Մի քիչ ջուր բերեք, լցնեմ հակաեվրոպականների ջրաղացին: Չէ, մեզ մոտ իրականում, բնականաբար, հակաեվրոպականներ չկան: Մեզ մոտ կան «բայց»-եր: Նկատի ունեմ հանրահայտ, ամեն օր զանազան ամբիոններից եւ ասուլիսներում հնչող բոլորիս լավ ծանոթ արտահայտությունը՝ «Ես, իհարկե, դեմ չեմ, ԲԱՅՑ…»:
Հիմա ես էլ եմ ասում՝ «Եվրոպային բացարձակապես դեմ չեմ, բայց…»: Բայց ախր իրենք՝ եվրոպացիները, որոնք անընդհատ մեզ կոչ են անում համապատասխանեցնել մեր կյանքը եվրոպական չափանիշներին, քաջ գիտակցում են, որ իրենց մոտ ամեն ինչ չէ, որ ենթարկվում է տրամաբանության՝ ընդունված կանոններին:
Բրիտանացի քաղաքական գործիչներից մեկը փաստել է՝ «Եվրոպայում բազմաթիվ անհասկանալի եւ անբացատրելի բաներ կան, որոնք ոչ ոք չի կարող հիմնավորել եւ արդարացնել, բայց եւ ոչ ոք չի էլ կարող փոխել»:
Եվրոանատոմիան կարող էի, իհարկե, սկսել չորրորդ իշխանությունից՝ այդ նույն Բրիտանիայում վերջին տարիներին տպագիր լրատվամիջոցների շուրջ ծավալված սկանդալները դրա առիթը տալիս են, բայց ինչո՞ւ պիտի վերջից սկսեմ, երբ կարելի է սկսել հենց առաջին իշխանությունից՝ Եվրոպայի օրենսդիր մարմնից: Եվրոաբսուրդը հենց Եվրախորհրդարանից է սկսվում:
Կարդացեք նաև
Գիտե՞ք, արդյոք, որ Եվրոպական պառլամենտը ունի ԵՐԵՔ նստավայր: Քարտուղարությունը գտնվում է Լյուքսեմբուրգում: Եվրամիության 28 երկրներից ընտրված պատգամավորներն այնտեղ չեն էլ գնում: Պատկերացնո՞ւմ եք, որ Հայաստանում խորհրդարանականները նիստերն անցկացնեին Երեւանում, իսկ քարտուղարությունը գտնվեր, ասենք, Ապարանում:
Բայց սա եվրոաբսուրդի ընդամենը սկիզբն է՝ ի վերջո մի կերպ կարելի է բացատրել, որ Լյուքսեմբուրգում տարին երեք անգամ՝ ապրիլին, հունիսին եւ հոկտեմբերին նիստեր է անում նաեւ Եվրամիության նախարարների խորհուրդը, եւ ընդհանրապես, եվրոպական տարբեր մարմիններ տարբեր քաղաքներում են գտնվում. Եվրոպական կենտրոնական բանկը՝ Ֆրանկֆուրտում, եվրոպական ոստիկանությունը՝ Եվրապոլը, Հաագայում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ եվրաօմբուդսմենը՝ Ստրասբուրգում, իսկ բազմաթիվ եվրոպական գործակալություններ ընդհանրապես սփռված են Եվրոպայով մեկ:
Խոսքն առայժմ միայն եվրոպական խորհրդարանի մասին է: Կարո՞ղ եք, արդյոք, պատկերացնել, որ խորհրդարանի մշտական նստավայրը գտնվի մի քաղաքում, բայց նիստերն անցկացվեն բոլորովին այլ քաղաքում: Ես պատկերացնում եմ, որովհետեւ դուք, իհարկե, չեք հիշում, բայց մի ժամանակ մեզ մոտ էլ է այդպես եղել: 90-ականների սկզբներին աշխատում էի Հայաստանի խորհրդարանում, որն այն ժամանակ դեռ իներցիայով Գերագույն խորհուրդ էր կոչվում: Ճիշտ է՝ քաղաքից քաղաք չէինք տեղափոխվում, ինչպես եվրոպացիներն են անում, բայց նստում էինք այնտեղ, որտեղ հիմա Հայաստանի նախագահն է նստում՝ Բաղրամյան 26-ում, իսկ լիագումար նիստերն անցկացվում էին Կառավարության շենքում՝ Մելիք-Ադամյանի վրա:
Ամեն անգամ խորհրդարանի նիստերի օրերին հավաքում էինք բոլոր փաստաթղթերը, դարսում դրանք արկղերի մեջ ու տեղափոխվում Կառավարության շենք, հետո՝ նիստերի ավարտին, այդ նույն փաստաթղթերը նորից հավաքում ու բերում էինք Բաղրամյան 26: Այդպես շարունակվեց այնքան, մինչեւ մի օր Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը վերջապես ըմբոստացավ՝ ինչո՞ւ պիտի արդեն պարտված կոմունիստները շարունակեն զբաղեցնել իրենց այդ հոյակերտ մեծ շենքը Բաղրամյան պողոտայում: Կոմունիստներին վերջնագիր ներկայացվեց՝ ազատել իրենց նստավայրը՝ մինչեւ այսինչ օրը, եւ այդ օրվանից Հայոց խորհրդարանը սկսեց գործել այնտեղ, որտեղ մինչեւ հիմա էլ գտնվում է:
Իսկ եվրոպացիները մինչեւ հիմա էլ շարունակում են անել նույնը, ինչ մենք անում էինք 90-ականների սկզբներին: Եվրոպական խորհրդարանը մշտապես գտնվում է Եվրամիության ոչ պաշտոնական մայրաքաղաքում՝ Բրյուսելում: Այնտեղ են նիստեր անում խորհրդարանական հանձնաժողովները եւ քաղաքական խմբակցությունները: Բայց ամիսը մեկ՝ լիագումար նիստերի օրերին, սկսվում է մեծ շարժը դեպի Ստրասբուրգ: Այն էլ ինչպիսի շարժ: Դե մենք երբ ժամանակին հավաքում էինք մեր խորհրդարանի փաստաթղթերը, դրանք ընդամենը մի մեքենայի մեջ էին տեղավորվում: Իսկ Եվրոպայում ամեն ամիս Բրյուսելից Ստրասբուրգ է ուղեւորվում փաստաթղթերով լի 25 բեռնատար:
Հետո ճամփա են ընկնում եվրապատգամավորները: Պատկերացրեք՝ ամեն ամիս 766 պատգամավոր եւ 3 հազար աշխատող նստում են գնացքները, ինքնաթիռներն ու ավտոմեքենաները եւ գնում Ստրասբուրգ, որը գտնվում է Բրյուսելից ավելի քան 400 կիլոմետր հեռավորության վրա: 90-ականներից գործում է երկու հատուկ գնացք, որոնք Բելգիայից մարդկանց հասցնում են Ֆրանսիա:
Բայց սա դեռ ամենը չէ: Բրյուսելից Ստրասբուրգ են տեղափոխվում նաեւ խորհրդարանական «Մերսեդեսներ»-ը: Դե հո խորհրդարանական հանձնաժողովի նախագահը Ստրասբուրգի նիստերի շենքից մինչեւ մոտակա ռեստորանը ոտքով չի՞ գնալու: Ու այս ամենը՝ փաստորեն ընդամենը ԵՐԵՔ օրվա համար, 72 ժամից բոլորը հետ են վերադառնում Բրյուսել: Մոտավորապես պատկերացրեք, որ հայաստանյան բոլոր պատգամավորները քառօրյա նիստերին գնում, հասնում են Վանաձոր, այնտեղ մնում մի քանի օր ու հետ վերադառնում Երեւան: Կարծում եմ, վանաձորցիներին այս գաղափարը շատ էլ դուր կգա: Անցած շաբաթ չորս օր մնացին առանց գազի, լույսի ու ջրի, գոնե վանաձորցի վարչապետը գար տեսներ, թե իր հարազատ քաղաքում ինչ է կատարվում, նա էլ չեկավ: Բա պատկերացնո՞ւմ եք՝ որքան կուրախանան, եթե ամեն ամիս ողջ խորհրդարանը հավաքվի ու գա: Կծաղկի քաղաքը:
Ճիշտ այնպես, ինչպես շնորհիվ այս եվրոպական ամենամսյա խորհրդարանական շարժի ծաղկում է Ստրասբուրգը: Միայն դրա հաշվին քաղաքը տարեկան ստանում է 20 միլիոն դոլարի եկամուտ: Ամենամսյա նստաշրջանների օրերին ստրասբուրգյան հյուրանոցները երկու անգամ բարձրացնում են գները: Էլ չեմ ասում, որ մոտ 100 մարդ կլոր տարի աշխատում է Ստրասբուրգի այն շենքում, որտեղ անցկացվում են նստաշրջանները: Շենքը տարվա մեջ 300 օր ԴԱՏԱՐԿ է, բայց հո պիտի մաքուր պահես ու ջեռուցես:
Բոլորը հասկանում են, որ սա անհեթեթություն է. Բրյուսել-Ստրասբուրգ այս ամսական անիմաստ ուղեւորությունների վրա ամեն տարի ծախսվում է ավելի քան 180 միլիոն եվրո: Ողջ Եվրոպայում մեկ միլիոն ստորագրություն է հավաքվել, մարդիկ հորդորում են՝ վերջ տվեք եվրոաբսուրդին, չէ՞ որ այդ հսկայական փողերը կարող են օգտագործել շատ ավելի արդյունավետ նպատակներով: Բայց Եվրապառլամենտը աշխարհի միակ խորհրդարանն է, որը ինքը չի կարող որոշել իր նստավայրի տեղը: 90-ականների սկզբներին այդպես է որոշվել Եվրոպական համաձայնագրով, եւ հիմա այն կարող է փոխվել միայն բոլոր 28 պետությունների կառավարությունների համաձայնությամբ: Իսկ Ֆրանսիան դեմ է: Երկու պատճառով: Նախ՝ գիտե՞ք, թե ինչ խանդով են վերաբերվում ֆրանսիացիները Եվրոպայում իրենց դերը փոքր-ինչ նվազեցնելու ցանկացած փորձի: Եվ երկրորդ՝ շատ կոնկրետ ֆինանսական օգուտ են ստանում:
Եվ ճիշտ էլ արեցինք, որ ժամանակին կամքի ուժ գտանք ու հետ դարձանք եվրոպական ճանապարհից: Թող ազատվեն նման անհեթեթություններից, հետո կմտածենք: Իսկ առայժմ կարելի է մտածել մեկ այլ ուղղությամբ: Երբ հաջորդ տարի մեր մասնակցությամբ կկազմավորվի Եվրասիական միությունը, հետո էլ երեւի Եվրամիության օրինակով կծագի այդ նոր միության խորհրդարանի գաղափարը: Եվ վատ չէր լինի, որ հենց այսօրվանից սկսեինք շոշափել՝ իսկ արդյո՞ք հնարավոր չէ, որ այդ Եվրասիական պառլամենտը լինի Երեւանում: Իսկ ավելի լավ է՝ Վանաձորում… Ու պետք չէ փոխել վարչապետին՝ թող լոբբիստական աշխատանք տանի հանուն հարազատ քաղաքի…
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ