Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «Կոմերցիան ամբողջ աշխարհի հերն անիծել է»

Փետրվար 11,2014 15:08

Փետրվարի 11-ին ՍԻՄ «Ազդակ» լրատվական ակումբում ասուլիսի հյուրն էր կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը: Վերջինս «Իրավունք» թերթի կողմից 2013թ-ին կինեմատոգրաֆիայի բնագավառում լավագույն գործիչ է ճանաչվել՝ Հայաստանի Հանրապետությունում հայրենասիրությանը նպաստող մի շարք ֆիլմեր նկարահանելու համար: Զաքարանը ասաց, որ ստացված պատվոգիրը միայն իրենը չէ, այլ՝ ամբողջ ազգինը, քանի որ աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերը աջակցություն են ցուցաբերել ֆիլմերի՝ հատկապես «Անպետքի» նկարահանումների համար: Պրն Զաքարյանը նշեց նաեւ, որ բոլոր ֆիլմերը նկարահանվել են առանց պետական աջակցության:

Պրն Զաքարյանի հետ ասուլիսին ներկա էին նաեւ «Անպետքը» ֆիլմի գլխավոր դերակատար Գեորգի Հովակիմյանը եւ բեմադրող օպերատոր Դավիթ Հարությունյանը: Առաջիկայում թիմի անդամները մեկնելու են Լեհաստան՝ փառատոնի:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք դժվար չէ նման քաղաքական իրավիճակում, երբ ամեն ինչ տանում է դեպի հեղափոխություն՝ ստեղծագործելը, պրն Զաքարյանը պատասխանեց. «Որպես ստեղծագործող, ասեմ, որ երկրի վիճակը համարում եմ կատաստրոֆիկ, բայց դեռ ոչ մի հեղափոխություն լավ բանի չի բերել: Իսկ այս ծանր պահերին ստեղծագործելու համար ասեմ՝ ցավոք սրտի որքան ծանր վիճակում ես, այնքան հեշտ է ստեղծագործել, ասելիքը շատ է ու ասելուց ուզում ես այնպես ասել, որ շրջանցես բոլոր խոչընդոտները, բայց խոսել մեր կինեմատոգրաֆիայում առկա դժվարությունների մասին՝ ուղղակի ամոթ է, որովհետեւ երբ նայում եմ շուրջս՝ այնքան սոված մարդիկ կան, հասկանում եմ, որ խոսելու տեղ չունեմ, ես պրոբլեմ չունեմ, եթե կան այդպիսի մարդիկ, ապա ես իրավունք չունեմ խոսելու: Ի՞նչ ասեմ, որ փող չունեմ կինո նկարելու, ո՞ւմ է պետք այդ ֆիլմը, ես այդ մարդկանց համար եմ դա անում, եթե նա վաղը պետք է սառի ու մահանա եւ չդիտի այն, իմ նկարած ֆիլմն ո՞ւմ է պետք»:

Այն հարցին, թե ինչու պրն Զաքարյանի ֆիլմերը հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում, պրն Զաքարյանը պատասխանեց. «Կոմերցիան ամբողջ աշխարհի հերն անիծել է, թե´ հեռուստատեսությունները, թե´ կինոթատրոնները նայում են իրենց գրպանին: Եթե ֆիլմը գռեհիկ է, ապա հավանականությունը մեծ է, որ բոլորը դրա համար գումար վճարեն, քան այն ֆիլմի համար, որտեղ մտածելու տեղ կա: Ես ոչ-ոքի չեմ արգելել իմ ֆիլմերը ցուցադրել: Ես նկարել եմ ֆիլմերը, բայց ի՞նչ անեմ, խնդրեմ, որ ցույց տան ժողովրդի՞ն: Եթե ցանկություն կհայտնեն ցույց տալու, ես թույլ կտամ»:

Իսկ այն հարցին, թե արդյոք պատրաստվում է ֆիլմերն ուղարկել Կաննի փառատոնին, Զաքարյանը պատասխանեց. «Կաննի շուկան հիմնականում կոմերցիոն ֆիլմերի համար է, իմ ֆիլմերը ոչ կոմերցիոն են: Եթե մեկ օր կոմերցիոն ֆիլմ նկարեմ ու համարեմ այն արժանի, ապա կուղարկեմ Կանն: Նույնիսկ «Անպետքը» ֆիլմը նկարահանելիս, մենք ֆիլմի մոնտաժը դեռ ամբողջովին չավարտած, ֆիլմը տեղադրել ենք համացանցում, մտածել ենք, որ եթե այս ֆիլմը մի կյանք փրկի, եւ գոնե մեկը ինքնասպանության քայլից հետ կկանգնի: Դա արդեն հազար Կանն, Բեռլին, Վարշավա ու Մոսկվայի փառատոններ արժե»:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728