Սայաթ- Նովա 10 հասցեի բնակիչներին հայտնի են դարձել իրենց բակում արդեն մեկ տարի ու ապօրինաբար կառուցվող հյուրանոցի հովանավորների նոր անուններ: Նրանց տեղեկություններով, հյուրանոցի կառուցման հետեւում կանգնած են ՀՀ նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Բնակիչներին այլ անուններ էլ են հասել, բայց առայժմ ճշտել են միայն շինարարություն իրականացնող ընկերության՝ «Լարկո Գրուպ»-ի գրանցված նախագահի ինքնությունը՝ ամերիկաբնակ Աբել Հախվերդյանն է:
Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ բնակիչները շարունակում էին դժգոհել, որ իրենց շենքերի սեյսմակայունությանը, իրենց առողջությանը լուրջ վնասներ հասցնող հյուրանոցի համար իրենց բոլոր ահազանգերը մնում են անպատասխան:
Փաստաբան Ալբերտ Կանդալյանն էլ պատմեց, որ վերջին անգամ քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից են բնակիչների ահազանգով եկել, բայց վստահեցրել են, որ շինարարությունն իրականացվում է օրենքով եւ հարկավոր չեն փորձաքննություններ:
Բնակիչ Արթուր Զաքարյանի բնորոշմամբ, իրենց բակում տեղի ունեցողը «դասական անարխիայի օրինակ է». «Բեսպրեդել… եկեք, տեսեք՝ ինչ կարելի է անել մեր դեմ խաղ չկա վերնագրով: Հյուրանոցը բակերում են սարքում, իսկական բարդակ է լինելու: Փողոցը փլվեց, մարդ չեկավ, բնակարանների պատերը փլվեցին, էլի մարդ չեկավ»:
Կարդացեք նաև
Նույն հասցեում բնակվող Անդրանիկ սարկավագն էլ նկարել է, թե ինչպես է կառուցվող շենքի նկուղային հարկում սկզբում բնակիչ, հետո դիտորդ, հետո շինարարության աշխատանքներին մասնակցող մի կին գիշերում ոստիկանների, բանվորների հետ. «Ուրիշի մեղքը չեմ վերցնում վրաս, բայց ինձ համար դա անառակություն է»:
Այս մասին հաղորդում են տվել նաեւ ՀՀ Ոստիկանությունում:
Բնակիչները դիմել են վարչական դատարան, անցել է երկու ամիս, բայց դատարանից նույնիսկ չեն տեղեկացրել՝ իրենց հայցը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ:
Բնակիչները պատրաստվում են հասնել մինչեւ Եվրոդատարան. «Դիմելու ենք ու պարտավորեցնենք, որ կառուցապատողն իր ձեռքով քանդի այդ շինությունը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կքանդի՛ բա չի քանդի։ Մինչև այսօր այդ, որ մի օլիգարխի օբյեկտն են քանդել, որ այս մեկը քանդեն։ Ինչ անզոր ենք մենք այս «մարդկանց» դեմ։