Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը պահանջեց դատավորի ինքնաբացարկ:
«Դատավորը մեր նկատմամբ անաչառ չէ ու կողմնակալ է: Այդ պատճառով, նույնիսկ եթե մեր մտավախությունը հիմնավոր չէ, դատարանը պետք է բավարարեր մեր միջնորդությունը, բայց մերժեց՝ անհիմն համարելով»,-ասաց Կարո Եղնուկյանը:
Հիշեցնենք, որ պարոն Եղնուկյանը բողոքարկում է «Ծածկած շուկայի» պատին փակցված իր նկատմամբ ատելություն սերմանող պաստառի հարցով գործ չհարուցելու մասին քննիչի որոշումը:
Հիշեցնենք՝ պաստառը Եղնուկյանի լուսանկարով եւ «Մասոն, գրանտակեր» եւ այլ մակագրություններով էր:
Պարոն Եղնուկյանի պատմելով, դատարանն այսօր դատախազությանը պարտավորեցրել է ներկայացնել գործի վերաբերյալ բոլոր նյութերը, ինչը դատախազը հրաժարվում էր անել. «Դատախազն այսօր դատարան էր եկել անպատրաստ, խառնել էր բոլոր նյութերը: Իմ հաղորդումը եղել է 2013 թվականի հոկտեմբերի 21-ին, ինքը բերել էր սեպտեմբերի 9-ի բողոքի վերաբերյալ նյութեր: Նա այնքան անպատրաստ էր, որ դատավորը նույնիսկ նկատողություն արեց նրան»:
Դատական նիստը հետաձգվել է 1 օրով, մինչեւ դատախազը ներկայացնի բոլոր նյութերը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ