5, 5 տարվա ազատազրկման դատապարտված, «Էյչ Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ–ի «Ռիսկերի կառավարման» բաժնի գլխավոր մասնագետ, «Ռազմավարական պաշտպանություն քաղցկեղից» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Առուշանյանի եւ Էդգար Կարաքեշիշյանի քրեական գործը բեկանվել է, եւ վերաքննիչ դատարանից ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այս տարի երկրորդ դատական նիստն էր: Նախորդ նիստին, Էդգար Կարաքեշիշյանը խնդրել էր հանրային պաշտպան: Այսօր դատարան էր ներկայացրել հանրային պաշտպանի գրասենյակի որոշմամբ փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանը: Նա էլ դատավորի հարցին, թե ինքնաբացարկի միջնորդություն ունի, պատասխանեց, թե այդ հարցին կանդրադառնա, եթե դատարանը տա բացատրություն, թե վերաքննիչ դատարանը, երբ գործը ետ է ուղարկել, արձանագրել է իր պաշտպանյալի մասով, թե «մեղսագրված արարքը բավարար է եզրահանգման գալու համար», ինչը պիտի քննի այս դատարանը, երբ վկաները հանգուցային չեն, իսկ միակ վկան էլ մահացել է, վերջինի գործողություններում եղել են բռնություններ:
Դատավորը պաշտպանի երկարաշունչ հայտարարության կապակցությամբ ասաց. «սպառնալիք զգացի», եւ նշեց, որ դատարանը պարտավորություն չունի բացատրություն տալու , բայց եւ` պարզաբանեց, որ քննվելու է սույն գործն այն նույն ծավալով, ինչպիսին կա իր տրամադրության տակ:
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, որը դատարան էր ներկայացել ձեռնափայտով, ոտքը կոտրվել է մոտ քսան օր առաջ, հանդես եկավ միջնորդությամբ, համաձայն որի գտնում էր, որ իր պաշտպանյալի կալանքը պետք է վերացվի, կամ կիրառվի գրավ, գրավի չափը` դատարանի հայեցողությամբ:
Կարդացեք նաև
Ամբաստանյալ Աշոտ Առուշանյանն ասաց, որ 1 տարի 7 ամիս գտնվում է անազատության մեջ, ունի գիտական ատենախոսություն պաշտպանելու , այն կապված է հարկային վարչարարության կատարելագործման հետ, եւ ունի չորս գյուտ, որոնք կկորցնեն արդիական նշանակությունը, եթե դրանք հիմա չհրապարակվեն:
Նա ասաց այդ մասին դատարանում, եւ ապա մեջբերեց նախաքննության մարմնի, մեղադրողի` Տիտալ Ուզոյանին այն փաստարկը, որ եթե ազատեն կալանքից ինքն իբրեւ թե կխոչընդոտի քննությանը, կազդի վկաների վրա: Ամբաստանյալն ասաց, թե տարածել էին անգամ, թե ինքը կարող է ազդել ԿԲ-ի վրա, իսկ վկան էլ, որի ցուցմունքով հայտնվել է կալանքի տակ, հանգուցյալ է , ինչը նշանակում է, որ չի կարող ազդել հանգուցյալի վրա:
Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ, որից դուրս կգա վաղը:
Հիշեցնեմ, որ Աշոտ Առուշանյանին մեղադրանք էր առաջադրվել և ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին և ծանոթ Արտաշես Գալուստյանին/հանգուցյալ/ օժանդակել է հանցագործության կատարմանը` վերջիններիս տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ, այժմ արդեն հանգուցյալ Արտաշես Գալուստյանը իրավապահ մարմիններում հարցաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբներին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը և Աշոտ Առուշանյանը հանդիպել են և որի ժամանակ վերջինս Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա իբր նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության տնօրենի կողմից տեղափոխված գումարի և դրա օրվա հաճախականության վերաբերյալ տեղեկատվություն: Նշյալ թերթիկում իբր նշվել էր ամենաքիչ գումարի՝ 10 միլիոնի, իսկ ամենաշատը՝ 200 միլիոնի մասին:
Մեր բազմաթիվ հրապարակումներում պաշտպանական կողմը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից վարույթն իրականացնող մարմնին 16.07.2012թ-ին տրամադրվել է տեղեկանք, որի համաձայն ՍՊԸ կողմից HSBC բանկի հաշվարկային հաշվին 2011թ. մայիս ամսից մինչև հունիսի 5-ը` 200 միլիոն կամ դրանից ավելի գումար մուտք չի արվել, հետևաբար, բանկի համակարգչային բազայում նման տվյալ չէր կարող լինել և Աշոտ Առուշանյանն էլ այդպիսի տվյալ չէր կարողանա ունենալ և այլ անձանց փոխանցել: «Նշված փաստաթղթի համաձայն մայիս ամսվա և մինչև հունիսի 5-ը տեղափոխված գումարը, ամենաքիչ քանակությունը կազմել է 5 միլիոն դրամը` 14.05.2011թ-ին, իսկ ամենախոշոր չափի գումարը կազմել է` 179 միլիոն դրամը` 17.05.2011թ: Ակնհայտ է, որ 5 միլիոնը նման չէ 10 միլիոնի, իսկ 179-ը 200 միլիոնի: «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից այդ 200 միլիոնից ավելի գումար տեղափոխելու եւ Արաշակունյաց պողոտայի վրա մեքենայից նշված գումարի գողության օրը` 07.06.2011թ Աշոտ Առուշանյանն արդեն մի քանի օր է Հայաստանում չի գտնվել և հետևապես նման ենթադրյալ տվյալներ չէր կարող ձեռք բերել համակարգչային բազայից և տրամադրեր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ