Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը Հ. Աբրահամյանի հայտարարությունները որակեց բլեֆ. «Ժողովուրդ»

Փետրվար 11,2014 11:23

Ազգային ժողովի վերջին քառօրյայի ժամանակ ՀՀԿ-ն մերժեց ՀՀ գազամատակարարման ոլորտում պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների նախաձեռնությունը։ Սակայն այդ քվեարկությունից մեկ օր անց՝ փետրվարի 5-ին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անակնկալ հայտարարություն արեց. «Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը, եւ մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք եւ բոլոր հարցերը քննարկելու ենք, անպայման, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»։

Սակայն պարզվում է, որ Աբրահամյանն ամենեւին էլ մտադիր չէ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով։ Համենայնդեպս, «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից պարզաբանեցին. «ԱԺ նախագահը նշել է, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի խորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկելու հարցը, այդ թվում նաեւ քննարկման ձեւաչափը»։

Նկատենք, որ ԱԺ նիստում Աբրահամյանն այնպիսի բառերով է կառուցել միտքը, որ դժվար է միանշանակ հասկանալ, թե ինքն ինչ էր ուզում ասել։ Բայց մի բան պարզ է՝ անգամ Հ. Աբրահամյանն է ընդունում, որ գազամատակարարման, գազի գնի ձեւավորման ու պարտքի կուտակման առումով լուրջ խնդիրներ կան, եւ այդ խնդիրները պետք է քննարկվեն։ Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ իրականում փորձելու է ծածկադմփոց անել այս հարցը։

Նույնիսկ կարելի է կռահել առաջիկա գործողությունների հաջորդականությունը. Հ. Աբրահամյանն իր մոտ հրավիրելու է հերթական խորհրդակցությունը, փորձելու է ոչ կոալիցիոն ուժերին համոզել, որ ոչ թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծեն, այլ բավարարվեն խորհրդարանական լսումներով, 4 խմբակցությունները, բնականաբար, մերժելու են նման իմիտացիոն առաջարկը, եւ թեման այսպիսով կհամարվի փակված։

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հ. Աբրահամյանի հայտարարությունները որակեց բլեֆ։ Սակայն, մյուս կողմից, Մանուկյանը նշեց, որ եթե իշխանությունները որոշեն օրակարգում ներառել այն հարցերը, որ ներկայացված էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծում, մասնավորապես պետական պարտքի գոյացման, գազի սակագնի ձեւավորման բացահայտումը, ապա իրենք որեւէ խնդիր չեն տեսնում:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728