Լրահոս
Օրվա լրահոսը

Թուխմանուկի հանքավայրի խնդրահարույց պոչամբարի կառուցման հետևում բնապահպանության նախարարությո՞ւնն է կանգնած

Փետրվար 10,2014 18:40

«Հայաստանում ոչ մի հանքարդյունաբերական նախագիծ չի իրականացվում առանց վերևների համաձայնության և թողտվության»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կառույց է կանգնած Արագածոտնի մարզի Մելիք գյուղից քիչ հեռու գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի պոչամբարի կառուցման նախագծի հետևում, այսպես պատասխանեց «Eco Right» կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը: Հիշեցնենք, որ բնապահպան ակտիվիստը պնդում է, թե կրկին ներկայացվել է  Թուխմանուկի պոչամբարի նախագիծ, որը չի արտացոլում ամբողջ պատկերը, այն դեպքում, երբ մի այդպիսի նախագիծ արդեն մերժվել էր:

Արթուր Գրիգորյանն այս առիթով մանրամասնեց. «Այնպես որ, չգիտեմ բնապահպանության նախարարությունն է, թե մեկ այլ սուբյեկտ, այստեղ համակարգային խնդիր ունենք, որ իրենք իրենց մեջ պայմանավորվել են, թե ոնց կարող են անել: Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ո՞նց կարող էին նույն նախագիծը, որն արդեն մեկ անգամ մերժվել է այն հիմնավորմամբ, որ համակողմանի և ամբողջական նախագիծ չի ներկայացվել, նույնպիսի նախագիծ  նորից երկրորդ անգամ ներկայացվեր: Եթե այդ մարդիկ չունեն համաձայնություն, անհասկանալի է, թե  ինչո՞ւ են մարդիկ նույն բանը կրկնում: Մի խոսքով, կա  ներքին համաձայնություն, հակառակ դեպքում այդքան անփույթ ձևով չէին կազմակերպվի այդ լսումները»:

Տեղեկացնենք, որ երկու օրից բնապահպանության նախարարությունը կազմակերպելու է լսումներ՝ պոչամբարի նախագծի վերաբերյալ, այն դեպքում, երբ այսօր ևս լսումներ են կազմակերպվել այդ առիթով: Ուստի Արթուր Գրիգորյանը կարծում է, որ այդ ամենը կրում է ձևական բնույթ և ժամկետները օրենքի շրջանակներում չեն:

Այս կապակցությամբ Aravot.am-ին պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը: Նա փոխանցեց հետևյալը. «Բնապահպանության նախարարությունն օրենքով սահմանված կարգով ստացել է նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունը, որը եղել է հունվարի կեսերին: Ըստ օրենքի՝ երեսունօրյա ժամկետում հայտարարվել է, որ փետրվարի 12-ին իրականացնելու է լրամշակված նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումներ: Այսօրվա լսումը կազմակերպել է «Ազդագիր» համայնքը, և բնապահպանության նախարարությունն իրավասու չէ որոշել, որ «Ազդագիր» համայնքը երբևէ  հասարակական լսում է նշանակելու, որը մոտ է լինելու բնապահպանության նախարարության լսումների ժամկետին»:

Բնապահպանների այն մտահոգությանը, թե պոչամբարի նույնատիպ նախագիծ ներկայացվում է երկրորդ անգամ, այն դեպքում, երբ նույն այդպիսի նախագիծ մերժվել է, պարոն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Նախագիծը նույն ձևով չի ներկայացվել:Նոր նախագծում հաշվի են առնվել բնապահպանության նախարարության բոլոր վերապահումները, ուղղում կատարվել է, հետո է նախագիծ ներկայացվել: Երկու օրից նշանակվել են հասարակական լսումներ, կարող են ՀԿ-ները ներկայանալ և իրենց դիտարկումները ներկայացնել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728