Լրահոս
Օրվա լրահոսը

«Աքիլես». «Տուգանվում են ԱՊՊԱ-ի եւ որպես խոտան ուղարկված մեքենաների համար» (Տեսանյութ)

Փետրվար 10,2014 14:16

Արդեն մի քանի օր է՝ ճանապարհային ոստիկանները տուգանում են ապահովագրված ավտոմեքենաների վարորդներին: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ` ճանապարհային ոստիկանությունը 5000 դրամի ակտ է ուղարկում վարորդի հասցեին, նշելով, որ մեքենաներն ապահովագրված չեն, մինչդեռ, ինչպես ասաց պարոն Հովհաննիսյանը, տուգանքի ենթարկված վարորդները վստահեցնում են, որ դեռ նախորդ տարի են ԱՊՊԱ կտրոն ձեռք բերել 1 տարով, այսինքն՝ ապահովագրության ժամկետը դեռ չի լրացել:

Ոստիկանությունը, ըստ պարոն Հովհաննիսյանի, պատճառաբանել է, որ իրենք տուգանքները կիրառում են հիմնվելով ԱՊՊԱ բյուրոյի բազայի վրա, բյուրոն էլ պատճառաբանել է, որ իրենց բազան էլ հիմնվել է ապահովագրական ընկերությունների տրամադրած տվյալների վրա.«Հիմա, թե ոնց է իրականցվել այդ սխալմունքը, չենք կարող ասել, սակայն կատարվում է ուսումնասիրություն, ինձ վստահեցրել են, որ մինչեւ ուրբաթ կպարզեն ու կասեն: Այն վարորդները, ում նկատմամբ կիրառվել է այդ տուգանքը, թող դիմում գրեն ապահովագրական ընկերություն, եւ պահանջեն`այդ որոշումն անվավեր ճանաչել»: «Աքիլեսին» նման խնդրով ներկայումս դիմել են 30 վարորդներ:
Պարոն Հովհաննիսյանը մեկ այլ խնդիր էլ ներկայացրեց` կապված ԱՊՊԱ-ի հետ: 10-15 տարի առաջ քաղաքացիները, որոնք իրենց մեքենաները որպես խոտան են վաճառել, ընդ որում, ոչ թե պայմանագրով, այլ` լիազորագրով, հիմա այդ մեքենաների նախկին սեփականատերերի հասցեին եւս տուգանքներ են գալիս, իբր ապահովագրված չէ:

Մանրամասն`տեսանյութում

«Երեւի թե վարորդները սկսել են կարգապահ լինել, տեսուչներն էլ չգիտեն ոնց տուգանեն»,-նման կարծիք հայտնեց «Աքիլեսի» նախագահը, նշելով, որ իրենց կենտրոն դիմում են հիմնականում ամրագոտիների ու արագությունների վերաբերյալ բողոքներ: Պարոն Հովհաննիսյանի վստահեցմամբ` «Իսկրա 1» արագաչափը ճանապարհային ոստիկանության համար չարաշահումների տեղիք է տալիս: Այսինքն, ինչպես պատմեց Էդուարդ Հովհաննիսյանը, վարորդը մեքենան վարում է 50-55կմ/ժամ արագությամբ, իսկ տեսուչները ակտ են գրում եւ նշում, որ նախատեսված արագությունը գերազանցել է` 70-75 կմ/ժամ արագություն է եղել. «Վարորդը ապացույց է պահանջում, տեսուչն ասում է` ես կգրեմ, դու էլ գնա բողոքի, եւ անգամ չի տրամադրում խախտման տեսանյութը, խախտումը ցույց չի տալիս»:

Aravot.am-ի այն հարցին, եթե կա արագաչափ եւ այն ֆիքսում է արագությունը, ինչպես կարող է տեսուչն այլ թիվ ներկայացնել, պարոն Հովհաննիսյանն ասաց.«Մոնիտորի վրա է ցույց տալիս այդ ավելացրած թվերը: Տեսուչները կարող են մանիպուլյացիա անել եւ 70-75 կմ/ժամ արագություն սարքել»:

Պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ կառավարության որոշմամբ «Իսկրա 1» արագաչափերի օգտագործման կարգը պիտի հաստատվեր Ճանապարհային ոստիկանության պետի կողմից, հետո նոր սկսվեր դրանց կիրառումը, սակայն ՃՈ պետը մինչեւ հիմա չի հաստատել այդ արագաչափի օգտագործման կարգը:
Մանրամասն  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728