«Ալո, բարի մարդ, բարեւ ձեզ, խնդրում ենք օգնեք 6-ամյա Ալվարդիկին, որը տառապում է քաղցկեղով, ապրում է սոցիալական վատ պայմաններում, չունի գումար, որ բուժվի, մասնագետները նրան խորհուրդ են տալիս գնալ Գերմանիա: Ձեզ անհրաժեշտ է գնել մեր ամսագիրը, որտեղ զետեղված են հրաշալի ու բազմազան, հետաքրքիր հարցազրույցներ, բաղադրատոմսեր, խորհուրդներ…ամսագիրն արժե ընդամենը 600 դրամ, ե՞րբ կցանկանաք, որ առաքենք եւ վաճառքից ստացած գումարը տրամադրենք Ալվարդիկին»:
Այսպես գրեթե ամեն օր մեր բնակարան են զանգահարում տարբեր խմբագրություններից ու խնդրում օգնել սակավարյունությամբ տառապող Անահիտների, տատիկի թոշակի հույսին ապրող փոքրիկ Բագրատիկների, ծնողազուրկ կամ հաշմանդամ երեխաների՝ իրենց առողջապահական, ժամանցային ամսագրերը վաճառելու համար: Թե հասույթի քանի տոկոսն են այդ խմբագրությունները նվիրում երեխաներին, կամ առհասարակ որեւէ հատկացում անո՞ւմ են նրանց՝ հարցի մի կողմն է, որովհետեւ երբ փորձում ես ճշտել այդ երեխաների հասցեները, խնդրում ես տրամադրել որեւէ փաստաթուղթ նրանց հիվանդության մասին, զանգահարողները երդումներից այն կողմ չեն գնում:
Օրերս մեր բնակարան զանգահարեցին ինչ-որ «Հանելուկ» մանկական ամսագրից ու սկսեցին մոտ 15 րոպե համոզել, որ շա՜տ ընտիր մանկական ամսագիր է, հետն էլ մուլտերի սկավառակ են տալիս, արժեքը՝ 999 դրամ: Բացատրեցի, որ երեխայիս ամեն մուլտ չեմ թողնում նայի, զանգող կինն էլ պնդեց, թե միայն սովետական բարի, լավ մուլտեր են ընդգրկել. «Ազիզ ջան, ես էլ նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետ եմ, ձեզ վստահեցնում եմ, որ շատ լավ մուլտեր են, իսկ ամսագիրը՝ զարգացնող, ուսուցանող, ձեր երեխան պարզապես ժամերով կզբաղվի այս ամսագրով՝ հեքիաթներ, երեխայի ունակությունները զարգացնող խաղեր, վարժություններ… մի խոսքով՝ հրաաաշք»:
Կարդացեք նաև
Շատ համոզելուց հետո համաձայնեցի 1 օրինակ գնել, մանավանդ այնպես նկարագրեցին ամսագիրը, կարծեցի հաստափոր գիրք են բերելու: Առաքելուց հետո պարզվեց՝ մի քանի էջանոց փայլուն թղթով տետր էր: Ամսագրում «ներկիր ինքդ» պատկերներ էին, որ երեխան ուզենար էլ՝ չէր կարող ներկել, մատիտն այդ թղթի վրա չի ներկում: Ուսուցանող եւ զարգացնող խաղ ասվածը սա էր՝ առաջարկում են երեխային սենյակից դուրս հանել, գրիչ, մատիտ կամ որեւէ իր պահել ու երեխային կանչել, որ գա գտնի ու «զարգանա»: Իսկ երբ սկավառակը միացրեցի, որ երեխան գոնե սովետական մուլտֆիլմ նայի տեսասկավառակով, պարզվեց՝ դատարկ է, ոչ մի մուլտ էլ չկար: Ամսագրի վրա նշված հեռախոսահամարը չի պատասխանում կամ ինքնապատասխանիչն ասում է, որ նման համար միացված չէ կայանին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հեռախոսով միայն խաբեբաներ են զանգում, ոչ-ոքին մի վստահեք, ուզո՞ւմ եք երեխայի համար դիսկ և ամսագիր գնել, գնացեք գրախանութ, գոնե ինչ-որ խնդիր ծագելու փոխարեն կիմանաք կոնկրետ ում բողոքել…
Նույն բանն ինձ հետ եղավ Փոտրվարին։ Դատարկ CD էր DVD֊ի փոխարեն։ Մի ամբողջ օր զանգահարում էի 2 հեռախոսահամարներով, վերցնում էին ու անջատում։