Լրահոս
Օրվա լրահոսը

Զարբաբ Յան. «Մերոնքը բոլոր հայերն են»

Փետրվար 10,2014 18:09

Ռաֆայել Զարբաբյանը, (նույն ինքը՝ Զարբաբ Յանը) հայտնի է համացանցում իր ստեղծագործություններով: Ծնվել է 1989թ.-ին: Ստեղծագործել սկսել է փոքր տարիքից: «Հստակ չեմ հիշում, թե որ տարիքից եմ սկսել ստեղծագործել, երևի թե հենց այն պահից, երբ գրել եմ սովորել: Տանը դեռ պահվում է հին հեռախոսագիրքը, որի դատարկ էջերի վրա 5 տարեկանում գրած մի քանի տողանի մանկամիտ պատմվածքներ ունեմ»,- ասում է գրողը:

Զարբաբ Յանի աշխատանքները յուրօրինակ են, երբեմն էլ զգացմունքային: Այս ամենին նա իր բացատրությունն է տալիս. «Ընդհանրապես, իմ էությամբ մերժում եմ զգացմունքային գրականությունը և առավելություն տալիս եմ գաղափարական ուղղվածությանը, այնուամենայնիվ, մարդուն օտար չեն զգացմունքները և պատկերել կերպարներ առանց զգացմունքների պարզապես կեղծ կթվար»:

Իր ստեղծագործությունների մեջ չի վախենում պատկերել բաց տեսարաններ և դա չի անում զանգվածային լսարան հավաքելու համար. «Երբևիցե չեմ փորձել ընթերցողների մեծ զանգված գրավել, քանի որ դա բացահայտ կնշանակեր, որ ժամանակի պահանջներին եմ հետևում, ինչը գրականության դեպքում աններելի սխալ է: Ինչ վերաբերում է բաց տեսարաններին, ապա դրանք այսօր այդքան էլ սկանդալային չեն, քանի որ ամբողջ մեդիան լցված է նմանատիպ տեսարաններով: Պարզապես ժամանակ առ ժամանակ ստիպված եմ դիմել նմանատիպ քայլերի՝ առավել արտահայտիչ դարձնելու համար իմ խոսքը: Չմոռանանք, որ համաշխարհային կլասիկան արդեն վաղուց ճանաչում է բաց տեսարանների հնարքը, և միգուցե մեզ համար է դա արտասովոր»:

Զարբաբ Յանը մոլի հայրենասեր է, և չի պատկերացնում իրեն Հայաստանից հեռու: Ամեն խոսք, Հայաստանից դուրս ապրելու վերաբերյալ, իր համար վիրավորական է հնչում: Համոզված է, որ հայրենիքից հեռանալը նույնն է, ինչ ծառն արմատախիլ անելը. «Այս հարցի շուրջ ես միանշանակ կարծիք ունեմ. չես կարող ծառը կտրել և ուրիշ տեղ տնկել այն, իհարկե արմատներ կտա, անգամ պտուղներ էլ, բայց համն այլևս այն չի լինի, և շատ եմ ուզում ազգը այն, որ կոչվում է «հայոց», վերջապես հասկանա, որ երկրից փախչելով միգուցե լուծում է ժամանակավոր հացի խնդիր, բայց նաև ավելում է մի ամբողջ հասարակություն: Ցանկանում եմ, որ մնանք մեր երկրում, այսպես ասած՝ մենք մերոնցով: Ուրիշները մեզ պետք չեն, մեզ մերոնք են պետք, իսկ մերոնքը բոլոր հայերն են»:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728