«Արտագաղթը հասարակության անհամաձայնության դրսեւորումներից մեկն է իշխանության քաղաքական որոշմանը»,- այսօր Մամուլի ազգային ակումբում կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը` Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. Խոչընդոտներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ:
Բանախոսը համաձայն չէ, որ հասարակության մոտ ութսուն տոկոսը ձգտում է ՌԴ. «Մարդկանց մոտ վախ կա, որ «ռուսը չլինի թուրքը մեր գլուխը կուտի», ոչ թե ձգտում՝ ՌԴ-ի արժեհամակարգին ինտեգրվելու: Մարդն ազատ կյանքը վեր է դասում ամեն ինչից»:
Վերջին դիտարկմանը չհամաձայնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը. «Մարդը կուշտ կյանքն է վեր դասում: Ես մտավախություն ունեմ, որ անգամ եթե դրախտ մտնենք, այս վիճակում չենք օգտվելու դրախտի քաղցրագույն պտուղներից»:
Տիկին Ալավերդյանն այն կարծիքին է, որ այս վիճակի մեղքն իշխանությանն է, բայց պատասխանատվությունը բոլորինս. «Մեր հասարակության մեջ որակական փոփոխություններ են տեղի ունենում: Խնդիրը մեր մեջ է»: Տիկին Ալավերդյանը նկատում է, որ մենք բոլորի վատն ենք վերցնում:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանը, սակայն, լավատես է եւ վստահ է, որ չի լինելու ոչ «եւ-եւ», ոչ «կամ-կամ»: ՄՄ-ի վախճանի պրոցեսները բանախոսը համարում է Ուկրաինայում ընթացող զարգացումները ու գտնում է, որ Հայաստանին չի մնա այլընտրանք, քան Եվրոպա գնալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ