Արարատի մարզի ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանը պնդում է, որ գյուղատնտեսության նախարարության ցորենի սերմնաբուծության ծրագրով առաջարկած պայմանագիրը ոչինչ է, քանի որ դատարանը մերժել է հայցը: Նա կարծում է, որ դա միայն բիզնես է այն մարդկանց համար, ովքեր տրամադրում են այդ սերմերը, իսկ պետությունը դրանից ոչ մի շահույթ չի ստանում: Այսօր այս մասին ֆերմերն ասաց «Հենարան» ակումբում:
Ռաֆիկ Պողոսյանի ներկայացմամբ` գյուղնախարարությունն իրավունք չուներ ֆերմերներին տրամադրելու սերմացուն, քանի որ այն պետք է 3 տարի փորձարկում անցներ: Ըստ ֆերմերի, անհրաժեշտ էր պարզել, արդյոք ներկրած սերմացուն համապատասխանում է երկրի բնակլիմայական պայմաններին, միայն դրանից հետո, եթե սերմացուն իրեն արդարացներ, կարելի կլիներ տրամադրել գյուղացիներին: «Անգամ իրենց ներկայացուցիչը դատարանում համաձայնել է, որ դա իրենց մեղավորությունն է, էլ ինչպես է, որ իրենք նորից շարունակում են մեզ մեղադրել այդ հարցում»:
Մանրամասն`տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2011 թվականին Ռուսաստանից Հայաստան էր ներկրվել 1150 տոննա ցորենի սերմ, որից 50 տոննան հատկացվել է Լեռնային Ղարաբաղին, իսկ 1100 տոննան՝ բաժանվել Հայաստանի Հանրապետության 255 շահառուներին:
Բոլոր այդ շահառուները պարտավոր էին մեկ տարի հետո 1/2 հարաբերակցությամբ վերադարձնել ցորենի սերմացուն: Ասուլիսին ներկա գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն էլ վստահեցրեց, որ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի հողօգտագործողները ամբողջությամբ հետ են վերադարձրել 1/2 հարաբերակցությամբ, իսկ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Արարատի մարզի ֆերմերները դեռեւս չեն վերադարձրել պահանջված քանակությամբ սերմացուն: Ուստի, ինչպես ասաց պարոն Գալստյանը, բոլոր շահառուներին, ովքեր չեն վերադարձրել ցորենի բերքը, ներկայացվել էին համաձայնագրեր, որում ասվում էր, որ 2013 թվականի ընթացքում՝ անկախ ամեն ինչից, համապատասխան ժամկետում՝ հունիսից մինչեւ հոկտեմբերի վերջ, պարտավոր էին հետ վճարել համապատասխան գումարները:
Իսկ այն ֆերմերները, որոնք վճարումները չէին կատարել, գյուղնախարարության սերմերի գործակալություն ՊՈԱԿ-ը դատարան էր դիմել` ֆերմերներից գումարները ստանալու համար:
Ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանն էլ վստահեցրեց, որ օրերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը կայացրել է ի օգուտ ֆերմերների:
Փոխնախարարն էլ ասաց, որ Արարատի մարզի 7 ֆերմերներից ընդամենը մեկն է կատարել վճարումները, կառավարությունը ընդառաջել է գյուղացիներին` 700 դրամը դարձրել է 420 դրամ, իսկ 1/2 հարաբերակցությամբ ներկայումս գյուղացիները պետք է 1 կգ սերմացուի դիմաց վճարեն 210 դրամ: Եվ որքան էլ ֆերմերն ասուլիսին պնդում էր, թե առաջին ատյանի դատարանը ի օգուտ գյուղացիների է վճիռ կայացրել, փոխնախարարն էլ պնդում էր, որ գյուղացիները պարտավոր են վերադարձնել կամ ցորենի սերմացուն կամ համապատասխան գումարը:
Գյուղնախարարությունը հայցով դիմել է Վերաքննիչ դատարան:
Ասուլիսի ընթացքում բանախոսներն այն աստիճան էին բորբոքվել, որ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում: «Հարբած ես եղել, չես հիշում ինչ ես արել»,-ասաց Ֆերմերներից մեկը` փոխնախարարին: Իսկ փոխնախարարն էլ անընդհատ պնդում էր` թե գյուղացիները ստում են:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ