Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը քննադատվել է, սակայն պարտադիր կուտակայինի մասին իր խոսքն է առաջ տարել

Փետրվար 10,2014 18:55

Շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մի քանի անդամների մասնակցությամբ հանդիպել է հանրապետության տարբեր բուհերի դասախոսներին ու գիտաշխատողներին` նրանց հետ քննարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դրական ու բացասական կողմերը: Հանդիպմանը մասնակցել են ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի տեղակալ, ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանը, կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց մասնակիցներից մեկը` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս Գագիկ Համբարյանը: «Սկզբում վարչապետը գիտեր, թե բոլորը ՀՀԿ-ական էին, բայց հետո պարզվեց, որ այդպես չէ: Գլխավոր թեման կուտակային համակարգի մասին էր, թե ինչ դրական կողմեր ունի: Երևի թե, վարչապետը շատ զարմացավ, որ բավական ակտիվ անցավ քննարկումը. 2-3 շատ լավ պատրաստված տնտեսագետներ մասնագիտական կոնկրետ հարցեր էին տալիս, որը ստիպեց Տիգրան Սարգսյանին ավելի զգոն լինել: Ամբողջ թիմը մասնակցում էր հարց ու պատասխանին, պետք է նշեմ, որ վարչապետը մեզ ներկայացրեց կուտակային համակարգի բոլոր դրական կողմերը: Ըստ նրա, բնակչությունը իր վրա կզգա այն ընդհուպ հաջորդ տարվանից, ոչ թե կզգան այն մարդիկ, ովքեր 30 տարի հետո կստանան առաջին թոշակը, այլ ամբողջ երկրի բնակչությունը, որովհետև, ըստ վարչապետի, այդ գումարները կուղղվեն նաև տնտեսություն»,- այսպես նկարագրեց հանդիպումը Գագիկ Համբարյանը:

Նրա պատմելով, բավական բուռն բանավեճ է ծավալվել, քանի որ եղել են մարդիկ, ովքեր չեն համաձայնել վարչապետի հնչեցրած պարզաբանման հետ: «Մի զարմանալի միտք հնչեց հանդիպման ժամանակ, նախարարներն ասացին, որ ամերիկյան թոշակային համակարգը իրեն սպառած, անարդյունավետ համակարգ է, և պարզվեց, որ ամերիկացիները երազում են, որ իրենց երկրում այսպիսի համակարգ ներմուծեն, ինչպես հիմա ներմուծվում է Հայաստանի հանրապետությունում: Նույնպիսի երազանք, պարզվեց, ունեն նաև եվրոպական մի քանի երկրներ: Էդտեղ շատ չծավալվեցին, բայց կոնկրետ ինձ շատ էր հետաքրքրում, թե էդ ինչպե՞ս կարող է կործանվող և անարդյունավետ կենսաթոշակային համակարգը էդքան տարիներ գոյատևել: Եվ նախարարներից մեկը հայտարարեց, որ ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամը այս համակարգից է սկսվել, բայց մենք գիտենք, որ ավելի շատ սկսվել է հիփոթեքային համակարգից»:

Ըստ մեր զրուցակցի, Տիգրան Սարգսյանը շատ է զարմացել` լսելով, որ իր երկրում կան գիտնականներ ու դասախոսներ, ովքեր 40 հազար դրամ աշխատավարձ են ստանում: «Դավիթ Սարգսյանն էլ բացեիբաց հայտարարեց, որ դա անհնար է և հավելեց, որ միջին աշխատավարձը գիտական ոլորտում կազմում է 120 հազար դրամ: Իհարկե, մասնակիցները նրան սաստեցին` ասելով, որ դա ճշմարտությունն է, հետո պարզվեց, որ մասնակիցների մոտավորապես 70-80 տոկոսը ստանում է ընդամենը 60-80 հազար դրամ աշխատավարձ լավագույն դեպքում: Գիտությունների Ազգային Ակադեմիայի ենթակայության տակ գտնվող ինստիտուտների գիտաշխատողները, որոնք մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ են աշխատում իրենց ոլորտներում, պարզվեց, որ ստանում են 40-42 հազար դրամ աշխատավարձ: ԳԱԱ-ի ենթակայության տակ գործող Երկրաբանության և երկրագիտության ինստիտուտի երկու երիտասարդ գիտաշխատողներ բարձրացրեցին այս հարցը: Իհարկե, վարչապետը հետագայում համաձայնեց, որ իրոք կարիք կա վերանայել բուհերի և գիտաշխատողների աշխատավարձերը, խոստացավ մեկ այլ հանդիպմամբ քննարկել նաև այս հարցը: Վարչապետը նաև ասաց, որ թեև 5 տոկոսի չափով են պահում անում, բայց պատրաստվում են բարձրացնել նաեւ աշխատավարձը: Իսկ թե կոնկրետ, երբ, ցավոք սրտի, Տիգրան Սարգսյանը պատասխան չտվեց»,- ասաց Գագիկ Համբարյանը: Նրա ասելով, հանդիպումը տևել է երկու ժամից ավել: Ու թեև բավական քննադատություններ են հնչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասին, վարչապետը համակ ուշադրությամբ լսել ու հանդիպման վերջում պատասխանել է, որ միևնույն է` այս օրենքը ուժի մեջ պետք է մտնի, օրենքից փախչել չեք կարող, որովհետև սա մեր երկրի թոշակառուների միակ ապագան է: Ու որպես հիմնավորում իր խոսքի` Տիգրան Սարգսյանը նաև կոնկրետ թվեր է բերել, ըստ այդ, ՀՀ-ում կա 500 հազար աշխատող, բայց 550 հազար թոշակառու, այսինքն` թոշակառուները աշխատողների թվից ավել են 50 հազարով, որոնք և մեծ բեռ են պետական բյուջեի վրա: Պարզաբանվել են նաև այն հարցերը, թե երկրից հեռանալու, անաշխատունակ դառնալու կամ թոշակային տարիքի չհասնելու, մահանալու դեպքում ինչպես է կարգավորվելու հարցը: Ըստ վարչապետի, այս ծրագիրը քննադատվել է հասարակության կողմից, քանի որ կառավարությունը չի կարողացել մատչելի ձևով բացատրել այն:

Նշենք, որ հանդիպումը եղել է առանց լրատվամիջոցների մասնակցության:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728