Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ՀՀԿ վիրտուալ փոխհրաձգություն. որտե՞ղ է վերջանում մանիպուլյացիան և սկսում իրականությունը

Փետրվար 10,2014 17:50

«Մենք ոչ մեկին անձնական վիրավորանքներ չենք հասցրել, մեր գործելաոճի մեջ դա չկա: Քննադատել քաղաքականությունը, չի նշանակում տալ անձնական վիրավորանքներ»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ճի՞շտ է քաղաքական գործիչներին անձնական վիրավորանք հասցնելու միտումը տեղափոխել լրատվադաշտ` մասնավորապես ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգության տեսքով, այսպես պատասխանեց zham.am կայքի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նշենք, որ վերջին շրջանում ԲՀԿ-ական և իշխանական մամուլում անընդհատ հայտնվում են այս կամ այն պատգամավորի հասցեին անձնական վիրավորանքներ: Երևույթին պարոն Բոզոյանն այսպիսի գնահատական տվեց. «Մենք այդպիսով գնահատում ենք քաղաքականությունը, երբ մարդիկ իրենց տեղում չեն»: Եթե այդ մարդիկ փոխեն իրենց քաղաքականությունը, մենք մեր մոտեցումը ևս կփոխենք»:

Անդրադառնալով ԶԼՄ-ների գործունեությանը` պարոն Բոզոյանը նկատեց. «Իշխանական և ընդդիմադիր մամուլն արտացոլում է այն հարաբերությունները, որոնք կան քաղաքական դաշտում: Այլ բան է, որ միշտ չէ, որ այդ հարաբերությունները հրապարակային են, դրանք հիմնականում կուլիսային են, իսկ մամուլը ներկայացնում է իրական հարաբերությունների համատեքստը»: Մեր դիտարկմանը, ասենք ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններն այդքան վայրագ ու թշնամակա՞ն են, որքան ներկայացվում են լրատվամիջոցներում, պարոն Բոզոյանն այսպես արձագանքեց. «ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև կան լարված, ոչ լավ հարաբերություններ: Եթե հարաբերությունները լինեին վայրագ, ապա ԲՀԿ-ի գործիչների բառապաշարը, կարգախոսներն ավելի կոշտ կլինեին, իսկ հիմա նման բան չկա, ասենք ԲՀԿ-ն իշխանությունը չի կոչում հանցագործ և այլն»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշված խնդիրը կապում է նաև նրա հետ, որ «և քաղաքականություն, և լրագրողական դաշտ մտել են պատահական մարդիկ»: Այնուհետև նա շարունակեց. «Դա կրթական մակարդակի` պլինտուսի մակարդակին հասնելու հետևանք է: Դրանք բոլորը փողկապակցված են: Իսկ վիրավորանքները բխում են դաստիարակությունից»:

Պարոն Քոչարյանի կարծիքով` եթե ժամանակին՝ Խորհրդային միությունում քաղաքացուն դաստիարակում էին թե հասարակությունը, թե հեռուստատեսությունը, թե դպրոցը, հիմա՝ հակառակն է:

Հետաքրքրվեցինք՝ ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունը կերտվում է հատուկ մանիպուլյացիաների արդյունքո՞ւմ, թե՞ հարաբերություններն են այդպիսին: Պարոն Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ երկու կուսակցությունների վերևի էշելոնում դա մանիպուլյացիա է, բայց ումով որ մանիպուլյացիա են անում, իրենք մտածում են, թե դա իրոք այդպես է, ոչ թե մանիպուլյացիա: Դրա պատճառն այն է, որ ուղղակի այդ գործիքներն են ոչ պրոֆեսիոնալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728