Վարչական դատարանն այսօր մերժեց նախորդ դատական նիստին Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը՝ դատավորի ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ:
Կողմերի համաձայնությամբ դատական նիստը շարունակվեց : Հայցվոր կողմը՝ ոստիկանության ներկայացուցիչները, միջնորդեցին՝ որպես վկա հրավիրել երկու ոստիկանի՝ Արա Սարգսյանին ու Արթուր Օսիպյանին, որոնց օրինական պահանջը, Կիվիրյանը չի կատարել:
Ոստիկանության ներկայացուցիչները չկարողացան հիմնավորել իրենց միջնորդությունը: Նրանք նույնիսկ տեղյակ չէին, թե իրենց մատնանշած ոստիկաններից որն է օրինական պահանջ ներկայացրել Արգիշտի Կիվիրյանին: Այս միջնորդությունը առարկեցին պատասխանող կողմի ներկայացուցիչները՝ պնդելով հայցվոր կողմին հստակ ասել, թե ինչ փաստական հանգամանքներ են այդ ոստիկանները ներկայացնելու:
«Ես հասկացա, որ հայցվոր կողմը չգիտի, թե ինչ ցուցմունք են տալու վկաները: Նման կերպով կարող ենք նաև հրավիրել մեր հարևաններին, միգուցե որևէ տեղեկություն կհայտնեն դեպքի մասին: Հայցվոր կողմը չմատնանշեց այն փաստերի շրջանակները, որոնց վերաբերյալ նրանք պետք է ցուցմունք տան»,- առարկեց Արամազդ Կիվիրյանը:
Կարդացեք նաև
Արգիշտի Կիվիրյանն էլ հեգնեց.« Ոստիկանությունն ունի մոտ 5000 ոստիկան, եկեք նրանց բոլորին կանչենք՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքերը այդ օրը տեղի են ունեցել Բաղրամյան 26-ում, այդ օրը պատուհանից Սերժ Սարգսյանն էլ է նայել, եկեք նրան էլ հրավիրենք: Ինձ հենց Արաբկիր համայնքի ոստիկանության բաժնից են բերման ենթարկել, եկեք հարակից շենքերի բնակիչներին էլ հրավիրենք»:
Ոստիկանության ներկայացուցիչ Դիանա Վարդանյանն էլ ի պատասխան ասաց՝ «չենք առարկում»:
Ոստիկանության ներկայացուցիչները նաև ցանկություն հայտնեցին ներկայացնել սեպտեմբերի 4-ի միջադեպի վերաբերյալ տեսաձայնագրություն, խոստացան մինչեւ հաջորդ նիստը բերել:
Հիշեցնենք, որ Ոստիկանությունը պահանջում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով՝ (ոստիկանի օրինական պահանջը չկատարելը) պատասխանատվության ենթարկել Արգիշտի Կիվիրյանին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ