Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայանը`«Անուշի» անձնակազմի բողոքի մասին

Փետրվար 11,2014 16:47

Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս եք վերաբերվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պատճառով «Անուշ» օպերան բոյկոտած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների բողոքին, որոնք երեկ բեմ դուրս գալու փոխարեն դուրս են եկել փողոց՝ միացել «Դեմ եմ» թիմի անդամներին` Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Դերասանները ճիշտ են, այն աշխատավարձը, որ ստանում են` խայտառակություն է: Բողոքի բազմաթիվ ձեւեր կան եւ օպերայի անձնակազմն էլ կիրառել է այդ ձեւերից մեկը ու դա լրիվ իրենց սահմանադրական իրավունքն է»:

Մյուս հարցին էլ` դուք ողջունում ե՞ք նրանց քայլը, Ռուբեն Բաբայանը ասաց.

«Չեմ կարող ողջունել, որովհետեւ ողջունելու պարագայում ես էլ պիտի նույն բանն անեմ: Իսկ մեր թատրոնում մենք չենք կարող նույն կերպ վարվել, քանի որ գործ ունենք երեխաների հետ, իսկ նրանց չենք կարող բացատրել, թե գիտեք ինչ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պատճառով ներկայացում չի լինի եւ այլն: Եվ քանի որ, ես ինքս չեմ կարող նման բան անել, իմ կողմից ուրիշի արածը ողջունելն ու դրան չմիանալը կլինի անբարոյական»:

Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ`եթե վստահություն լիներ, այս մեծ աղմուկը չէր լինի, ինչպես նաեւ, չէր լինի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, մարդիկ ինքնակամ կգնային, վճարումներ անելու. «Մենք վստահության պակաս ունենք: Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը կիսատ-պռատ է, անհեթեթ եւ անհասկանալի ու եթե այն նորմալ, լիակատար որոշում լիներ, իր հետեւից բերեր որոշակի գործողություններ, մնացած պետական կառույցների` հարկայինի, Կենտրոնական բանկի, որը չի արվել ու լրիվ հակառակը` տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, հիմար վիճակի մեջ է դնում, որովհետեւ կատարելով ինչ որ մի կետ, միաժամանակ խախտում ես մի տասը կետ: Խայտառակություն է: Սա ցույց է տալիս, որ մեր պետական համակարգը համակարգված չի գործում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728