Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքին միացած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների բողոքին, որոնք երեկ տապալել են «Անուշ» օպերան, բոյկոտել, ապա դուրս եկել օպերայի բակ ու միացել «Դեմ եմ» թիմի անդամներին:
Լեւոն Թոքմաջյանն ասաց, որ ինքը ողջունում է «Անուշի» անձնակազմի այդ քայլը. «Սա լավ քայլ է, հայրենասիրական: Ժամանակին, երբ ես քանդակեցի Մարտիրոս Սարյանի քանդակը, ամենաբարձր գինը տվեցին, որպես բարձրակարգ արվեստի գործ ու ես այդ գումարը տարա գցեցի խնայդրամարկղ, մտածելով՝ թող մնա չծախսեմ, որպես նշանավոր: Ու առ այսօր այդ փողը կորավ: Ես հիմա ումից այն ուզեմ: Բա դա ինձ համար հերիք չէ, որ ես մտածեմ, որ այդ ամենը սուտ բան է: Քառասուն տարի հետո այս խեղճ ջահելությունն այդ փողն ումի՞ց ուզի: Ես դեմ եմ: Էս պետությունը, ղեկավարությունը չի մտածում, չէ որ սա իրենց ժողովուրդն է, պետք է սիրել սեփական ժողովրդին: Ես վրդովված եմ այդ ամենից եւ օպերայի անձնակազմը շատ ճիշտ է վարվել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ