Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը դժգոհում է ԲՀԿ-ՀՀԿ ավագանիների միացյալ նախագծերից

Փետրվար 11,2014 22:50

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում բուռն քննարկման առարկա է դարձել կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցը, որը հարուցել է «Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու դժգոհությունը:

Aravot.am-ի հետ զրույցում «Բարեւ Երեւան»-ի ավագանի Ստեփան Սաֆարյանն ասաց, որ փետրվարի 1-ին Երեւանի ավագանու իրավական հարցերով հանձնաժողովը  նիստ է հրավիրել եւ առանց իր եւ նրա գործընկերների` Անահիտ Բախշյանի, Գագիկ Բաղդասարյանի մասնակցության, բացասական եզրակացություն տվել նրանց նախագծերին: Ստեփան Սաֆարյանն իր ներկայացրած օրինագծով առաջարկել էր ավագանու նիստերն առցանց հեռարձակել, քանի որ քաղաքացիներին հնարավորություն չեն ընձեռում մասնակցել ավագանու նիստերին: Պարոն Սաֆարյանի մյուս նախագիծը վերաբերել է Երեւանի քաղաքապետի կողմից կնքվող, աղմուկ հանած պայմանագրերին: Ս. Սաֆարյանը Երեւանի ավագանուն առաջարկել է հավանություն տալ կամ չտալ այնպիսի պայմանագրերին, որոնք

օրինակ` վերաբերում են տրանսպորտի, վճարովի ավտոկայանատեղիների  ոլորտներին, աղբահանող  կազմակերպություններին, այսինքն՝ այն պայմանագրերին, որոնք  պարտավորությունների, պայմանների հետ կապված խնդիրներ կարող են առաջացնել:

«Ես ասում էի ավագանին հավանություն տա կամ չտա քաղաքապետի կնքած պայմանագրերին, եւ դա օրենքով թույլատրելի է ու կախված է ավագանու կամքից»,-մեկնաբանեց պարոն Սաֆարյանը: Նրան նաեւ մտահոգում էր, որ ՀՀԿ ավագանի Հովհաննես Թոքմաջյանը նախագիծ էր ներկայացրել ամեն երկրորդ ավագանու նիստին քաղաքապետին տրվող հարցերի թիվը սահմանափակելու՝ երեք հարցից դարձնելով ընդամենը մեկ հարց, ինչին, ըստ Ս. Սաֆարյանի ԲՀԿ խմբակցության ավագանիները ընդառաջ են գնացել, սակայն ոչ թե Թոքմաջյանի առաջարկած մեկ հարցն են ուժի մեջ թողել, այլ երկու հարցի իրավունքն են հաստատել. «Եթե «Բարեւ Երեւանը» 6 հարց ավել էր տալու  հիմա վեց հարց պակաս է տալու: ԲՀԿ-ն պատճառաբանում է, որ դա չարյաց փոքրագույնն է, որովհետեւ Թոքմաջյան Հովհաննեսի պարագայում մեկ հարց էր լինելու»:

«Ես երեւի թե աշխարհում չգիտեմ որեւէ տեղ, որտեղ կարող էր տեղի ունենալ այն, ինչ այսօր տեղի է ունենում Երեւանի ավագանիում: Ես Հայաստանում չեմ լինում եւ իմ բացակայությամբ,  իմ առաջարկած նախագծերը քննարկում են, բացասական եզրակացություն են տալիս, մինչդեռ, ըստ կանոնակարգի հանձնաժողովն իրավունք չուներ, քանի որ ես, որպես հանձնաժողովի անդամ, որպես նախագծերի համահեղինակ  պետք է մասնակցեի այդ քննարկումներին: Ինձ էլեկտրոնային նամակով տեղյակ են պահում, որ այսինչ օրը հանձնաժողովի նիստ կա, բայց ոչ ավելին, իսկ մյուս ընկերներիս` Անահիտ Բախշյանին եւ Գագիկ Բաղդասարյանին ընդհանարապես տեղյակ չեն պահում, որ ձեր օրինագիծը մենք պատրաստվում ենք քննարկել հանձնաժողովում, դնում են մեր բացակայությամբ, առանց  կանոնակարգը պահպանելու քննարկում: Զեկուցողը պետք է ներկայացնի, նրան հարցեր տան հետո հարակից զեկուցողը պետք է կարծիք ասի, հետո ելույթներ պետք է ունենան եւ նոր միայն քվեարկության դնեն, առանց այդ կարգը պահելու դնում են եւ առանց հեղինակների բացասական եզրակացություն են տալիս, երբ ես վերադառնում եմ արդեն քննարկում են Անահիտ Բախշյանի եւ Արթուր Գասպարյանի նախագծերը: Ես նրանց տեղյակ եմ պահում, որ հեղինակի բացակայությամբ իրավունք չունեն հարց քննարկել, պարտավոր են հեղինակին հրավիրել նիստին, չեն լսում, բացի այն որ հաշվի չեն առնում, որ իմ օրինագիծը իրենք ապօրինի են մերժել, նաեւ Անահիտ Բախշյանի օրինագիծն են մերժում: Ամբողջ ՀՀԿ կուսակցության խմբակցությունով կանգնեցին ու ասեցին՝ այդպես է ճիշտը, այդպես էլ անելու են»,-ասում է պարոն Սաֆարյանը:

Պարոն Սաֆարյանը ԲՀԿ-ՀՀԿ ավագանիների միացյալ մի նախագծից էլ դժգոհություն ուներ: Ըստ նրա. «Մի վտանգավոր դրույթ են ներմուծել այսօր ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն: Շատ անորոշ գրել են, որ եթե, որեւէ հանձնաժողով կամ ավագանու անդամներից որեւէ մեկը քաղաքապետին նամակ գրի ու ասի, որ այսինչ ավագանու անդամի նախաձեռնությունը դուրս է ավագանու լիազորություններից, ապա նրա նախագիծը կարող են ուղղակի հանել շրջանառությունից եւ օրակարգ չմտցնել, այսինքն՝ գնում են ընդդիմության իրավունքները նեղացնելու ճանապարհով, ինչ է թե արդեն «Բարեւ Երեւանը» նրանց կոկորդին կանգնած ոսկոր է դարձել: Բառացիորեն գնում են ավագանու դերի սահմանափակմանը»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728