Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ու … մենք

Փետրվար 10,2014 11:09

Ինչ են հայերն ուզում իրարից եւ մնացած աշխարհից

Եթե հայաստանաբնակ կամ էլ նրա սահմաններից դուրս ապրող հային հարցնեք, թե ինչ են ուզում իրենք աշխարհից ու իրարից, ապա կդառնաք ունկնդիրը բազմաշերտ սոցիալ-պատմական էքսկուրսի: Ստույգ ոչինչ չեք լսի խնդրի մասին: Ընդհակառակը, պատասխանողի զգացմունքային ընդվզման մեջ կհնչի խաղաղ, անմեղ, ստեղծագործ, տաղանդավոր և բոլոր առումներով յուրօրինակ հայ ժողովրդի`Աշխարհին ու Մարդկությանն ուղղված պահանջատիրությունը` անսասան ու անփոփոխ: Ու եթե համեստորեն փորձեք ենթադրել, թե, ունենալով պատմական, քաղաքական և ընդհանրապես, աշխարհայեցական սխալների այսպիսի «շտեմարան», կարող էինք ինչ–ինչ բաներ սովորել`ապագայի համար, ապա ձեզ կգամեն հայատյացության անարգանքի սյանը և ընդմիշտ կհայտնվեք մի մարդու վիճակում, ով չի հասկացել հայ ազգային գերխնդիրները: Դա բխում է նրանից, որ այդ խնդիրներն իրենց յուրօրինակությամբ չեն տեղավորվում պատճառա-հետևանքային համակարգի մեջ, որը հաջողությամբ գործում է մեզ` հայերիս շրջապատող աշխարհում:

Ընդսմին, միավորող համազգային գաղափարախոսության «փառապսակն» է հանդիսանում ցեղասպանության ողբերգությունը, ինչն, ի դեպ, հեռանալով ժամանակի մեջ, ամբիվալենտության օրենքով փոփոխության է ենթարկվել և այսօր ենթագիտակցորեն ընկալվում է որպես ազգային հպարտության յուրահատուկ առարկա: Ասես, դարձել է նույն կարծրատիպով գործելու և մտածելու անընդհատության երաշխիք: Պատմական արդարության վերականգնման պահանջատիրությունն աստիճանաբար տարափոխվելով ինքնապարփակ ու ինքնաբավ նյութի, գործնականորեն անտեսում է նաև կենսական կարևորություն ունեցող հետևյալ հարցադրումները. Ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու, եթե հանկարծ Հայաստանի այդ հարևանները կատարեն իրենց ներկայացված պահանջները: Ինչպիսի՞ աշխարհա-քաղաքական, սոցիալական, դեմոգրաֆիկ և հոգեբանական ցնցումներ են սպասում հայերին այն պարագայում, երբ իղձերը դառնան առարկայական իրականություն:

Արդի իրականության ո՞ր գործոններն են Հայաստանի ու աշխարհասփյուռ հայությանը թույլ տալիս լավատեսորեն ձգտել դեպի ավետյաց հողերը: Խոսել սիրում են բոլորը, լսել կարողանում են քչերը, ընկալել ունակ են եզակիները: Սեփական ճարտասանությամբ զմայլվելը ընդհանրապես հատուկ է մարդուն, բայց դա ներելի էր այն ժամանակներում, երբ աշխարհը թվում էր անծայրածիր, և ապոկալիպսիսն ընկալվում էր որպես բիբլիական սարսափ-հեքիաթ: Այսօր երկրագնդով մեկ շրջում են հաշված րոպեներում, իսկ «աշխարհի վերջը» ընդունում է հստակ ուրվագծեր:

Մենք անցել ենք բաժանարար այն գիծը, որը տարանջատում է անհիմն պատասխանների ժամանակը հին հարցերը նորովի բարձրացնելու դարաշրջանից: Տվյալ դեպքում «մենք»-ի տակ հանդես ենք գալիս արդեն ոչ միայն հայերս, այլ, թերևս, ամբողջ մարդկությունը: Եթե այս պարզագույն մարդկային գոյատևման ճանապարհների որոնման լուրջ վերլուծականների վրա հիմնված մեր գործողություններն ու մտքերը չշտկվեն, ապա մնացած ամեն ինչը կվերածվի հանցավոր դատարկախոսության: Կոնյուկտուրային բառախաղի ու չմտածված գործողությունների համար պատասխանատվությունն ավելանում է հիերարխիկ սանդղակով` իշխանական բուրգի գագաթ մոտենալուն զուգընթաց: Բայց դա չի ազատում բուրգի ստորոտին գտնվողներին ժամանակի պահանջին համընթաց մտածելուց:

Վերադառնալով նոր ձևով մտածելու ժամանակի հրամայականին, առաջարկում եմ գերխնդիրների մի ցանկ, որն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս` արևելահայերին և արևմտահայերին, «Առավոտի» ընթերցողներին ու հոդվածագիրներին: — Ցեղասպանություն — Պատմական հողերի կորուստ — «Ստիպողական» փախստականներ — Համաշխարհային հայության երկու հատվածների առկայություն`կազմված Հայաստանի քաղաքացիներից ու Սփյուռքից — Երկու լեզու, երկու ուղղագրություն, երկու գրականություն — Էթնիկ և ազգային ինքնագիտակցության պահպանման դժվարություններ Հայրենիքում և նրանից հեռու:

Ամբողջ 20-րդ դարի ընթացքում վերոնշյալ բացասական իրողությունների վրա է հիմնվել հայության միաբանության գաղափարախոսությունը: Վերջերս էլ ավելացավ ազատ անկախ պետություն ունենալու գործոնը: Մանրամասները անտեսելով, կարելի է դրանով միմիայն ուրախանալ, բայց ոչ շատ երկար: Հակառակ դեպքում այդ անսանձ ուրախության ալիքի վրա կարելի է շատ արագ հայտնվել, ի դեպ առանց խորհրդային վահանի, միայն սեփական շահերով և անվտանգությամբ մտահոգված հզոր պետությունների կողմից «ականապատված» տարածքում: Իսկ բոլորի կողմից զուտ ծրագրային հնչող «ազատություն» և «անկախություն» բառերը համարձակորեն կարելի է գրանցել թմրադեղ-բառերի ցուցակում. ոչ ադեկվատ խրախճանք և ցավագին հիասթափություն:
Ներկա իրավիճակի ճիշտ վերլուծականի համար պետք է հին խալու պես թափ տալ իմաստափոխված բառերի, հասկացությունների և գաղափարների զինանոցը: Պետք է հասնել իրերի նախնական վիճակների ճանաչողությանը: Արտագաղթը լա՞վ է, թե վատ: Ի՞նչ կերպ են համատեղվում այդ երևույթի կենտրոնաձիգ ու կենտրոնախույս մեխանիզմները: Ինչու՞ ենք մենք հեռվում տառապում Հայրենիքի կարոտից, իսկ Հայրենիքում` տառապում Հայրենիքից: Ինչու՞ են ավելի վաղ արտագաղթածները նորերին խորհուրդ տալիս հեռու մնալ հայերից: Եվ հազարավոր նման «ինչուներ», որոնց պետք է պատասխանել, հասկանալու համար, թե ովքեր ենք մենք` այդ հայերս, այդքան իրար նման ու իրարից տարբեր, այդքան ազնիվ ու սարսափելի անազնիվ, այդքան տաղանդավոր ու, երբեմն, այդքան անշնորհք: Պետք է հասկանանք, որպեսզի կարողանանք առաջ գնալ: Եվ այդ պատասխանները պետք է գտնի յուրաքանչյուրն իր և մյուսների համար:
Անշուշտ, հարցերի որոնման մեր ճանապարհին պիտի հիշենք, որ խոսքը բազմաշերտ երևույթի մասին է, որը կոչվում է «Հայ»: Եվ, գուցե, այս պաթոսից ազատագրված հարցերի պատասխանների որոնման ճանապարհին մենք կգտնենք մեզ` հայերիս միաբանող գաղափարը:

Վահե ՎԱՆԵՍՅԱՆ

Լուսանկարը` lianadavtyan.blogspot.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Lili says:

    Կարծիքս երևի կհնչի շատ քննադատական, երևի այն վերոնշյալ էմոցիոնալ հիմնավորումից է, բայց իմ հիասթափությունը, գտնվելով ՀՀ-ում, և դրանից հետո, երբ ապրում եմ դրսում, չափից շատ է ադեկվատ և մտածված կարծիք հայտնելու համար:Հոդվածի մեջ ներառված էր համարյա բոլոր ազգային նշանակություն ունեցող խնդիրների խուրձը, որը նման է Գորդյան հանգույցի: Ինչքան խորանաս, ինչքան հարցերին դիպուկ ենթահարցեր որոնես, վերջում ավելի ես խճճվելու: Կարծիքս ըստ հոդվածի մտքերի հերթականության.
    1.”Հայ” հոգեբանության և ազգային հատկանշական գծերն են՝ ինքներս մեզ վեր դասել ամենքից ( պատճառահետևանքային կապերից իմ կարծիքով ամենահիմնավորը՝ ԱՄԵՆԱՀԻՆ ԱԶԳԵՐԻՑ ՄԵԿԸ,ՈՐԸ ԳՈՅԱՏԵՎԵԼ Է ՄԻՆՉ ՕՐՍ), բողոքել արտաքին ազդակ հանդիսացող գրեթե ամեն ինչից, ինքներս մեր առաջ անպատասխանատու լինելով հանդերձ և այլն: Բայց մենք կորցրել ենք մեր ազգային դեմքը,մենք վաղուց դադարել ենք լինել ՀԻՆ հայկական (դարերից եկած ու ապացուցված իր գոյությամբ) ցավով ու ողբերգությամբ ապրող ազգ: Մարդիկ դարձրել են մատի փաթաթան գրեթե բոլոր պատմական իրադարձությունները, լինի դա ցեղասպանություն, թե Ավարայր, թե Սովետական դարաշրջան:
    2. ՛Ցեղասպանությունը ՛ տերմինը ինքն իրենով դարձել է շաբլոն թե մեծ տիրությունների, թե մեր գերիշխանությունների համար, որը ավելի շատ նմանվում է խաղում մի խաղաքարտ ունենալուն, որ միայն նրանով դու կարող ես հիշեցնել քո մասին:
    Թե երիտասարդությունը և թե մեծերը այսօր չեն էլ գիտակցում մի պահ ինչ կլինի, եթե այդքան տարիներ գոռգռացող “Ընդունել” բառը մի օր դառնա իրականություն, մի օր մեր հողերը ետ վերադարձնեն: Ոչ ոք (հասարակ ժողովրդից) տարվա մեջ ոչ մի օր չի հիշատակում Ցեղասպանություն բառը, բացի Ապրիլի 24ից, որի ժամանակ էլ ուղղակի լացդ է գալիս, որ դու հայ ես, երբ կողքդ 15-16 տարեկան երիտասարդների խումբը կարող է ճչալ ամբողջ ճանապարհին “ինչ ենք խմում ՝ թուրքի արյուն, ինչ ենք ուտում՝ թուքի միս”, իսկ շուրջդ ուրախ զույգերի հավաքածու է, որն ուղղակի դուրս է եկել ևս մեկ անգամ ամբոխի մեջ զբոսանքի: Հստակ կարող եմ ասել երիտասարդ սերունդի 80 տոկոսը չի գիտակցում ինչ է նշանակում ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ուր է թե արտերկրում գտնվողները մտածեն այդ հարցի շուրջ:
    3. Ինչ վերաբերվում է ազգային ինքնագիտակցությանը. հիասթափությունս հասավ իր գագաթնակետին, երբ լքեցի հայրենիքս, ու եկա Մոսկվա: Առաջին մի ամիսը պայքարում էի, որ ծանոթանալուց ասեմ ՀԱՅ եմ, տուն փնտրելուց չլսեն Армянка, ու ցած նետեն լսափողը, ինձ թարս հայացքով չչափեն, որ դրում հայերի խմբի տեսնելով չամաչեմ, որ հայ եմ, ու իհարկե ատոմի չափ չնչին չափով փորձեմ փոխել մարդկանց կարծրատիպերը հայ ազգի մասին: Երկրորդ ամսից ինձ խնդրում էին աշխատավայրում, որ ներկայանամ ուրիշ ազգի ազգանվան տակ, որպեսզի ՌՈՒՍ հասարակությունը սկզբնապես չվախենա աշխատելուց մեր հետ: Ու նմանատիպ մանր հարցերի կողքին, երբ այստեղ ես ինքս ինձ ուտում էի ՀԱՅ լինելու համար, իմ երկրում իրար էին ուտում ժողովուրդն ու իշխանությունը, ավելի ճիշտ ամբոխներ, որոնք չգիտեմ կոնկրետ գիտակցում են արդյոք, թե իրենք ինչ են ուզում իրականում: Մի օր հերթական լուրերը դիտելիս, երբ հիանում էի ազգիս զորությամբ, որ իրար էին ջարդում փողոցներում, մեջս արթնացավ Ժամանակի թելադրությամբ ՄԵԾ ԷԳՈՆ: Ինքս ինձ համար հստակեցրեցի իմ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ վերաբերող կարծրատիպերը, հասկացա , որ ես բացի դրսում ինքս իմ մեջ ՀԱՅԸ պահպանելուց ու շրջակայքում ՀԱՅԸ պաշտպանելուց ոչինչ չեմ կարող անել: Չէ որ ես եմ ընտրել այս ուղին, դրսում հեռվից ցավալ հայրենիքի համար: Ինչ էլ լինի, մենք ներսում թաքնված բոլորս էլ ունենք ազգային գիտակցություն, ունենք սեր մեր հայրենիքի նկատմամբ, տածում ենք հպարտություն մեր մեծամեծերի հանդեպ:
    Ինձ համար ամենամեծ գերխնդիրը հայության արտագաղթն է: Ամեն օր, մի ինքնաթիռ հայ է իջնում Մոսկվա, և ոչ մեկը ետ վերադարձի մասին մտածել անգամ չեն ուզում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728