Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եվրոպական փաթեթ». հերթական շա՞նս Հայաստանին, թե՞ աշխատանքային փաստաթուղթ

Փետրվար 11,2014 14:33

Եվրամիության արտգործնախարարներն առաջիկայում Բրյուսելում պետք է քննարկեն «Եվրոպական փաթեթը»: Նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը` 2013թ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը։

Փաստաթղթի նախագծում խոսք չկա Եվրամիությանն անդամակցելու հնարավորության մասին, սակայն նշվում է, որ «Եվրոպական փաթեթը» պետք է դառնա հանգրվան, որը կառաջարկի ավելին, քան ներկայումս ընդգրկված է Ասոցացման պայմանագրում»:

Հայաստանի մասով առաջարկվում է «բարձրացնել ներկայումս Բրյուսելի և Երևանի հարաբերությունները կարգավորող Գործընկերության և համագործակցության պայմանագրի կարգավիճակը»։

Փաթեթում անդրադարձ կատարելով ՌԴ-ին նշվում է. «Եվրամիության համար անընդունելի է Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ պատժիչ գործելակերպը»։

Aravot.am-ը «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց` սա հերթական շա՞նսն է Հայաստանի համար: Պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Սա հերթական առաջարկն է, հնարավորությունը ՀՀ-ին, որը հազիվ թե օգտագործվի: ՀՀ-ին խանգարում է ՌԴ-ի ճնշմանը ենթարկվելը, քանի որ ՀՀ-ում իշխանության և ընդդիմության մեջ են քաղաքական ուժեր, որոնք քաղաքական և հոգեբանական կախման մեջ են Ռուսաստանից: Մաքսային միություն անվամբ կախաղանի օղակը քցված է ՀՀ պարանոցին»:

«Եվրոպական փաթեթի» քննարկումը պարոն Մեհրաբյանը համարում է հարցի տեխնիկական կողմն ու նշում. «ԵՄ-ն նաև լրջագույն ճշգրտումներ պիտի մտցնի պուտինյան Ռուսաստանի հանդեպ իր քաղաքականության մեջ: Ոչ մի եվրոպական ծրագիր չի կարողանում հաջողել ոչ մի հետխորհրդային երկրում, եթե պուտինյան Ռուսաստանի լկտի միջամտության դեմն առնելու միջոցներ ձեռք չեն առնվում: Ուղղակի Եվրոպայում կա մեթոդաբանական սխալ, ըստ որի` կարելի է կոկորդիլոսին կերակրելով վերածել ձեռնասուն բուսակերի, ինչը այդպես չէ: Կոկորդիլոսին պետք է պահել վանդակում, բայց ոչ թե դնել տան մեջ, որ հետո էլ իրեն ուտի: Ուկրաինան ստիպեց Եվրոպային այդ սրբագրումներն ինչ-որ չափով կատարել»:

Պարոն Մեհրաբյանը կարծում է, եթե Եվրոպան նման քայլեր չի ձեռնարկում, ապա «պետք է Բալթիկ ծովից մինչև Սև ծով Եվրամիության սահմանին չինական պարիսպ կառուցի: Իսկ թե ինչ կտա «Եվրոպական փաթեթը» Հայաստանին, պարոն Մեհրաբյանը կարծում է, որ դա կախված է Ուկրաինայում իրավիճակի հանգուցալուծումից և նրանից, թե «որքանով ՀՀ քաղաքացիական հասարակությունը եվրոպական փաթեթը իրենը կհամարի և կստիպի իշխանությանը շարժվել հենց այդ ուղղությամբ»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Եվրոպական փաթեթը» ոչ թե նոր շանս է համարում, այլ աշխատանքային փաստաթուղթ ու նշում. «Նման փաստաթղթի անհրաժեշտություն կա: Ապագա քաղաքականությունը հստակեցնելու անհրաժեշտություն կար, որի մասին ասում էին փորձագետներն ու եվրապաշտոնյաները: Իմ կարծիքով` պետք չէ նման գնահատական տալ, թե սա շանս է: Սա ընդամենը աշխատանքային փաստաթուղթ է. վերջին հաշվով Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացման որևէ խոչընդոտ այս պահին ՀՀ-ի համար չկա: Ասոցացման համաձայնագիրը Արևելյան գործընկերության մի բաղկացուցիչն է, մնացած բոլոր առումներով ՀՀ-ԵՄ հարաբերություններում դրական ձեքբերումներ կան, կա գործընթացը շարունակելու երկուստեք ցանկություն: Մաքսային միությունը այս ամենի համար չի կարող լինել խոչընդոտ: Չեմ կարծում, որ Մաքսային միության անդամակցումը պետք է խոչընդոտի ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանը, մաքսային նոր կանոնները երբեք խոչընդոտ չեն եղել ՌԴ-Եվրոպա տնտեսական կապերի զարգացման համար, չեն կարող խոչընդոտ լինել նաև ՀՀ-ի համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728