Երեկ երեկոյան «Անուշ» օպերան տապալած ու բողոքի ցույց անցկացնող օպերայի աշխատակիցներն այսօր շփոթված ու վախեցած էին: Ինչպես տեղեկացրել ենք այսօր կեսօրին նրանք կրկին նախատեսել էին բոյկոտել աշխատանքը եւ բողոքի ցույց անցկացնել: Բայց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի այցը կանխել է նրանց մտադրությունը:
Մեկ ժամից ավելի տեւած քննարկումից հետո օպերայից դուրս եկող աշխատակիցները փախչում էին լրագրողներից: Աշխատակիցներից մեկն էլ` բարիտոն Գեւորգ Հակոբյանը, որը բեմադրություններում գլխավոր դերերով է հանդես գալիս, ներկայացավ հրշեջ, որ խուսափի լրագրողների հարցերից:
«Ամբողջ ազգին դարձրին չարչի, դե արի Հայաստանից մի փախչիր: Ինչ աստղեր կային մեր երկրում, էլ չեն փայլատակում մեր երկնքում: Կործանվեցին արվեստագետները, էլ չեմ շեշտում այլ կետերը»,- ասաց օպերայից դուրս եկող մի աշխատակից:
Մեր հարցին, թե փոխնախարարն ինչ էր ուզում, ինչու էր եկել, ասաց. «Արդեն լավ չեմ լսում, ականջներս փչացան» ու գնաց:
Կարդացեք նաև
Կային աշխատակիցներ, որոնք օպերայի մուտքից փախան վազելով, մյուսները` դեմքերը փակած:
Միայն երկու աշխատակիցներ կցկտուր պատասխան տվեցին փոխնախարարի հետ ունեցած քննարկման մասին:
Մի կին ասաց, որ փոխնախարարը խոստացել է իրենց ցածր աշխատավարձի խնդիրը ներկայացնել նախարար Հասմիկ Պողոսյանին: Հորդորել է ցույցերի դուրս չգալ, մինչեւ հարցը չլուծվի:
Հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ նախարարի հետ նոր հանդիպում կազմակերպելու մասին: Աշխատակցուհին դժվարացավ ասել, թե իրենց ինչքանով են բավարարել փոխնախարարի հավաստիացումները` իրենց բարձրաձայնած խնդիրների լուծման վերաբերյալ:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ