Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է վերականգնել ու վերաիմաստավորել պայքարի՝ 88-89թթ. հղկված ու փորձարկված մի շարք մեթոդներ

Փետրվար 11,2014 14:16

Ըստ վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանի՝ ՀՀ-ն, 25 տարի միջազգային քաղաքականության անապատում դեգերելով, հայտնվել է այն նույն կետում, որտեղից մեկնել էր 88-ին:

– Պարոն Խարազյան, Ուկրաինայում Մայդանի զարգացումներից հետո ընթացող իրադարձությունները ո՞ւր են տանում, իշխանություն-ընդդիմություն համագործակցությունը արդյունավե՞տ տարբերակ էր լարվածության հանդարտեցման եւ խնդիրների կարգավորման հարցում:

– Ուկրաինայում, ըստ իս, լուծվում է ինքնորոշման խնդիր, այլ ոչ թե կողմնորոշման։ Սա է նաեւ Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում գերակշռող մոտեցումը, եւ այն բազմիցս հրապարակավ արտահայտվել է Արեւմուտքից հնչող տարբեր ֆորմատի հայտարարություններում։ Մասնավորապես, ամերիկյան դիրքորոշումն այս կապակցությամբ վերջին անգամ արտահայտվել է պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նյուլանդի՝ փետրվարի 7-ին Կիեւում ունեցած մամլո ասուլիսին, որի ամբողջական հաղորդագրությունը պետքարտուղարության կայքում է։ Ուշագրավ է Նուլանդի պատասխանն այն հարցին, թե արդյոք Արեւմուտքն Ուկրաինային կառաջարկի՞ Մարշալի պլան։ Ըստ ամերիկյան պաշտոնյայի՝ ԱՄՆ-ը պատրաստ է համարժեք օգնություն տալ այն Ուկրաինային, որն արագ առաջընթաց կունենա մարդու իրավունքների եւ արժանապատվության ապահովման, լարվածության թուլացման, քաղաքական բարեփոխումների, ազգային տեխնոկրատ կառավարության եւ միջազգային տնտեսական կառույցների հետ աշխատանքի ասպարեզում, սակայն ոչ ԱՄՆ-ում եւ ոչ Եվրոպայում ոչ ոք չի օգնի այն Ուկրաինային, որը դիմադրում է բարեփոխումներին։ Արեւմուտքն, այսպիսով, խնդիրը ձեւակերպում է իբրեւ հասարակական հասունության, քաղաքական կամքի, բարեփոխումների անհրաժեշտության եւ դրանց ուղղությամբ վճռական քայլեր անելու կարողության խնդիր։ Ռուսաստանը, մինչդեռ, խնդրին աշխարհաքաղաքական դրամատիզմ է տալիս՝ այդպիսով չօգնելով Ուկրաինայում լարվածության թուլացմանն ու ազգային զարգացման տեսլականի շուրջ համաձայնության ձեւավորմանը։

– Ի՞նչ եք կարծում՝ Ուկրաինայի օրինակը կարո՞ղ է ուղենիշային դառնալ Հայաստանի քաղաքական օրակարգի համար, թե՞ մենք կորցրել ենք այդ պահը, մանավանդ հիմա, երբ Հայաստանը գնում է դեպի Մաքսային միության անդամակցություն, նման օրակարգի ձեւավորումը Հայաստանում պատկերացնելը ավելի ու ավելի աներեւակայելի չի՞ դառնում:

– Այդ հարցին կցանկանայի ավելի լավատեսական պատասխան տալ, սակայն դժվարանում եմ։ Հայաստանը չափից ավելի ծանր բեռ է ստանձնել Ռուսաստանի հետ իր հարաբերություններում, եւ թվում է՝ երկրի ղեկավարությունն արդեն հաշտվել է թե՛ իր եւ թե՛ երկրի համար իր նախագծած ճակատագրի հետ։ Ցավով եմ նշում, որ Մաքսային Միությանն ու դրան ենթադրաբար իրավահաջորդող այլ կազմակերպություններին Հայաստանի անդամակցությունն այսօր որեւէ ակտիվ դիմադրության չի հանդիպում ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ հիմնական ընդդիմադիր ուժերի շրջանում։ Մոտեցման տարբերությունները, եթե կան այդպիսիք, հիմնականում Ռուսաստանի հետ ինտեգրացման ձեւերի ու մեթոդների մեջ են, սակայն ոչ բովանդակության կամ դրա հետեւանքների։ Հայաստանի քաղաքականությունն այսօր խիստ անտրամաբանական է եւ աննպատակ՝ ռացիոնալացման պարզապես չի ենթարկվում։

– Արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ Ուկրաինայում տեղի ունեցողը ռուս-ուկրաինական դիմակայություն է, համամի՞տ եք: Ի՞նչ խնդիր է լուծում Ռուսաստանը Ուկրաինայով, եւ ուկրաինական օրինակը հետխորհրդային այն երկրների համար, որոնք ձգտում են դուրս գալ ռուսական ազդեցությունից, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:

– Ռուսաստանն ինքն է դրան ռուս-ուկրաինական դիմակայության բնույթ տալիս։ Ես դրան համաձայն չեմ։ Ինչպես նշել եմ վերեւում, Ուկրաինայում ինքնորոշման խնդիր է լուծվում, որին փորձում են աշխարհաքաղաքական բնույթ տալ՝ սեփական միջամտությունն արդարացնելու համար։ Ուկրաինական օրինակը հետխորհրդային երկրներին ցույց է տալիս, որ ազատության համար պայքարել է պետք, ոչ թե խոնարհվել։ Անկախության 25-ամյա ուղի անցած հասարակությունները պարզապես պարտավոր են հաղթահարել խորհրդային կարոտախտն ու մնացած բարդույթները եւ մեկընդմիշտ վերջ տալ ապագայի փոխարեն անցյալով ապրելու զարմանալի համառությանը։ Կարծում եմ նաեւ, որ անհրաժեշտ է վերականգնել ու վերաիմաստավորել պայքարի՝ 88-89 թվականներին հղկված ու փորձարկված մի շարք մեթոդներ, հատկապես այլ հետխորհրդային երկրներում ժողովրդավարական շարժումների հետ կապերի զարգացման, փորձի փոխանակման ու աշխատանքային համակարգման առումով։ Ցավալի է, որ այս խնդիրները կրկին արդիական են դարձել, սակայն իրականությունն այն է, որ հետխորհրդային շատ երկրներ եւ հատկապես Հայաստանը, 25 տարի միջազգային քաղաքականության անապատում դեգերելով, կարծես հայտնվել են ճիշտ այն նույն կետում, որտեղից մեկնել էին 88-ին։ Տարբերությունը Հայաստանի պարագայում երկրի առջեւ ամենասուր կերպով ծառացած ժողովրդագրական աղետն է եւ համատարած հուսալքությունը, մինչդեռ 88-ին մեր երկիրն այդ խնդիրները չուներ։

– ԵՄ-ՌԴ հարաբերությունները ճգնաժամային են որակվում, ուկրաինական զարգացումները ցույց տվեցին, որ Արեւմուտքը առավելապես հետ էր քաշվում. ինչո՞ւ, ՌԴ-ի հետ մրցակցությա՞նը չեն դիմանում, թե՞ այսպես ասած՝ գլուխ չեն ցանկանում դնել պուտինյան Ռուսաստանի հետ:

– Այդ հարցին մասամբ անդրադարձել եմ վերեւում։ Արեւմուտքն Ուկրաինան չի ցանկանում տեսնել Ռուսաստանի հետ առճակատման կոնտեքստում՝ այդ մղումը Ռուսաստանից է գալիս։ Արեւմուտքի համար խնդիրն ուկրաինական հասարակության հասունության եւ սեփական ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու վճռականության մեջ է, ինչպես նաեւ Ուկրաինայի առաջատար ուժերի եւ նրանց առաջնորդների որակական հատկանիշների եւ քաղաքական հմտության։ Եթե Ուկրաինան իր քայլերը պլանավորի՝ ելնելով Արեւմուտքի կամ Ռուսաստանի վարքագծից կամ դրա ակնկալիքից, առավել՝ ածանցելով իր անելիքը դրանցից, ապա որեւէ հանձնառություն Արեւմուտքից ակնկալել չարժե։ Մյուս կողմից՝ եթե ուկրաինական հասարակությունը կարողանա պահպանել ու ամրապնդել Մայդանի ձեռքբերումները, ինքնակազմակերպվել եւ համախմբվել կարող, առաջատար ուժերի եւ գործիչների շուրջը եւ ներկայացնել երկրի առաջընթացի այնպիսի տեսլական, որն ուկրաինական ժողովրդին կմոտեցներ արդիական հասարակության ստանդարտներին, արժեքներին ու երազանքներին, այլ ոչ թե կհեռացներ դրանցից, ապա կարծում եմ, որ Ուկրաինան կդառնա հետխորհրդային մյուս հասարակությունների համար համախմբող նախադեպ՝ եվրաատլանտյան ու եվրասիական քաղաքականության վրա իր հիրավի տրանսֆորմատիվ ազդեցությամբ։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728