Այս տարի գարնանը ավագ դպրոցները կունենան առաջին շրջանավարտները: 2010թ. գործարկված այս դպրոցները, թեպետ ստեղծված են հոսքային ուսուցման հենքով՝ նպատակ ունենալով բարձրացնել կրթության որակը, սակայն փորձագետների կարծիքով այն չի բարձրանում, իսկ բուհ ընդունվելու համար բոլոր աշակերտները անխտիր պարապում են կրկնուսույցների մոտ:
Դիլիջանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Պետրոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ 11-րդ դասարանից սկսած բոլոր աշակերտները պարապում են մեկ կամ երկու առարկա, իսկ ավարտական դասարանում պարապում են երեք առարկա:
«Ես ավագ դպրոցում լինեի, թե ոչ՝ միևնույն է, նույն ինտենսիվությամբ պարապելու էի»,- ասում է նա:
2006թ. Կրթության նախարարությունը ձեռնարկեց հանրակրթական բարեփոխումներ անելու ծրագիրը, համաձայն որի նախկին տասնամյա կրթական համակարգը փոխարինվեց 12-ամյայի:
Կարդացեք նաև
Կրթության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ 12-ամյա կրթության անցնելու հիմնական պատճառաբանությունը միջազգային չափանիշներին համապատասխանությունն էր:
«Ամբողջ աշխարհում հանրակրթությունն այժմ իրականացվում է 11-13 տարիների ընթացքում և ընդամենը 10-15 տոկոս երկրներ կան, որոնց կրթությունը տասնամյա է,- ասում է նա,- այդ անհամապատասխանությունը վատ էր անդրադառնում մեր աշակերտների վրա, որոնք այլ երկիր գնալուց ստիպված էին լինելում իրենց գիտելիքին ոչ համապատասխան դասարան հաճախել: Նույն խնդիրն առաջանում էր նաև միջազգային օլիմպիադաների հարցում»:
12-ամյա կրթության անցնելու ամենահիմնավոր պատճառաբանություններից մեկն էլ նոր առարկաների համար «տարածքի» բացումն ու ծրագրերի բեռնաթափումն էր:
Այս բարեփոխումների ամբողջական փաթեթը ենթադրում է եռաստիճան հանրակրթական ուսուցում. տարրական, հիմնական և ավագ դպրոց: Բացի կրթության որակի բարձրացումը՝ ավագ դպրոցի գլխավոր նպատակներից է օգնել, որպեսզի աշակերտը՝ հիմնվելով սեփական նախասիրությունների վրա, կարողանա ճիշտ ընտրություն կատարել մասնագիտության հարցում:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը «Մեդիալաբին» ասում է, որ այս ռազմավարական ծրագիրը եթե իրականացվեր այնպես, ինչպես գրված էր, ապա մենք այսօր այլ տեղում կլինեինք:
«Բայց իրենք ուղղակի գրեցին այդ ռազմավարությունն ու դրեցին մի կողմ,- մեկնաբանում է նա,- իսկ խնդիրը կրթության որակի կազմակերպման մեջ է, որով այսօր, կարելի է ասել ոչ ոք չի զբաղվում. եթե շենքի հիմքը ծուռ ես դնում՝ որակ չես կարող ստանալ»:
Համաձայն «Բաց հասարակություն հիմնադրամներ» ՀԿ 2012թ. արած «Դպրոցական Կրթության հասանելիությունը Հայաստանում» ուսումնասիրության. «Գոյություն ունի անհամապատասխանություն իրականացվող բարեփոխումների պահանջների և դպրոցներում ներկա պայմանների միջև: Նոր մեթոդների կիրառումը պահանջում է համապատասխան պայմանների առկայությունը դպրոցներում»:
Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը «Մեդիալաբին» ասում է, որ ավագ դպրոցների կայացման համար պետք են ենթակառուցվածքների փոփոխություն և միայն շենքերի վերանորոգումը բավարար չէ:
«Ընդհանրապես շենքերը պետք է փոխել ու ստեղծել մոբիլ միջավայր, քանի որ սովետական տիպի կառուցված դպրոցում չես կարող 18 տարեկան երեխայի պահել»,- ասում է նա:
Հայաստանի 1396 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից միայն 110-են ավագ դպրոց, որից 41-ը գտնվում են Երևանում: Քանի որ ավագ դպրոցների ստեղծման մեկ այլ նպատակը հզոր նյութատեխնիկական բազա ու հարուստ լաբորատորիաների ստեղծումն է, Հովհաննիսյանը փոխանցում է, որ դա հնարավոր չէր ապահովել բոլոր դպրոցների համար:
«Իսկ դպրոցների ընտրությունը կատարել ենք մարզպետների առաջարկի հիման վրա՝ նկատի ունենալով դպրոցի շենքային պայմանները, մանկավարժական կազմի պատրաստվածության մակարդակը և այլ գործոններ»,- ասում է նա:
Խաչատրյանն ասում է, որ ավագ դպրոցների գաղափարը լավն է, սակայն այն հարուստ երկրների համար է և անհրաժեշտ են մեծ ներդրումներ, որը Հայաստանը ի վիճակի չէ անել:
«Առաջին տարիներին նույնիսկ չէին կարողանում բյուջեն իրականացնել, իսկ նոր ռեֆորմը պետք է անել հիմնվելով պետության բյուջեի վրա,- մեկնաբանում է նա,- ուղղակի ստացվում է, որ մենք դրսից մոդելներ ենք բերում ու պրոյեկտում մեր իրականության վրա, մինչդեռ որոշ դեպքերում, իսկ սա այդ դեպքն է՝ պետք էր ունենալ մեր սեփականը»:
ՀՀ կրթության և գիտության նախարարության բյուջեն 2014 թ. համար 128 մլրդ 27 մլն դրամ է, որը կազմում է ՀՀ բյուջեի 9.5 տոկոսը: Այս գումարից 15 մլրդ 350 մլն դրամ մոտ նախատեսված է հանրակրթական հաստատությունների համար վերանորոգման ու հիմնանորոգման համար:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում