«Խորհրդային կարգերի փլուզումից հետո՝ համաշխարհայնացման այս երևույթի ներքո, օտարամուտ տոներ մուտք գործեցին մեր երկիր, մարդիկ սկսեցին տոնել սուրբ Վալենտինը, Հելոուինը»,- «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Ըստ նրա՝ Վալենտինի տոնը մի արհեստական տոն է, որը փորձում են արմատավորել. որոշ շրջանակներ ունեն իրենց բիզնես-կոմերցիոն շահերը, փորձում են մարդկանց հաղորդակից դարձնել արևմտյան մշակույթին: «Համոզված եմ՝ եթե դուրս գաք փողոց և հարցնեք՝ ով է Վալենտինը, ոչ ոք չի իմանա: Ընդհանրապես, Վալենտին անունով երեք սրբեր են եղել, սակայն ավանդազրույցները այնքան խառն են, որ դժվար է ասել, թե որ սրբի հետ է կապվում սիրո հետ կապված այդ պատմությունը: Տոնի հիմքը շատ խարխուլ է»,- ասաց Հայր սուրբը:
Կարդացեք նաև
Այնուհետև անդրադարձավ Ս. Սարգսի տոնին, որը խորհրդանշում է անմնացորդ սեր: Այն այս տարի նշվելու է փետրվարի 15-ին: «Մեր այս տոնն ավելի խորն է և իմաստ ունի: Անհասկանալի է որոշ մարդկանց խանդավառությունը, որ ամեն կերպ փորձում են օտար տոներ ներմուծել մեր հասարակություն»,- ասաց Հայր սուրբը:
Իսկ ինչ վերաբերում է աղի բլիթ ուտելու և ալյուրով աման դրսում դնելու սովորություններին, Հայր սուրբն ասաց, որ դրանք կապ չունեն եկեղեցու հետ: «Հայ առաքելական եկեղեցին ազգային է: Եվ ազգային ասելով նկատի ունենք, որ եկեղեցու տոները ունեն նաև իրենց ժողովրդական մասը: Աղի բլիթ ուտելու սովորությունն ամենևին կապ չունի եկեղեցական ավանդության հետ: Դա ժողովրդական ավանդություն է, որը դարեր շարունակ մեր մեջ է: Ժողովուրդը իր ծոցից բազմաթիվ ավանդույթներ է ստեղծել՝ հարստացնելով եկեղեցական մասը»,- պարզաբանեց Հայր սուրբը:
Հայր սուրբը նաև հայտնեց իր ուրախությունն այն մասին, որ աստիճանաբար Ս. Սարգսի տոնը սկսում են տոնել: Խանութներում կան նրա նկարներով շոկոլադներ, կազմակերպվում են միջոցառումներ: «Երբ մարդ սիրում է, չպետք է ժլատ լինի: Լավ խոսքեր ասել ու իր սիրելիի օրը տոն դարձնել, կարելի է ամեն օր»,- եզրափակեց Հայր սուրբը:
Վարդուհի ԲԱԼՅԱՆ