2014թ. փետրվարի 8-ին «Հրազդան» հյուրանոցում (Երեւան, Ձորափի 72) տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով, որի օրակարգում մեկ հարց էր՝ «ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անելիքները ՀԱՊ 2013թ. դեկտեմբերի 21-ի հայտարարության լույսի ներքո»։
Համաժողովին ներկա էին ոչ միայն Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների, այլ նաեւ քաղաքական, քաղաքացիական եւ հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում Մաքսային միություն մտնելու իրողությունների պարագայում Եվրամիության հետ Հայաստանի հետագա հարաբերությունների հստակեցումն էր եւ դրանում Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի անելիքները, ընդհուպ՝ Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը (ԱՀ) քաղաքական օրակարգ վերադարձնելը։
Մասնակիցները կարեւորեցին Ասոցացման համաձայնագրի տեքստի հրապարակումը կամ դրա վերաբերյալ, այսպես կոչված, «միֆերի» մեկնաբանությունը, հանրային իրազեկման արշավները եւ Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ շահագրգիռ քաղաքական ու քաղաքացիական տարբեր ուժերի կոնսոլիդացմանն ուղղված խորհրդակցությունների անցկացումը։