Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյան. «Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի չուլանում» (Տեսանյութ)

Փետրվար 10,2014 13:21

«ՀՀ-ի ձեռքից սրընթաց բոլոր խաղաքարերն ընկնում են, մենք զրկվում ենք Արևմուտքի հետ գոնե տնտեսական ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունքից»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա՝ մեր երկիրը նման իրավիճակում հայտնվեց ՀՀ իշխանությունների վարած «անուղեղ» քաղաքականության պատճառով: Ու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները համեմատեց կին-ամուսին հարաբերությունների հետ. «Ամուսինները տարիներ շարունակ վստահում են իրար ու հանկարծ կինը սկսում է «լեւի» գնալ: Ամուսնու մոտ առաջանում է կասկած՝ կամ կոշտ փորձում է բաժանվել կնոջից, կամ կնոջը բերում փակում է չուլանում: ՀՀ իշխանությունների անուղեղ քաղաքականության արդյունքում ՌԴ-ն ՀՀ-ին մտցրեց չուլան ու հիմա Հայաստանի միակ նպատակն է համոզել Ռուսաստանին, որ հավատարիմ է»:

Պարոն Բոզոյանը վստահեցրեց, որ այսօր ՀՀ-ն  ունի «բացարձակ կախվածություն Ռուսաստանից»:

Aracvot.am-ի հարցին՝ ՀՀ-ի Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզի» արդյունքում ՀՀ-ն կախվածության ո՞ր աստիճանում հայտնվեց, պարոն Բոզոյանը պատասխանեց. «ՀՀ-ն չունենալով ընդհանուր սահման Մաքսային միության երկրների հետ, առնչվելու է որոշակի լուրջ խնդիրների: ՀՀ-ն ավելի լիբերալ քաղաքականություն է վարում, քան Մաքսային միության երկրները: ՀՀ-ն նման վիճակի մեջ չէր հայտնվի, եթե իշխանությունները նման անուղեղ քաղաքականությամբ չզբաղվեին: Անզեն աչքով երևում է, որ այս իրավիճակում ոչ թե մենք կշահենք, այլ ռուսական, բելառուսական, ղազախական ընկերությունները կշահեն, կնվաճեն հայկական շուկան: Ինտեգրացիայից օգուտներ քաղելու համար պետք է ունենալ բալանսավորված քաղաքականություն, որի արդյունքում կունենանք լայնածավալ ներդրումներ դրսից»:

Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ առանց Մաքսային միություն մտնելու էլ Հայաստանը կարող էր «կամուրջ դառնալ, բայց այդ շանսը կորցրինք»: Ըստ պարոն Բոզոյանի՝ այս իրավիճակի պատճառն այն է, որ «ով ինչ առաջարկում է՝ ՀՀ իշխանությունները հախուռն գրկախառնվում են և իրավիճակային քաղաքականություն վարում»:

Գազային համաձայնագիրը՝ ըստ Երվանդ Բոզոյանի՝ «վասալային պայմանագիր է»: Քաղաքագետը նման կարծիք հայտնեց. «Մենք արդեն շողուլից ընկել ենք, գլորվում ենք ներքև, սա ակնհայտ է մանավանդ այն դեպքում, երբ ներկայացվում է, որ Հայաստանն է ուզում միանալ Մաքսային միությանը»:

Մեր մյուս հարցին՝ Մաքսային միության անդամակցումը դրականորեն կազդի՞ ԼՂ հակամարտության լուծմանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարծիք կա, թե ամենից շատ ՌԴ-ին է ձեռնտու, որ ԼՂ հակամարտության լուծումը ձգձգվի: Նա պատասխանեց. «ԼՂ հիմնախնդիրը դրականորեն կլուծվի հայ ժողովրդի համար այն դեպքում, երբ ՀՀ-ն ուժեղ լինի տնտեսապես ու քաղաքականապես: Ադրբեջանն ի դեմս Թուրքիայի ունի լուրջ աշխարհաքաղաքական դաշնակից, այն ունի հարուստ էներգետիկ ռեսուրսներ, որ մատակարարում է ԵՄ: Իհարկե, ՌԴ-ն չի ուզում, որ այս խնդիրն արագորեն լուծվի, քանի որ ինքն ուզում է, որ տարածաշրջանն իր ազդեցության տակ լինի, նոր լուծի: Այստեղ մեր շահերը համընկնում են, քանի որ մենք թույլ ենք և մեզ ձեռնտու է, որ ուժեղանանք, հետո լուծվի հիմնախնդիրը: Մենք չպետք է սպասենք, որ մի քեռի գալու է և լուծելու է ԼՂ հիմնախնդիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728