Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի բացահայտվող հենարանները. 168.am

Փետրվար 09,2014 18:45

168.am. ԱԺ ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների միջև ձեռք բերված համաձայնությունն՝ առաջիկա քառօրյայում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ (այդ համաձայնության մասին պաշտոնապես չի հայտարարվել, սակայն այդ ուժերի ներկայացուցիչներից որևէ մեկը չի հերքել դրա վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունները), առաջին իսկ պահից բացահայտել է ոչ միայն ընդդիմադիր և այդպիսին ներկայացող ուժերի իրական դասավորությունը, այլև իշխանության համար ընթացող պայքարի պատճառահետևանքային կապերն ու այն, թե այդ ուժերից որն ում առանցքի շուրջ է «պտտվում»:

Մի կողմ թողնելով այդ չորս ուժերի տարբեր ներկայացուցիչների տարբեր մեկնաբանություններն ու ձևակերպումները, այս պահին կարելի է արձանագրել հետևյալը. ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պատրաստվում են ԱԺ-ում բարձրացնել կառավարության անվստահության հարցը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»՝ յուրաքանչյուրն իր դրդապատճառներով՝ գոնե առայժմ դեմ է դրան: Մեկը փուլային իշխանափոխություն է ցանկանում, մյուսը՝ փաթեթային կամ համակարգային, բայց դրանից խնդրի էությունն առանձնապես չի փոխվում: «Ժառանգության» համար, թվում է՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում որևէ խնդիր չպետք է լիներ, նրա ներկայացուցիչները հրապարակավ միշտ էլ քննադատել են կառավարությանն ու Տիգրան Սարգսյանին, վերջինիս հետ ստվերային կապ էլ կարծես թե չունեն՝ կառավարելիության իմաստով: Ուրեմն ինչո՞ւ է, այնուամենայնիվ, «Ժառանգությունը» եթե ոչ՝ մերժում, ապա՝ գոնե վերապահմամբ հանդես գալիս կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի առնչությամբ: Ամենայն հավանականությամբ՝ այն պատճառով, որ այս նախաձեռնությունը համարում են քոչարյանական «խաղ», ինչն էլ նրանց հետ է պահում այդ նախաձեռնությանը միանալուց:

Ակնհայտ է, որ ներկայիս քաղաքական իրողությունների պայմաններում կառավարությանն իմպիչմենթ հայտնելու հարցի ներկայացումը տեղավորվում է միայն Քոչարյանի վերջին ակտիվության տրամաբանության շրջանակներում: Հենց դրանով պետք է բացատրել ԲՀԿ-ի ներգրավվածությունն այս գործընթացում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր վերջին հայտարարությամբ վերահաստատեց, որ ընդդիմություն չէ և չի կարող լինել: Սակայն այդ հայտարարությունից հետո ԲՀԿ-ի համաձայնությունն իմպիչմենթի նախաձեռնությանը նշանակում է, որ Ծառուկյանն իր դիրքորոշման, ընդդիմություն չդառնալու դիմաց՝ փոխհատուցում է պահանջում եթե ոչ՝ վարչապետի, ապա՝ կառավարությանը ներգրավվածության տեսքով: Ընդ որում, նրա հայտարարությունը, որ ինքն է լինելու ԲՀԿ-ի «հավերժ» նախագահը, այսինքն՝ Քոչարյանը չի կարող դառնալ ԲՀԿ ղեկավար, ցույց է տալիս, որ գոնե այս փուլում Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը բավարարում է ինչպես՝ ԲՀԿ-ին, այնպես էլ՝ Քոչարյանին: Այսինքն՝ ներկայումս հարցը դրված չէ Տ. Սարգսյանին Քոչարյանով կամ նույնիսկ Ծառուկյանով փոխարինելու մեջ, և նրանք կհամաձայնվեն նաև «միջանկյալ» որևէ ֆիգուրի թեկնածությանը՝ բնականաբար, նաև ԲՀԿ-ին կառավարություն վերադարձնելու պայմանով: Կտանի՞ իր հետ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին, թե՞ ոչ, արդեն տեխնիկական խնդիր է, քանի որ ՀԱԿ-ը վաղուց է վերածվել ԲՀԿ-ի ծրագրերի քարոզչական ֆոնն ապահովող զանգվածի: Իսկ քարոզչությամբ զբաղվողներին միշտ չէ, որ նախարարի պաշտոն են տալիս:

Այս պայմաններում, իհարկե, ամենազարմանալին ՀՅԴ-ի վարքագիծն է: Թվում է, որ քոչարյանական որևէ նախաձեռնության մեջ Դաշնակցությունը պետք է որ առաջամարտիկի դերում լինի: Սակայն ՀՅԴ-ն, ըստ ամենայնի, գործում է մաքսիմում և մինիմում սցենարներով: Այսինքն՝ եթե իրադարձություններն այնպես զարգանան, որ Քոչարյանի վերադարձն ավելի առարկայական դառնա, ՀՅԴ-ն կխաղա ավելի բաց խաղաքարտերով: Սակայն մինչ այդ ՀՅԴ-ն չի ցանկանում հարաբերությունները փչացնել իշխանության հետ, որի հետ վերջին տարիներին բավականաչափ ինտեգրվել է: Ինչպես վարչապետի պաշտոնանկության նախաձեռնությունը, այնպես էլ Քոչարյանի վերադարձն, ընդհանուր առմամբ, կարող է տապալվել, և դա հաշվի առնելով՝ դաշնակցականները, թերևս, չեն ուզում վտանգի տակ դնել ունեցածը (դիվանագիտական պաշտոններ, երևացող ու չերևացող բիզնեսներ, և այլն):

Կկարողանա՞ն արդյոք ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առաջիկայում համոզել դաշնակցականներին ու «Ժառանգությանը»՝ միանալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, դժվար է ասել: Ակնհայտ է, որ, եթե դա տեղի չունեցավ, նրանց նախաձեռնությունը տապալվելու է: Ինչպես որ տապալվելու է, եթե բոլոր չորս ոչ իշխանական ուժերն էլ միանան դրան (անգամ՝ եթե գործող կառավարությունը պաշտոնանկ արվի, հաստատ դա տեղի չի ունենա ոչ իշխանական ուժերի պահանջով): Բայց բացառված չէ, որ ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին այս փուլում ձեռնտու է հենց այդ՝ ՀՅԴ-ի ու Դաշնակցության չմիանալը: Դա հնարավորություն կտա դաշնակցականներին ու «Ժառանգությանը» ներկայացնել՝ որպես իշխանությանը «ծախվածներ», և հասարակությանը ցույց տալ, որ բոլոր դժբախտությունների մեղավոր Տիգրան Սարգսյանի կառավարության փոփոխությանը կողմ են միայն երկու ուժեր՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը:

Միքայել ՍԱՀԱԿՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728