Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Ռուսաստանը խստացրել միգրացիոն օրենսդրությունը

Փետրվար 11,2014 14:28

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում խնդիրը քննարկում են «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը եւ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը:

Արամ Աբրահամյան.- Եթե հիշում եք, 1980թ. Օլիմպիադայի ժամանակ Մոսկվայից 101 կիլոմետր շառավղով կասկածելի մարդկանց հեռացնում էին, որպեսզի օլիմպիական խաղերն անցնեն առանց միջադեպերի: Կարո՞ղ է՝ Ռուսաստանում միգրացիոն օրենքների խստացումը դրա հետ է կապված՝ որ ավելի անվտանգ վիճակ լինի: Մեր՝ հայաստանցի արտագնա աշխատողներից շատերը ասում են՝ Օլիմպիադան վերջանա, խստացումները կանցնեն:

Վարուժան Հոկտանյան.- Ես այդպիսի տեղեկություններ չունեմ, գոնե պաշտոնապես այդպես չի, բայց ես լսել եմ, որ այն չվերթների ժամանակ, որոնք այլ երկրներից իրականացնում են դեպի Ռուսաստան եւ մասնավորապես՝ դեպի Սոչի, մանրակրկիտ զննվում են ուղեբեռները, եւ եթե առաջ որոշակի ծավալի տարողության հեղուկներ, փոքր մկրատներ թույլատրվում էին, հիմա դրանք էլ պետք է լինեն ուղեբեռում, ոչ թե ձեռքի բեռում: Ինչ վերաբերում է հարցին՝ հետագայում խստացումներ կլինեն, թե ոչ, ամենայն հավանականությամբ՝ ոչ: Եթե չհաշվենք միգրացիոն օրենսդրության խստացումները, որը, իհարկե, կապված չէ Օլիմպիադայի հետ, այլ շարժառիթներ, դրդապատճառներ կան, եթե դա մի կողմ թողնենք, ապա այլ տիպի խստացումներ, մասնավորապես նրանք, ովքեր տրանզիտ կամ կարճաժամկետ գործուղումների են գնում Ռուսաստան, դժվար թե խոչընդոտների հանդիպեն:

Ա. Ա.– Իսկ որո՞նք են միգրացիոն օրենսդրության խստացման պատճառները:
Ստեփան Դանիելյան.- Իմ կարծիքով՝ եթե զուտ տրամաբանորեն նայենք իրավիճակին, ապա տեռորիզմի սպառնալիքները գալիս են առաջին հերթին Հյուսիսային Կովկասից, Ռուսաստանում բնակվող մահմեդականներից: Հյուսիսային Կովկասում ապրում են հենց իրենց քաղաքացիները, այդ առումով ես չեմ կարծում, որ Հայաստանը կամ Վրաստանը, կամ նույնիսկ Ադրբեջանը, Տաջիկստանը այդքան վտանգ են ներկայացնում, որքան հայտնի կենտրոնները Չեչնիայում կամ Դաղստանում: Իմ կարծիքով՝ ընդհանրապես նման օրենսդրություն Ռուսաստանում վաղուց էր հասունացել, դրա մասին խոսակցություններ գնում էին, այլ հարց, որ Օլիմպիադայի հետ կապված գուցե արագացրել են: Եթե մենք նայում ենք, թե Եվրոպայում ինչ է կատարվում, ապա տեսնում ենք, որ նաեւ եվրոպական երկրներում է այդ խստացումը գնում: Նույն Շվեյցարիայում տեղի ունեցավ հանրաքվե, եւ խստացվեցին միգրացիոն օրենքները, դա վերաբերում էր նույնիսկ Եվրոպական միությունից եկող միգրանտներին:

Ա. Ա.- Մեր պաշտոնյաները ասում են, որ մենք արդեն դիմել ենք կամ կդիմենք ռուսաստանյան պաշտոնյաներին, որպեսզի մեզ համար՝ որպես ռազմավարական գործընկերոջ, բացառություններ եւ վերապահումներ անեն, մեզ լավ նայեն: Հնարավո՞ր է դա արդյոք:

Վ. Հ.– Երեւի հնարավոր լինի, բայց այստեղ խնդիրն այլ է. նախ՝ անդրադառնամ այդ դրդապատճառներին: Ինձ թվում է՝ այստեղ առաջին հերթին տնտեսական դրդապատճառներ են: Այսինքն՝ հնարավորին չափ դժվարացնել այդ միգրանտների հոսքը: Քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակը դեպի վատն է գնում, սրա հետ կապված՝ կարծես թե ուզում են միջոցներ ձեռնարկել ու այդ համատեքստում այնպես անել, որ հնարավորինս քիչ միգրանտ լինի: Այստեղ, իհարկե, ես տեսնում եմ քաղաքական բաղադրիչը՝ այն իմաստով, որ կարծես թե ուզում են ուժեղացնել այդ կախվածությունը, որ մեր եւ մնացած պաշտոնյաները խնդրեն, նրանք էլ պայման դնեն: Նաեւ քաղաքական բաղադրիչն եմ տեսնում նույն ուկրաինացի, վրացի, մոլդովացի միգրանտների հարցում:

Ա. Ա.- Արդյոք Ռուսաստանը դեմոգրաֆիական խնդիր չունի՞ եւ արդյոք կարիք չունի՞ աշխատողների, այսինքն՝ ամբողջ աշխատատեղերը, փողոցներն ավլողները, բեռնակիրները ռուսնե՞րն են աշխատելու:

Ս. Դ.- Ռուսաստանում, ըստ որոշ տվյալների, 10 միլիոնից ավելի անօրինական միգրանտներ կան, եւ նաեւ կան բազմաթիվ օրինական միգրանտներ: Փողոցներ մաքրողներ միշտ կգտնվեն, առավել եւս, որ տնտեսության որոշակի նվազում է արձանագրվում: Ինձ թվում է՝ այստեղ քաղաքական խնդիրը ավելի դոմինանտ է, եւ իրոք այդ ճնշման մեխանիզմը գոյություն ունի նաեւ Ուկրաինայի, Բելառուսի եւ մյուս երկրների վրա:

Ա. Ա.– Կարո՞ղ են որոշակի բացառություններ, որոշակի վերապահումներ արվել տարբեր բարեկամ եւ ոչ այնքան բարեկամ պետությունների նկատմամբ:

Ս. Դ.- Մենք գիտենք, որ Ռուսաստանը այնքան էլ օրինական երկիր չէ, նույն այդ միգրանտների հետ կապված՝ կա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրությունը, որին միացել է նաեւ Ռուսաստանը, որտեղ կոլեկտիվ արտաքսումներն արգելվում են: Բայց մենք տեսնում ենք արդեն բավականին երկար ժամանակ` ինքնաթիռներ են նստեցնում, գնացքներ են նստեցնում, եւ այդ արտաքսումը տեղի է ունենում: Մենք հիշում ենք` 2008-ին Վրաստանի հետ պատերազմի ժամանակ Ռուսաստանում վրացիների նկատմամբ ինչ նեգատիվ վերաբերմունք եղավ, նույնիսկ դպրոցներ էին մտնում, վրացի աշակերտներին որոշակի ճնշումների ենթարկում: Մի խոսքով՝ տարբերակված մոտեցումներ՝ ոչ օրինական ձեւով, կարող են լինել:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Քննարկումն ամբողջությամբ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728