Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետ. «Մեղրու տարածաշրջանի ժողովրդի մտահոգությունն արդարացի է»

Փետրվար 10,2014 11:18

«Առավոտի» զրուցակիցն է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը

 -Պարո՛ն մարզպետ, դեռեւս անցյալ տարի մեղրեցիները դիմել էին ձեզ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Մեղրու տարածաշրջանում նոր հանքավայրերի հնարավոր շահագործման եւ դրա հետեւանքով տարածաշրջանին սպառնացող աղետալի հետեւանքների մասին: Ի՞նչ ընթացք է ստացել մեղրեցիների դիմումը:

-Իհարկե, Մեղրու տարածաշրջանի ժողովրդի մտահոգությունն արդարացի է, բայց ներդրողների հետ ունեցած մեր հանդիպումները եւ մեր պետության կողմից սահմանված չափորոշիչներն ու պահանջները, թույլ են տալիս լիարժեք ասելու, որ այսօր, թերեւս, մտահոգվելու անհրաժեշտություն չկա: Եթե լեռնահանքային տնտեսությունում խնդիրներն ու մտահոգությունները պայմանավորված են հիմնականում պոչերի առկայության հետեւանքով հնարավոր հիվանդությունների առաջացման հետ, ապա Մեղրիում տվյալ ձեռնարկությունը չոր պոչերի տեխնոլոգիա է կիրառելու: Այսինքն՝ որպես պոչ, սկզբունքորեն չի լինելու:

-Մեղրեցիները նշում են, որ Մեղրու գետը սկիզբ է առնում այդ սարերից եւ հանքավայրի շահագործման դեպքում առաջացող թափոնները լցվելու են Մեղրի գետը, որով էլ ոռոգվում են տարածաշրջանի այգիները: Բնակիչները համոզված են, որ Տաշտունի հանքավայրը մեծ սպառնալիք է լինելու տարածաշրջանի համար: Չե՞ք կարծում, որ տարածաշրջանի բնակչության կարծիքը պետք է հաշվի առնվեր:

-Նախապես ուսումնասիրություններ են իրականացվել, համապատասխան գնահատականը տրվել էր, այնպես չէ, որ ամեն ինչի գնով պետք է արդյունք ստանալ: Այո, եթե այնտեղ մեղրեցին է ապրում, ուրեմն պետք է ավելի շատ մեղրեցու կարծիքը հաշվի առնել, եւ նույն տնտեսվարողն էլ պետության կողմից սահմանված չափորոշիչներով է իրականացնում իր առջեւ դրված խնդիրները: Եթե լինեն չարաշահումներ, ապա ձեր նշած մտահոգություններն առաջին հերթին մեր կողմից կկանխվեն:

-Բայց մեղրեցիների կարծիքը ոչ ոք հաշվի չի առել: Որպես ազդակիր համայնք՝ այստեղ նույնիսկ հասարակական լսումներ չեն անցկացվել: Մեղրի կատարած մեր այցի ժամանակ տեղի բնակիչները նշել են, որ նույնիսկ հանքի սեփականատերերին չեն ճանաչում:

-Մենք այստեղ ենք, որպեսզի մեղրեցու շահը պահենք: Կարծում եմ՝ ներդրում կատարողը (մի քանի միլիոն դոլարի մասին է խոսքը գնում) իր պարտականություններն ու իրավունքները գիտի եւ առաջին հերթին այդ բոլոր խնդիրները հաշվի է առել: Ես ավելորդ եմ համարում հնչեցվող նման զգացմունքային գնահատականները: Եթե մենք այսօր տեսնեինք, որ դա վնասում է Մեղրու տարածաշրջանին, բնականաբար, ցանկալի չէր լինի եւ չէր խրախուսվի դրա գործունեությունը:

-Այսինքն, ամեն դեպքում այդ հանքավայրը շահագործվելու է:

-Մեր ունեցած տեղեկություններով՝ հանքավայրի ֆաբրիկան կառուցվում է, երեւի առաջիկայում էլ կաշխատի արդեն: Հանքարդյունաբերության մեջ ավելի շատ խնդիրներ առաջանում են մետալուրգիայում: Ձեզ հավատացնում եմ, որ վերամշակման այն եղանակը, որը պետք է ներդրվի այդ ձեռնարկությունում՝ համապատասխանում է միջազգային ժամանակակից պահանջներին: Մտահոգության առիթ այս պահին չեմ տեսնում եւ կրկին հավաստիացնում եմ, որ ամեն ինչ պետք է անենք զուտ մեղրեցու շահը հաշվի առնելով, հակառակ դեպքում՝մեր արած գործն իմաստ չունի:

-Պարո՛ն Հակոբյան, վերջերս քաղաքացիների շրջանում լուրեր են շրջանառվում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ինչ-որ նոր գործընթացներ են կատարվում՝ իբրեւ նոր գնորդներ կան, ռուսները պետք է գնեն եւ այլն: Որքանո՞վ են այդ լուրերը հավաստի:

-Չկա նման բան, համենայն դեպս, ես տեղյակ չեմ նման գործարքների մասին: Միշտ էլ կարող է ինչ-որ բան գնվել կամ վաճառվել, բաժնետիրական ընկերություն է ի վերջո: Կարեւորը՝ կոմբինատը շարունակում է իր հունով աշխատել, հարկերը վճարել, իսկ մարդիկ էլ՝ կանոնավոր կերպով աշխատանքի են գնում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ո՛չ մի հարցի այդպես էլ կոնկրետ չպատասխանեց: Վահե Հակոբյանը ինքը հանքատեր,իր ամբողջ ընտանիքը հանքատեր. պարզ է, որ հանքարդյունաբերության շահը պիտի պաշտպանի. իբր «վտանգ չկա»:

    Որտեղ՞ է ՀՀ Բնապահպանության նախարարությունը: Արծվանիկի ԱՀԱՍԱՐՍՈՒՌ պոչամբարն էլ պիտի «չորացնեն»:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նույնիսկ 6 տարեկան երեխան կհասկանա,որ ընդամենը 664 քառ.կմ. տարածք ունեցող գյուղատնտեսական Մեղրու շրջանում 14 մետաղական ՆՈՐ հանքի շահագործումը տանում է անշրջելի աղետի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728