Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը մատուցել էր անակնկալ՝ հրապարակելով երկու տարբեր որոշումներ

Փետրվար 11,2014 15:23

Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արտակ Ավդալյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նա մեղադրվում է օգոստոսի 31-ին իր անձնական «Ջիփ գրանտ չերոկի»  մակնիշի ավտոմեքենայով հետիոտն Գոհարիկ Ավալյանին վրաերթի ենթարկելու, անզգուշությամբ նրան մահ պատճառելու համար:

Դատարան չէին ներկայացել երկու վկաները, որոնց դատակոչելու միջնորդությամբ հանդես էր եկել պաշտպան Ռուբեն Բալոյանը: Դատարանը բերման որոշում կայացրեց՝ բերման ենթարկել երկու վկաներին:

Գոհարիկ Ավալյանի իրավահաջորդ Արամ Հակոբյանը դատարանին ներկայացրեց 2 մլն դրամի հայց՝ մահվան ծախսերի հետ կապված:

Դատավոր Մարինե Մելքոնյանը մտել է խորհրդակցական սենյակ, քանի որ Արտակ Ավալյանի պաշտպանները՝ Ռուբեն Բալոյանը եւ Զարուհի Վարդանյանը նախագահող դատավորին ինքնաբացարկ են հայտնել: «Ձեր նախագահությամբ առաջին իսկ դատական նիստի ժամանակ Դուք հայտարարեցիք, որ դատավոր Վազգեն Ռշտունու՝ այլ աշխատանքի տեղափոխվելուց հետո քրեական գործը վարույթ է ընդունվել Ձեր կողմից եւ քանի որ Դուք արդեն իսկ ծանոթացել եք գործի նյութերին, որոշեցիք ոչ թե վերսկսել, այլ շարունակել սույն գործի քննությունը: Մինչդեռ նշված որոշումը ուղղակիորեն հակասում է արդարադատության շահերին եւ խախտում գործի լրիվ եւ բազմակողմանի  քննության սկզբունքը: Այսինքն, Դուք պատրաստվում եք դատավճիռ կայացնել դատավոր Վազգեն Ռշտունու կողմից հետազոտված ապացույցների հիման վրա»,- շարունակեց պաշտպանական կողմը:

Ըստ պաշտպանների,  դատավորը քրեական գործը վարույթ ընդունելու պահից սկսած, իր վրա է վերցնում գործը քննելու եւ այն լուծելու դատարանի լիազորությունները:  Դատավորն իրավունք չունի իր հետեւությունները կառուցել այն ապացույցների վրա, որոնք իր կողմից  դատաքննությամբ չեն հետազոտվել:

Ըստ պաշտպանական կողմի, դատավորի կողմից դատաքննությունը չվերսկսելը ապացուցում է, որ այդ գործով  դատավորի նպատակը  ոչ թե արդարադատություն իրականացնելն է, այլ շտապողականությամբ  վերջնական դատական ակտ կայացնելը:

Պաշտպանական կողմը մեղադրեց դատավորին, որ անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին, նիստի ժամանակ իրենք ներկայացրել են միջնորդություն կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին, մինչդեռ դատարանն ընդհատել է պաշտպանական կողմին՝ իր իսկ նախաձեռնությամբ որոշել նշանակել փորձաքննություն, առաջարկելով      պաշտպաններին շարադրել ընդամենը հարցերը:

Ըստ պաշտպան Ռուբեն Բալոյանի, դատարանը ակնհայտ շտապողականություն է ցուցաբերել, իսկ վերադառնալով խորհրդակցական սենյակից, մատուցել է անակնկալ՝ հրապարակելով երկու տարբեր որոշումներ, այն է՝ կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննությունը մերժելու եւ լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումներ:

Ըստ պաշտպանական կողմի՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու դատարանի միակ շարժառիթը  թաց ասֆալտի պայմաններում վրաերթը կանխելու հնարավորության հարցը որոշելն էր: «Կարծիք է ձեւավորվում, թե Դուք ընդհանրապես չլսեցիք մեր միջնորդությունը կամ չցանկացաք խորհրդակցական սենյակում ծանոթանալ դրա հետ: Իրականում, եթե ծանոթանայիք, ապա կպարզեիք, մոր պաշտպանական կողմը վիճարկում է սկզբնական փորձաքննության հիմքում որպես ելակետային տվյալ դրված վկա Հասմիկ Ավալյանի ցուցմունքը, որն արդեն մեկ անգամ առաջին ատյանի դատարանի կողմից ճանաչվել է ոչ վերաբերելի ապացույց»,- ասաց Ռ. Բալոյանը:

Մեղադրող Արսեն Կոստանյանն անհիմն համարեց ինքնաբացարկի միջնորդությունը, համարեց ենթադրություն՝ դատարանին շտապողականության մեջ մեղադրելը, իսկ տուժողի իրավահաջորդը  հայտնեց, որ իր համար ծանր է կրել այս ամենը որպես իրավահաջորդ, իսկ որպես քաղաքացի էլ՝ միջնորդությունը համարեց սադրանք:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728