Սույն տողերի հեղինակի մոտ, ով մի քանի տարի աշխատել է Հայաստանի ԱԳՆ համակարգում, տարիների ընթացքում ձևավորվել է մի կարծիք, ըստ որի, այսպես կոչված մշակութային դիվանագիտությունը երբեմն, եթե չասենք՝ հաճախ, ավելի մեծ դիվիդենդներ է բերում երկրին, քան ավանդականը, այն էլ մեր նման հարուստ մշակույթ ունեցողներիս…
Դրանում ևս մեկ անգամ համոզվեցի, երբ մի քանի օր առաջ պատահաբար նկատեցի ռուսաստանյան «Կուլտուրա» («Культура») ալիքով Հայաստանի երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) համերգի ցուցադրումը…
Երբ դահլիճում նստած հանդիսականների մեջ նկատեցի սեփական անձս, հասկացա, որ դա 2006 թ. մայիսի 28-ին (հասկանալի պատճառներով այդ օրը հիշվել է) Մոսկվայում կայացած այն ժամանակ նորաստեղծ Հայաստանի Երիտասարդական նվագախմբի համերգի տեսագրությունն է:
…Հիշեցի, թե ինչպես էինք մոսկվաբնակ վաղեմի բարեկամիս հետ, ով հիմա այնտեղի հայ համայնքի ամենահայտնի դեմքերից է, մտածում, թե ի՞նչ համերգի գնանք:
Կարդացեք նաև
Մեկ էլ ու Չայկովսկու անվան համերգասրահի մոտ նկատեցինք մի հսկայական ցուցանակ, որը հայտարարում էր «մերոնց» համերգի մասին՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովի «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» («Москва встречает друзей») փառատոնի շրջանակներում: Գնացինք:
Պարզ բան է, համերգից առաջ «հայավարի» մտանք կուլիսներ՝ մեր երիտասարդներին «դուխ» տալու, ովքեր, բնական է, մի փոքր հուզված էին՝ հայտնի է, որ Չայկովսկու անվան համերգասրահը աշխարհի ամենապատվաբեր հարթակներից մեկն է՝ դասական երաժշտության բնագավառում:
«Հիշե՛ք, որ այսօր Հայաստանի առաջին Հանրապետության տոնն է, էնպես որ «подводить» չանե՛ք…»,- ասաց «դեմք» հանդիսացող ընկերս երաժիշտներին և նրանց 19-ամյա ղեկավար Սերգեյ Սմբատյանին:
«Не подвели», այն էլ ո՛նց «не подвели»…
…Մոցարտ, Ռավել, Բեթհովեն, կատարման համար բավականին դժվար Սիբելիուս, Քրայսլեր (որոշ «նոր հայեր» չշփոթե՛ն ավտոմեքենայի ապրանքանիշի հետ), այլ մեծանուն կոմպոզիտորների գործեր:
Սակայն ի՞նչ հայկական համերգ առանց հայ կոմպոզիտորների գործերի կատարման:
Սպենդիարյան, Մեծն Կոմիտաս, և, իհարկե՛, Արամ Խաչատրյան, ով կենդանության օրոք հանդես է եկել այս նույն դահլիճում…
«Բռավո՛, բի՛ս»-երը անպակաս էին հանդիսականների կողմից, որոնց մեծ մասը, ի դեպ, կազմում էին ոչ-հայերը, ներառյալ ռուսաստանյան հայտնի մշակութաբան և պետական-հասարակական գործիչ Միխայիլ Շվիդկոյին, ով հայերիս մասին ասել է. «Կան ժողովուրդներ, ում կարևորությունը մարդկության համար շատ ավելին մեծ է, քան նրանց թվաքանակը»:
Իսկ երբ կատարվեց «Լեզգինկան» Խաչատրյանի «Գայանե» բալետից, ապա հանդիսականները, ներառյալ Արմեն Ջիգարխանյանը, բառացիորեն պարում էին:
Մյուս օրը ռուսաստանյան թերթերից մեկում կարդացի. «Չնայած որ նվագախումբը ընդամենը վեց ամսական է, դրա երաժիշտները արդեն սովորել են չվախենալ բեմից: Դատելով հիացած հանդիսականներից, Հայաստանի Երիտասարդական նվագախումբը դեռ ո՛չ մեկ անգամ հանդես կգա Մոսկվայում…»:
Դե ի՛նչ, այդպես էլ եղավ…
Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆ