Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուխմանուկի ոսկու հանքավայրը վտանգում է շրջակայքի գյուղերի բնակիչների առողջությունը

Փետրվար 10,2014 15:04

«Ներկայացված է Թուխմանուկի պոչամբարի նախագիծ, որը չի ներկայացնում ամբողջ պատկերը, որ հասկանանք՝ մարդկանց գլխին ինչ վտանգ է գալիս: Ավելին, երկու պոչամբար կառուցված է, արդեն դիմել են երրորդ պոչամբարի կառուցման համար»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Eco Right» կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը:

Նա փաստեց, որ նախագծին նախկինում արդեն տրվել է բացասական եզրակացություն՝ հիմնավորումը եղել է այն, որ այդտեղ ամբողջական պատկերը ներկայացված չէ:

Այնուհետև Արթուր Գրիգորյանը հավելեց, թե «հիմա իբր մոդիֆիկացված նախագիծ է ներկայացված, բայց այդտեղ կրկին չի երևում ամբողջական պատկերը»:

Անդրադառնալով այն փաստին, որ Արագածոտնի մարզի Մելիք գյուղում ընթանում են գյուղից քիչ հեռու գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրի համար նախատեսվող երրորդ պոչամբարի նախագծի հանրային լսումները, բնապահպան ակտիվիստն ասաց. «Բովանդակային իմաստով հանրային լսում չկա, սա ձևական բնույթ է կրում: Բնապահպանության նախարարությունն էլ այս պահի դրությամբ մեծ սխալներ ունի և խախտումներ է թույլ տվել: Ժամկետները չպահպանելով՝ պարզապես ձևի համար հանրային լսումներ են կազմակերպում: Երբ այսօր բարձրացրի այս հարցը «ՄեգոԳոլդի» ղեկավարության առաջ, ասացին, թե իրենք պատասխանատվություն չեն կրում բնապահպանության նախարարության տեսակետի համար: Այնինչ լսումները բնապահպանության նախարարությունը կազմակերպում է հենց այդ կազմակերպության գրասենյակում»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ էկոլոգիական վնասներ կարող է ունենալ երրորդ պոչամբարի կառուցումն ու հանքի բաց շահագործումը, Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Գրետա Գաբրիելյանն այսպես պատասխանեց. «Հանքը շահագործվում է բաց եղանակով, այդպես ավելի էժան է: Սակայն Թուխմանուկի ոսկու հանքավայրը ջրաբանական, ջրագոյացման տարածքում է գտնվում և կան բարձր լեռներ, որոնց գոգավորությունից անձրևաջրեր են հոսում գետեր: Ու քանի որ հանքը բաց է, ապա բացի հիմնական՝ ոսկուց, արծաթից, հարակից քիմիական տարրերը՝ ծանր մետաղները, մկնդեղը, ցինկը և այլն, ջրի, քամու, անձրևների հետ սփռվում են ամբողջ տարածքում»:

Գրետա Գաբրիելյանը փաստեց, որ տարածքի գյուղացիներն արդեն ունեն առողջական խնդիրներ, երիտասարդներն ասում են, թե իրենց մեծահասակի նման են զգում, ունեն գլխացավ, ստամոքսի ցավ և այլն: Բերքատվության հետ կապված էլ են խնդիրներ առաջանում, ամառվա սեզոնին բույսերը սկսում են չորանալ:

Տիկին Գաբրիելյանը մտահոգված է. « Այդ ջրերը հոսում են դեպի Արարատյան դաշտավայր ու մտնելու են սննդամթերքի մեջ, ուստի կորցնելու ենք նաև սննդամթերքի որակական ցուցանիշները»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728