«Փառատոնը կազմակերպելուց մենք ավելի շատ հաշվի ենք առել, որ Ջերմուկի հարստությունն ու ոսկին ջուրն է՝ ե՛ւ հանքային ջուրը, ե՛ւ ձյունը, որի ռացիոնալ օգտագործումը հնարավորություն կտա զարգացնել ձմեռային տուրիզմը»,- փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ Վազգեն Գալստյանը:
«Ձնեմարդուկ 2014» ամենամյա փառատոնին, նախապես գրանցվելով, կարող է մասնակցել 2 հոգուց բաղկացած յուրաքանչյուր թիմ, որի մասնակիցները պետք է պատրաստեն ձնե քանդակներ: Լավագույն քանդակները կընտրի նկարիչներից եւ քանդակագործներից բաղկացած ժյուրին: Մասնակիցները փառատոնի ընթացքում հնարավորություն կունենան մասնակցել նաեւ արշավների, տարբեր դասընթացների եւ մրցույթների: Փառատոնը անցկացվելու է փետրվարի 14-16-ը Ջերմուկում:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանը, որը փառատոնի ընթացքում պարի դասընթացներ է անցկացնելու, կարեւորում է տուրիզմի զարգացման գործում ավանդական մշակույթի քարոզչությունը.
«Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ ավանդական մշակույթը՝ ե՛ւ կերպարվեստը, ե՛ւ գեղարվեստն ընդհանրապես նաեւ պետական այրերի համար դառնար լավագույն ներկայացման միջոց»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ