Երեկ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ արդեն մի քանի օր է ճանապարհային ոստիկանությունը 5000 դրամի ակտ է ուղարկում մի շարք վարորդներին, նշելով, որ մեքենաներն ապահովագրված չեն, մինչդեռ, տուգանքի ենթարկված վարորդները վստահեցնում են, որ դեռ նախորդ տարի են ԱՊՊԱ կտրոն ձեռք բերել եւ ժամկետը դեռ չի էլ լրացել:
«Տեսականորեն չի բացառվում, որ նման կարող է լինել: Այսինքն` տուգանք կիրառվի նրանց նկատմամբ, ովքեր ունեն պայմանագիր»,-Aravot.am-ի հետ զրուցում ասաց ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը:
Նրա ներկայացմամբ խնդիրը տեխնիկական է եւ շտեմարանները, որոնց միջոցով կիրառվում է տուգանքը կարող են ուղղակի չարձանագրել այդ տրանսպորտային միջոցի գործող պայմանագիր ունենալու հանգամանքը. «Կարող եմ օրինակ նշել`անձը տրանսպորտային միջոցը ձեռք բերելու ժամանակ կնքում է ԱՊՊԱ պայմանագիր, հետո երբ տրանսպորտային միջոցը ներկայացնում է ճանապարհային ոստիկանություն`գրանցման եւ ստանում է նոր հաշվառման համարանիշ, ինչը չի ներկայացնում ապահովագրական այդ կազմակերպություն, հետեւաբար այնտեղ ունենում է հին հաշվառման համարանիշի տեղեկությունները: Համեմատության ժամանակ պարզվում է այս նոր համարանիշով տրանսպորտային միջոցը չունի ԱՊՊԱ պայմանագիր, մինչդեռ փաստացի նման տրանսպորտային միջոցի համար կա կնքված պայմանագիր: Այս անձանց 4-5 օրերի ընթացքում 84 հազար որոշումների մեջ ընդամենը հաշված նման դեպքեր են եղել»:
Մեր այն դիտարկմանը, որ «Աքիլեսի» ղեկավարն այլ պատճառաբանություն է ներկայացրել, պարոն Չիլինգարյանն ասաց. «Պարոն Հովհաննիսյանը նման տեղեկատվության չի տիրապետում, նա գիտի, որ կան մարդիկ, որոնք ունեն պայմանագիր եւ նրանք տուգանվել են, ու «Աքիլեսին» այլեւս չի հետաքրքրում թե պատճառը որն է, նրանց հետաքրքրում է, որ ներկայացնեն, որ Ճանապարհային ոստիկանությունում կա պրոբլեմ»:
Կարդացեք նաև
Իսկ թե ի՞նչ պետք է այն վարորդները, որոնք ԱՊՊԱ ունեն, սակայն ՃՈ-ն տուգանել է, պարոն Չիլինգարյանն ասաց, որ ընդամենը պայմանագիրը ՃՈ-ի վարչական մաս ներկայացնելն արդեն բավական է, որպեսզի տուգանքը չեղյալ համարվի:
Վարորդների իրավունքների պաշտպանը նաեւ հայտարարել էր, որ ճանապարհային ոստիկանության «Իսկրա 1» արագաչափերով ոստիկանները մանիպուլյացիա են անում եւ, ինչպես վարորդներն էին վստահեցրել պարոն Հովհաննիսյանին, 50-55կմ/ժամ արագությունը ներկայացնում են 70-75կմ/ժամ արագություն եւ նշում, որ արագությունը գերազանցվել է, ու տուգանում են: Բացի այս, պարոն Հովհաննիսյանը նաեւ ասել էր, որ «Իսկրա 1» արագաչափերը չպիտի կիրառվեն, քանի որ դրա օգտագործման կարգը ՃՈ պետի կողմից հաստատված չէ: Այս առնչությամբ էլ ՃՈ իրավաբանական բաժնի պետն ասաց. «Որեւէ տեխնիկական միջոցի օգտագործման համար կարգ որեւէ պետական մարմին չի սահմանում: Տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է արտադրող գործարանը: Այսինքն, պարոն Հովհաննիսյանի ասելով` հեռուստացույցը օգտագործելու համար որեւէ նախարարի հրաման պետք է լինի: Ասում են` մանիպուլյացիա կարող են անել, գիտեք ի՞նչ, իրավախախտումներ բոլոր բնագավառներում էլ կարող է տեղի ունենալ, ցանկացած մարդ, այդ թվում նաեւ ոստիկանը կարող է լինել իրավախախտ, բայց նշել, որ կա այդպիսի բան, որ սարքն այդպիսի հնարավորություն ունի, ասեմ` սարքերն աշխատում են նորմալ: Ամեն տարի ստանդարտների ինստիտուտում չափագրություն են անցնում, սարքի հետ կապված որեւէ խնդիր չկա»: Պարոն Չիլինգարյանն ասաց, եթե վարորդները ունեն նման դժգոհություններ,ապա կարող են ՃՈ հայտարարություն տալ, ու կպարզվի թե ով է մեղավոր:
Մեր այն հարցին, որ արդյո՞ք հնարավոր է ձեռքով արագաչափի վրա ոստիկանը թիվը փոխի, պարոն Չիլինգարյանն ասաց.«Հո կալկուլյատոր չի՞, որ կոճակ սեղմի ու թիվ փոխի: «Իսկրա 1» արագաչափերն ավտոմատ են ֆիքսում արագությունը»:
Վարորդների իրավունքների պաշտպանը նաեւ հայտարարել էր, որ 10-15 տարի առաջ քաղաքացիները, որոնք իրենց մեքենաները, որպես խոտան են վաճառել, հիմա այդ մեքենաների նախկին սեփականատերերի հասցեին եւս տուգանքներ են գալիս, իբր ապահովագրված չէ: Այս առնչությամբ էլ պարոն Չիլինգարյանն ասաց. «Պարոն Հովհաննիսյանը վստա՞հ է, որ այդ մեքենաները խոտանվել են, մենք վստահ չենք: Եթե խոտանվել է, նշանակում է ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում մեքենան հաշվառումից հանվել է, իսկ քանի դեռ չկա նման բան, մեզ մոտ հաշվառված է այդ տրանսպորտային միջոցը: Այդ քաղաքացիները ոչ իրենց մեքենաներն օտարել են ոչ պատշաճ ձեւով եւ այսօր ճանապարհային ոստիկանությանը մեղադրում են, որ իրենց տուգանում են: Նրանք պետք է գտնեն այն մարդկանց ում օտարել են այդ տրանսպորտային միջոցները եւ փորձեն իրենց կատարած գործարքներն օրինականացնել, ձևակերպումները հստակ կատարեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ