Այսօր՝ փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ խոսելով նշված թուրքական լրատվամիջոցի այն հրապարակման մասին, ըստ որի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հանդիմանել է Թուրքիային, թե պիտի վերանայեն իրենց մոտեցումը Հայաստանի հետ կապված, բացեն սահմանը եւ ընդունեն պատմական սխալը:
«Երբ Էրդողանը Գերմանիայում էր, թուրքական մամուլը բավական լայնընդգրկուն լուսաբանում էր նրա այցը, այցի սկզբից մինչեւ ավարտ, – ասում է թուրքագետը եւ ավելացնում,-մի որոշ ժամանակ անց պարզվում է, որ «Հուրիեթը» սեփական աղբյուրների ունեցած տեղեկություններով հրապարակում է Մերկել- Էրդողան այդ զրույցը, թե ինչ ֆորմատով է կայացել այդ զրույցը, հայտնի չէ՝ մամուլի ասուլիսի՞ ժամանակ, երկկողմ զրույցի՞ ժամանակ»:
Պարոն Հովսեփյանը նշում է, որ եթե մենք ընդունենք, որ Մերկել-Էրդողան զրույցի ժամանակ շրջանառվել է այն, ինչ գիտենք ու դրան զուգակցենք Օլանդի այցը Թուրքիա եւ նրա ցեղասպանության հետ կապված հայտարարությունը, ապա կնկատենք, որ սրանք միտումներ են, որ որոշակիորեն առնչվում են 2015 թվականին: «Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցեղասպանության հարյուրամյա տարելիցը ուղղակիորեն զուգորդվում է նաեւ Առաջին աշխարհամարտի տարելիցի հետ եւ Եվրոպան ուղղակիորեն առնչվել է դրա հետ, ավելի մեծ հնչեղություն է ստանում»,- ասում է նա:
Եվրոպական առաջին դեմքերի նման հայտարարությունները, ըստ թուրքագետի, ընդհանուր միտում ունեն, դրանք Եվրոպայի կարծիքն ու դիրքորոշումն են Թուրքիայի մասին: Թուրքիայի վերջին շրջանի զարգացումները՝ ներքաղաքական եւ ինչո՞ւ չէ նաեւ արտաքին կյանքը, Էրդողանի ավտորիտար անընդհատ ահագնացող բնույթը, Եվրոպայի համար որոշակի խնդիրներ են առաջացնում:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, թե Մերկելի եւ Օլանդի հայտարարությունները արդյոք չեն նշանակում, որ Եվրոպան չի ցանկանում ընդունել իր կազմում «ցեղասպան Թուրքիային», թուրքագետ Լեւոն Հովսեփյանը պատասխանեց. «Եթե այստեղ մենք հարցադրում անում ենք այդ ուղղությամբ, ես կարծում եմ, որ Եվրոպայի կողմից, Եվրոպան մենք դիտարկենք հավաքական առումով, գոնե Եվրամիության ֆորմատով, եթե Եվրոպան ցանկանում է հստակ, մարդկության դեմ այդ չարիքը կանխելու եւ հետագայում թույլ չտալու համար հստակ գործողությունների դիմել, ապա կարծում եմ՝ բացի կոնկրետ երկրների մասով, ինչպես օրինակ՝ Շվեյցարիան կամ Ֆրանսիան, որ քաղաքականություն կար ժխտողականությունը քաղաքականացնելու, սա պետք է առավելապես դառնա Եվրամիության օրենսդրության բաղկացուցիչ մասը եւ սա պետք է կարգավորվի հենց Եվրամիության ֆորմատով՝ ընդհանուր: Միայն նման քայլից հետո կարելի է խոսել Եվրոպայի միասնական դիրքորոշման մասին»:
Պարոն Հովսեփյանը նաեւ նշեց, որ որքան 2015-ին մոտենանք, այնքան որոշակի գործընթացներ կսկսեն, ինչպես Թուրքիայի կողմից, այնպես էլ միջազգային հանրության, թե ինչ միտումներ կլինեն, ինչպիսի զարգացումներ, դժվար է ասել, բայց գործընթացների մենք ականատես կլինենք:
Եվ պետք է ակնկալել, որ յուրաքանչյուր պետություն հանդես է գալու իր շահերից, բայց պետք է հուսալ, որ դրանք կհամընկնեն նաեւ խնդրի իրատեսական լուծման եւ մեր ակնկալածի հետ:
«Օրինակ՝ Ասադի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր, սակայն կարծում եմ, որ ցանկացած նման հայտարարությունից հետո, երբ պետության ղեկավարները նման հայտարարություններ են անում, դրան պետք է հետեւեն հստակ, կոնկրետ գործողություններ, տվյալ պարագայում դա դառնում է քաղաքական հայտարարություն, որը խոսում է տվյալ պետության քաղաքական շահերից»,- ասաց Լեւոն Հովսեփյանը:
Թուրքագետը հավատացրեց, որ թեկուզեւ քարոզչական եւ լոբբիստական պայքարում Թուրքիան մեծ ռեսուրսներ է ծախսում, սակայն հայկական սփյուռքն էլ մեծ դեր է խաղում, եւ հայկական կողմի համար հաջողությունները բացառված չեն:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ