Կանադահայ գործարար Սարգիս Յակուբյանը, որը կոռուպցիայի համար Կուբայում դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, 2,5 տարի պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել: Հայտնում է «Մոնրեալ Գազետ» թերթը:
«Tri-Star Carribean» ներկրման ընկերության սեփականատերը արտաքսվել է Կանադա: Խոսելով իրեն ազատ արձակելու մասին՝ նա ասել է, որ անչափ ուրախ է, որ վերադարձել է իր տուն՝ Տորոնտո, բայց դեռ լարվածության մեջ է:
«Ես չեմ կարող ասել, թե ինչ հիմքով են ինձ արտաքսել», – ասել է 53-ամյա գործարարը, – Բանտ գնացողների հիմնական մասը պնդում է, որ անմեղ է: Ոչ միայն փաստերն են խոսում, որ ես անմեղ եմ, այլև պաշտոնական վարկածը»:
Լիբանանում ծնված Սարգիս Յակուբյանին Կուբայի իշխանությունները ձերբակալել են 2011թ.՝ կաշառք տալու, հարկերից խուսափելու և «տնտեսությունը վնասող արարքների» համար: Ըստ նրա, Կուբայում ինքը կառուցել էր 3-րդ կամ 4-րդ խոշորագույն ընկերությունը, որի մեկնարկային գումարը ընդամենը 3000 դոլար էր, սակայն հաջողացրել էր միլիոններ աշխատել, որն ամբողջությամբ առգրավվել է, այդ իսկ պատճառով նա ենթադրում է, որ իրեն ձերբակալելը բխում էր ինչ-որ մեկի շահից:
Կարդացեք նաև
«Ես դեռ շփոթված եմ: Նրանք ինձ ազատելու մասին տեղեկացրել են 24-48 ժամ առաջ: Ես դեռ չեմ հասկանում, թե ինչպես է այս ամենը տեղի ունեցել: Փորձում եմ գլուխ հանել, թե ինչ է եղել, ով է կանգնած այս ամենի հետևում, ում շահերից էր բխում, որոնք էին կազմակերպությունները կամ ընկերությունները, որ ինձ հետ այսպես վարվեցին», – ասել է Յակուբյանը «Ասոշիեյթըդ Փրես»-ին տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ ուզում է պատմել իր հետ տեղի ունեցած պատմությունը, որն ինքն անվանում է «շատ հետաքրքիր, տպավորիչ պատմություն», սակայն սկզբում պետք է խորհրդակցի իր փաստաբանների հետ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ