Վաղը տեղի կունենա Գյումրու ավագանու հերթական նիստը, որի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է Գյումրիում ամեն տարի անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին 5 միլիոն դրամ տրամադրել-չտրամադրելուն: «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպությունը այս խնդրանքով դիմել է Գյումրու քաղաքապետարանին: Իսկ փառատոնը, ինչպես հայտնի է, անցկացվում է Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, փառատոնի համանախագահն էլ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը:
Այս հարցը բուռն քննադատությունների է արժանացել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Գյումրեցիները ապշած են, որ պաշտոնապես չքավոր ճանաչված այս քաղաքի բյուջեից նման կարգի գումար են ակնկալում: Թատերագետ Լևոն Մութաֆյանը այս կապակցությամբ գրում է. «Վերածնունդ»-ը հսկայական գումարներ է ստանում որպես նվիրատվություն` տարբեր կազմակերպություններից: Փառատոնին աջակցում է ՀՀ նախագահի տիկինը, իր ֆինանսական ներդրումն է կատարում նաև մշակույթի նախարարությունը»:
Օգտատեր Ժաննա Սարգսյանն էլ իր զարմանքն է հայտնում. «Ա՛յ քեզ բան… ոչ մի քոռ կոպեկ… ուրեմն էդ մարդը տեղյակ չէ՞ Գյումրիի հիմնախնդիրներից…թող ինքը տա Գյումրիին…էդ մի անգամ չտեսանք, որ գային, քաղաքի հոգսերը կիսեին…ուրեմն էլ տեղ չկա ուզելու, եկել, չոքել են մեր բկի՞ն…թող գնան օլիգարխներից ուզեն…»:
Մեկ այլ օգտատեր` Հայկ Դանիելյանն էլ արձագանքում է. «Էն օրը «Արմենթել»-ի շենքի դիմաց մոտավորապես 20 տարեկան մի աղջիկ, ձյան վրա նստած մուրացկանություն էր անում ու հլը 5 միլիոն դրամ ունե՞նք տալու Սերժի ախպորը»:
Կարդացեք նաև
Մի խոսքով, Գյումրիում վաղը հետաքրքիր ավագանու նիստ է սպասվում: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը պատրաստվում է հանդես գալ ելույթով: Հիշեցնենք, որ Գյումրու բյուջեն կազմում է 3 միլիարդ, 173 միլիոն 233 հազար դրամ, դոտացիան էլ կրճատել են`կապված բնակիչների թվի նվազման հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գյումրին տեր պիտի ունենա, որ չտանեն: Հարգելի Բարսեղյան, Դուք միայնակ ոչինչ չեք կարող անել: Եթե բոլոր ղեկավարները Ձեր նման մտածեին ժողովրդի մասին, կզբաղվեին նրանց հուզող հարցերով, այլ ոչ թե – ինչպես պապս կասեր- սուտ ու օղորթ լուրեր ու խոստումներ տարածելով: Ինձ մոտ տպավորություն է, որ որոշ ղեկավարներ զբաղված են միայն գումարները իրար մեջ բաժանելով, բամբասանքներով և մեծ-մեծ խոսալով: Թե ով պիտի գործ անի, իրենց չի հետաքրքրում, ավելին, նրանք աշխատում են գրագետ աշխատողներից ազատվել, կարծես այս Երկիրը, առավել ևս Գյումրին իրենց հոր տնից են բերել, ինչ ուզեն, կանեն, ժողովուրդն էլ հեչ, ձեռքի խաղալիք, գյադեք էս կողմն անցեք, գյադեք էն կողմն անցեք… Իրար ուտելու փոխարեն, խելքի եկեք, չեք կարող աշխատել, գրագետ և աշխատանքային փորձ ունեցող մարդկանց ընդգրկեք: Նորից պապիս հիշեցի, որ ասում էր – կրցան չերեցին?