Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ-ն «քցել» է իրանցիներին եւ 76 մլն դրամով վաճառել գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութը․ «Փաստինֆո»

Փետրվար 11,2014 19:58

Իրանի Իսլամական Հանրապետության «Խաք Թալայ Թոուս» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության գործով երկու ամբաստանյալներն այսօր դատապարտվեցին ազատազրկման: «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՍՊԸ տնօրեն Արմեն Գևորգյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անձնագիր կեղծելն ու օգտագործելը և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման՝  առանց գույքի բռնագրավման: Ընկերությունում որպես իրավաբան ձևակերպված Անդրանիկ Ներսեսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Նրանցից համապարտության կարգով հօգուտ տուժող ընկերության պետք է բռնագանձվի 76 մլն 644 944,5 դրամ:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Արմեն Գևորգյանը, Անդրանիկ Ներսեսյանը, գործով չպարզված անձը՝ գործելով նախնական համաձայնությամբ, Ա. Ներսեսյանի երեք ծանոթների միջոցով իրականում գոյություն չունեցող մոլիբդենի խտանյութի վաճառքի վերաբերյալ 2008թ.-ից մինչև 2010 թ. գարունն ընկած ժամանակահատվածում բանակցությունների մեջ են մտել ՀՀ օրենսդրությանն ու առևտրային գործունեությանն անտեղյակ իրանական հիշյալ ընկերության ներկայացուցիչների հետ, վերջիններիս ներկայացրել «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բլանկով ու կնիքի դրոշմով հաստատված ապրանքի որակի և առկայության վերաբերյալ կեղծ հավաստագրեր և կնքել 300 տ մոլիբդենի խտանյութի արտահանման վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր: Պայմանավորվածության համաձայն, առաջին խմբաքանակի՝ 30 տ մոլիբդենի խտանյութի արտահանման համար իրանական ընկերության կողմից «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի արտարժույթային հաշվեհամարին փոխանցվել է 76 մլն 644 944,5 դրամին համարժեք 143.350 եվրո, սակայն խտանյութը չեն արտահանել և Ա.Գևորգյանի հետ միասին 2010թ. մարտի 11-ին կանխիկացրել ու խարդախությամբ հափշտակել են փոխանցված գումարը: ԻԻՀ ընկերության ներկայացուցիչը ժամանել է Հայաստան՝ պարզելու խտանյութի չարտահանման պատճառները, իսկ Անդրանիկ Ներսեսյանն էլ կատարվածում իր առնչությունը հերքելու նպատակով հաղորդում է ներկայացրել, որ Արմեն Գևորգյանը խաբեությամբ հափշտակել է իր տարիների աշխատավարձը՝ 3 000 000 դրամի չափով:

Մեղադրանքի կողմը ճառերում հաստատված համարեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը և մասնավորապես, այն, որ «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն ի սկզբանե ստեղծված է եղել միակ՝ խարդախությամբ գումարներ հափշտակելու նպատակով: Մեղադրողը միջնորդեց  Արմեն Գևորգյանին ու Անդրանիկ Ներսեսյանին դատապարտել համապատասխանաբար՝ 7 և 6 տարվա ազատազրկման:

 

Մանրամասները՝ «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728