Հունվարի 31-ին Թբիլիսիում ձերբակալվեց օֆշորային սկանդալի հերոսներից մեկը՝ Աշոտ Սուքիասյանը, սակայն դեռեւս չի լուծվել վերջինիս էքստրադիցիայի ենթարկելու հարցը։ Մինչ նրան կվերադարձնեն Հայաստան, մենք Ազգային ժողովի պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են մտածում իրենք այս հարցի շուրջ։
Նշենք, որ ազգընտիրներից շատերը չցանկացան մեկնաբանություններ տալ։ Կամ տեղյակ չէին, կամ էլ մտածեցին պատգամավոր Գրիգոր Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի նման՝ «Շառից–փորձանքից հեռու»։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս զգուշացավ խոսել «օֆշորային» սկանդալի մասին եւ ասաց. «Ինձ էդպիսի հարցեր մի տվեք»։
Իրեն ընդդիմադիր հռչակած Ալեքսանդր Արզումանյանն էլ չցանկացավ խոսել ամենախոշոր կոռուպցիայի թեմայով: Ավելին, նա սենսացիոն հայտարարություն արեց՝ ասելով. «Դա ինձ շատ քիչ ա հետաքրքրում»։
Կարդացեք նաև
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, անկեղծորեն զարմացավ, որ իրեն նման հարց է ուղղվել. «Այսինքն, ես պարտավոր եմ իմանալ, թե լուսինը ե՞րբ, ո՞ր ժամին, որտեղ ա՞ ըլնելու։ Չգիտեմ։ Ես չեմ կարող պատասխան տալ էդ հարցին»։
Պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ պարզվեց զբաղված է այլ հարցերի շուրջ մտորելով եւ պատասխանելու ժամանակ չունի։ «Մտածում եմ, մի խանգարեք», հայտարարեց նա։
Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ խոսեց համանուն ֆիլմի հերոսի նման. «Ախր որ իմանամ ի՞նչ եք ուզում ասեմ՝ կասեմ։ Որ չգիտեմ ինչ եք ուզում ասեմ՝ ո՞նց ասեմ»:
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ. www.shamshyan.com