ստեփան Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհություններ էր հայտնել ՀՀԿ-ԲՀԿ ավագանիների միացյալ նախագծի դեմ: «Բարեւ Երեւան»-ի ավագանի Ստեփան Սաֆարյանը գտնում էր, որ հավանություն արժանացած այդ նախագծերով ընդդիմության իրավունքները սահմանափակվում են:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Թամար Պողոսյանը արձագանքելով պարոն Սաֆարյանի այն մտահոգությանը, թե որեւէ հանձնաժողով կամ ավագանու անդամներից որեւէ մեկը քաղաքապետին նամակ գրելու դեպքում, նախագիծը կարող է ուղղակի հանվել շրջանառությունից եւ օրակարգ չմտնել, տիկին Պողոսյանն ասաց, որ ԲՀԿ ավագանին «ոչ մի նման նախաձեռնությամբ հանդես չի եկել, պարզապես խմբագրական տեղափոխություն է եղել»:
Ըստ տիկին Պողոսյանի. «Եթե որեւիցե հարցի վերաբերյալ նախաձեռնություն, որը ներկայացված է ավագանու անդամներին եւ հանձնաժողովներին ու դրական եզրակացություն չի ստացել, քաղաքապետն իրավասու է այդ հարցը օրակարգ չմտցնել: Այս ձեւակերպումը մենք մի հոդվածի վերջից հանել ենք դրել մեկ այլ հոդվածի մեջ, որը բովանդակությամբ ավելի համահունչ է տվյալ հոդվածին: Այս նույնը ես նաեւ Ստեփան Սաֆարյանին եմ պարզաբանել եւ խնդրել եմ ուշադիր կարդան»:
Ինչ վերաբերում է Հովհաննես Թոքմաջյանի երեք հարցը կրճատելու եւ մեկ հարց դարձնելու նախաձեռնությանը, որին, Ս. Սաֆարյանի կարծիքով մասամբ միացել է նաեւ ԲՀԿ ավագանին, ապա Թամար Պողոսյանն ասաց. «ԲՀԿ-ն ոչ մի նոր նախաձեռնությամբ հանդես չի եկել. ուղղակի կանոնակարգում գրված էր, որ ամեն երկրորդ նիստին ավագանու անդամները կարող են քաղաքապետին հարցեր տալ, կանոնակարգում գրված էր՝ մինչեւ երեք հարց, քանի որ այդ «մինչեւ երեք-ը» տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տալիս, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել եմ «մինչեւ երեք-ը» դարձնել՝ առավելագույնը երկու, որովհետեւ հայերենում «մինչեւ երեք-ը» չի ներառում երեքը: Ընդամենը հայերեն լեզվի ճշտում է, ես ոչ թե նոր առաջարկությամբ եմ հանդես եկել, այլ առաջարկել եմ «մինչեւ» բառը փոխարինել «առավելագույնը երկուս բառերով», որպեսզի տարըմբռնումների, մեկնաբանությունների տեղիք չտա»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ավելի լավ է լռել և հիմար թվալ, քան խոսել և փարատել բոլոր կասկածները… /ասացվածք/
ՄԻՆՉԵՎ … /մինչ + և/ … ցույց է տալիս ժամանակի սահման.
Ժամանակակից Հայոց Լեզվի Բացատրական Բառարան
Հրաչյա Աճառյանի Անվան Լեզվի Ինստիտուտ։ Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն, Երեւան, 1969։
«մինչեւ երեք-ը» ներառում է նաև 3-ը