Ներքին Շենգավիթ փողոցի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ իրենց փողոցը երբ է ասֆալտապատվել: Երեւանի քաղաքապետարանի` ամեն տարի արվող միլիոնավոր քառակուսի մետր ասֆալտապատումից այս փողոցի բնակիչներին ոչ մի տարի, անգամ, մի քառակուսի մետր բաժին չի ընկնում:
Այդ փողոցով երթեւեկելիս ամեն օր մարդիկ ստիպված են լինում, ցատկոտել ջրափոսերի վրայով, ավտոմեքենաների վարորդն էլ ծուռումուռ են երթեւեկում, որ ավտոմեքենան ջարդուխուրդ չանեն: Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցը ընտրություններից էլ ոչինչ չի շահել` պատգամավորի թեկնածուները խոստումներ տվել են, բայց չեն պահել: Ոչ այնքան երկար այս փողոցում երկար տարիներ է արտաքին լուսավորություն էլ չկա. մութն ընկնելուն պես փողոցով քայլելն ավելի վտանգավոր է դառնում: Բնակիչների խոսքերով, փողոցում մանկահասակ եւ մեծահասակ բնակիչներ շատ կան, որոնք դժվարանում են հատկապես անձեւային եղանակներին, ձնին ու սառույցին դուրս գալ: Ներքին Շենգավիթ 3-րդ եւ մի շարք այլ փողոցներում, նույնպես, լուսավորություն չկա:
Կարդացեք նաև
Օրերս Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը վստահեցրեց, որ անցյալ տարի աննախադեպ ծավալների` 2.5 միլիոն. քմ ասֆալտապատման աշխատանքներ են կատարել: Փոխքաղաքապետը արտաքին լուսավորության աշխատանքներից էլ խոսեց:
Aravot.am-ը Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ոչ մի տարի Ներքին Շենգավիթի նշյալ փողոցները չեն ընդգրկվում ասֆալտապատման եւ արտաքին լուսավորման փողոցների ցանկում: Շենգավիթի թաղապետարանից հայտնեցին, որ լուսավորության հարցերով «Երքաղլույս» ընկերությունն է զբաղվում, իսկ ասֆալտապատման առնչությամբ մեր հարցին, պատասխանեցին, որ Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցը, այս տարվա ծրագրերում ընդգրկված է, սակայն, թե որ ամսին կսկսվի ասֆալտապատումը չեն կարող ասել, քանի որ ժամանակացույցը դեռ հստակեցված չէ:
«Երքաղլույս» ընկերության տնօրեն Սամվել Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Ներքին Շենգավիթի մի շարք փողոցներ այս տարի կլուսավորվեն, սակայն 2-րդ փողոցի լուսավորության հարցն ընդգրկված չէ ծրագրում: Պարոն Գաբրիելյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը, ելնելով ֆինասական միջոցներից, իրենց տրամադրում է ամենահրատապ լուսավորման ենթակա փողոցների ցանկը, սակայն, ինչպես Ս. Գաբրիելյանը նշեց, տարվա ընթացքում որոշվում է այս կամ այն փողոցն էլ ընդգրկել: Տնօրենի տվյալներով, 12 համայնքներից այս տարի լուսավորություն կանցկացնեն 24 փողոցներում, որից 5 փողոց Շենգավիթ համայնքում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ