Ի՞նչ ապագա ունի համացանցը՝ մեր երկրում, որքանո՞վ են վստահում մարդիկ ԶԼՄ-ներին, ո՞ր տեղում է գտնվում մամուլը՝ վստահելիության աստիճանով, ովքե՞ր են մեր հեռուստաընկերությունների տերերը, կանհետանա՞ն թերթերը, թե՞ ոչ… այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով Երեւանի մամուլի ակումբը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և «Ինտերնյուս Նեթուորքը» մեծածավալ հետազոտություն էին արել, որի արդյունքներն այսօր ներկայացվեցինն «Կոնգրես» հյուրանոցում:
«Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» անունը կրող հետազոտության ժամանակ օգտագործվել է Երեւանի եւ մարզերի 1403 տնային տնտեսությունների շրջանում արված սոցիոլոգիական հարցումը, որը կատարել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը (CRRC-Armenia): Բնականաբար, շարքային քաղաքացիների շրջանում արված սոցհարցումը բավարար չէր լինի՝ ամբողջական պատկեր ստանալու համար, այդ իսկ պատճառով հետազոտության մեջ ներառվել է 21 մեդիափորձագետների (խմբագիրներ, ԶԼՄ-ների սեփականատերեր, լրագրողներ) մասնակցությամբ փորձագիտական հարցում, բացի այդ, կազմակերպվել է չորս թեմատիկ կլոր սեղան՝ մասնակիցների առավել լայն ընդգրկմամբ:
Եվ վերջապես առավել ընդգրկուն պատկեր ստանալու համար ԵՄԱ-ն կատարել է նաեւ հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկում:
Պատկերը, որ ստացվել է «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտության արդյունքում, այնքան էլ ոգեւորիչ չէ, մասնավորապես, ավանդական ԶԼՄ-ների համար. թերթերի համար փորձագետներն ու շարքային քաղաքացինները կանխագուշակել էին մահ՝ անհետացում, հեռուստատեսությունը, թեեւ դեռ հսկայական լսարան ունի՝ մարդկանց 79%-ը որպես լրատվության աղբյուր դիտարկում է TV-ները, սակայն, 2011թ. հետ համեմատ այդ տոկոսը նվազել է, իսկ ինտերնետը՝ որպես տեղեկատվական աղբյուր ավելի մեծ լսարան է հավաքում:
Կարդացեք նաև
Հետաքրքիր է, որ ԶԼՄ-ները իրենց վստահելիության չափով հասարակության մեջ նախավերջին տեղում են՝ միայն քաղաքական կուսակցություններն ավելի վատ վարկանիշ ունեն:
Առաջին տեղում վստահելիության առումով՝ բանակն է, ապա՝ եկեղեցին, հետո՝ հասարակական կազմակերպությունները, 4-րդ տեղում գործադիր իշխանությունն է՝ նախագահի հետ միասին, 5-րդը Ազգային ժողովն է, որին հաջորդում է դատական իշխանությունը, եւ հետո՝ ԶԼՄ-ներ, վերջում կուսակցություններ:
Հետաքրքիր է, որ մեր հասարակությունը, թեեւ ԶԼՄ-ներին անվստահություն հայտնելու հիմնական պատճառ համարում է մամուլի կախվածությունը քաղաքական հոսանքներից, սակայն ամենեւին տեղեկացված չէ, թե, օրինակ, ում են պատկանում մեր TV-ները: Ասենք, 1403 հարցվածներից ընդամենը 12 հոգի գիտեր, որ «Կենտրոնը» պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ «Երկիր-մեդիան»՝ ՀՅԴ-ին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ