Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պապյան. «Հայ հանդիսատեսն արժանի է լավ երաժշտության»

Փետրվար 08,2014 19:15

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, 2014 թ. իր համերգային ծրագրի մեկնարկը կազդարարի օպերայի կատարմամբ:

Փետրվարի 11-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի օպերային արվեստի համաշխարհային գլուխգործոցներից մեկի՝ Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը:

«Տոսկան» այն օպերաներից է, որը Հայաստանում կամ չի հնչել, կամ էլ հնչել է շատ վաղուց: Չի հնչել, որովհետև բարդ է ինչպես գլխավոր դերակատարների, այնպես էլ նվագախմբի համար և, հետևաբար, շատ պատասխանատու է,- ասում է Էդուարդ Թոփչյանը,- բայց մենք շատ հպարտ ենք, որ աշխարհի ամենալավ Տոսկաներից մեկը՝ Հասմիկ Պապյանը, ցանկություն հայտնեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացնելու այս օպերան»:

Ինչո՞ւ հենց «Տոսկան»:

«Երբ մաեստրո Թոփչյանն առաջարկեց շարունակել մեր համագործակցությունը, անմիջապես միտքս եկավ «Տոսկան», որը չի հնչել Հայաստանում, և կարծում եմ, որ սա մեծ բացթողում է մեր մշակութային կյանքում: Սա այնպիսի օպերա է, որը զարդարում է գրեթե բոլոր մեծ թատրոնների խաղացանկը: Հուսով եմ, որ սա միայն սկիզբն է, և հետագայում հնարավորություն կունենանք բեմադրելու: Սա դրամա է, որը բազմաթիվ հնարավորություններ է տալիս արտահայտվելու, ինքնադրսևորվելու, ուղղակի բեմը լցնելու»,- պարզաբանեց աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը:

Երգչուհուն ամենաշատը ուրախացրել է այն, որ Տոսկա առաջին անգամ երգելու է բացառապես հայկական կազմով՝ հայ երգիչներ, հայ նվագախումբ, հայ դիրիժոր. «Ես Տոսկա երգել եմ բազմաթիվ անգամներ: Երևի, հարյուրից ավելի ներկայացումներ աշխարհի տարբեր երկրներում և շատ մեծ երգիչների հետ, բայց երբևիցե առիթ չի եղել հանդես գալ միայն հայերի հետ, և ես իսկապես շատ երջանիկ եմ, որ մենք այսօր կարող ենք այս դժվարագույն օպերան բեմ բարձրացնել մեր ուժերով և ներկայացնել մեր ունկնդրին»,- ասաց երգչուհին:

Նա գրեթե վստահ է, որ այսպիսի երաժշտության հետ շփվելով, մեկ անգամ այն լսելուց հետո հանդիսատեսն այլևս չի ցանկանա ուրիշ տեսակի երաժշտություն լսել. «Սա մարդու մեջ շատ բարձր զգացումներ է առաջացնում, իսկ մեր հանդիսատեսն արժանի է այդպիսի երաժշտության»,- հավելեց նա:

Հասմիկ Պապյանը նկատեց, որ թեև «Տոսկան» այն օպերան է, որը հիմնականում բեմադրվում է, բայց անձամբ իր համար մեծ տարբերություն չկա՝ այն բեմակա՞ն տարբերակով կլինի, թե՞ համերգային. «Ես մեկ անգամ արդեն այն երգել եմ համերգային ձևով: Համերգային կատարումը, իհարկե, տարբերվում է բեմական կատարումից: Բայց այդ տարբերությունը հիմնականում նրանում է, որ համերգայինի դեպքում ողջ ուշադրությունը կենտրոնացվում է երաժշտության վրա: Ինձ համար տարբերություն չկա, որովհետև, վերարտադրելով երաժշտությունը, ես, միևնույն է, պետք է լինեմ դերի մեջ, այսինքն՝ դու չես կարող կտրվել կերպարից և ամբողջովին բեմում ես»,- ասաց երգչուհին:

Նշենք, որ մյուս գլխավոր դերերգերում հանդես կգան տենոր Հովհաննես Այվազյանը, բարիտոն Դավիթ Բաբայանցը, բաս Հրանտ Պապյանը: Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն նաև «Հովեր» (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան) և «Սպեղանի» (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Սարինե Ավթանդիլյան) երգչախմբերը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728