Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո գազի գինը չիջավ

Փետրվար 10,2014 20:25

«Մաքսատուրքի վերացմամբ միանշանակ է, որ գազի գինը կիջնի առնվազն 30 տոկոսով»,-ամիսներ առաջ այսպիսի հայտարարություն էր արել Մաքսային միության եւ ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները գնահատող խմբի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Սակայն իրականությունն այն է, որ գազի գինը սպառողի համար չիջավ, ի տարբերություն սահմանի սակագնի: Սահմանին այն 189 դոլար է, բայց սպառողին վաճառվում է 375 դոլարով:

Aravot.am-ը պարոն Թավադյանից հետաքրքրվեց՝ իր հաշվարկներում և ընդհանրապես քաղաքականության մեջ այդ ի՞նչ փոխվեց, որ գազի գինը 30 տոկոսով չիջավ սպառողի համար: Պարոն Թավադյանը պատասխանեց. «Իրականում սպառողների համար գինը հաշվարկվում էր ոչ թե սահմանին հաշված 270 դոլարով, այլ 180 դոլարով: Այդ իսկ պատճառով մաքսատուրքը հանելուց հետո գինը չիջավ: Եթե սակագինը մնար սահմանում 270 դոլար, ապա գազի սակագինն անխուսափելիորեն կբարձրանար, ընդորում այդ տարբերությունը մեր բյուջե չէր գնա: Բայց այժմ ներկրման համար որոշակի մաքսատուրքերի բարձրացման պարագայում այդ տարբերությունը կգա մեր բյուջե և դա նպատակահարմար է օգտագործել սոցիալական խնդիրներ լուծելու համար: Նաև չպետք է մոռանանք, որ գազի 10.000 խմ-ից բարձր սպառողների համար գազի սակագինը 277 դոլար է»:

Պարոն Թավադյանը հղում կատարելով «ոսկե միջինի» գաղափարին ասաց. «Հաշվի են առնվում, որ գազ մատակարարողները պետք է ունենան տասը տոկոս շահութաբերություն, և պետք է ներդրումներ կատարեն: Բայց ցանկալի է հաշվի առնել նաև հետևյալ նպատակը. գազի գինը պետք է նպաստի բիզնեսի զարգացմանը, հատկապես միջին և փոքր: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ կարելի է որոշակի վերահաշվարկ անել և նույնիսկ մեծացնելով 10.000 խմ-ից բարձր սպառողների համար 277-ի դոլար սակագինը մինչև 300 դոլար՝ իջեցնել սահմանը՝ այն դարձնելով 3000-4000: Դա հնարավորություն կտա զարգացնել ջերմոցային տնտեսությունն ու գյուղատնտեսությունը: Ինչ վերաբերում է հասարակ քաղաքացիներին, ապա,իհարկե, կլինի գնաճ, բայց մենք գազի գնի աճ չենք ունենա: Ընդհանրապես դա կանոն է. գները ցածր էլաստիկ են՝ ներքև դժվար են իջնում, ուստի այստեղ ոչ թե գինը պետք է իջեցնել բոլորի համար, այլ սոցիալական տեսանկյունից պարտադիր լրացուցիչ միջոցներ հայթայթել պետական բյուջեի համար և որոշակի չափով գազի գնի չիջեցումը մեղմել այդ խավի հատուցմամբ՝ թոշակների, աշխատավարձների բարձրացմամբ: Նաև հաշվի առնելով այլ լրացուցիչ գումարները, որը կստացվեն մաքսատուրքերից՝ Մաքսային միությանը միանալու պարագայում:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728