Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանն իր անվտանգության մասին է մտածում». Արթուր Բաղդասարյանը՝ ՌԴ-ում միգրացիոն օրենքի խստացման մասին

Փետրվար 08,2014 16:03

Այսօր «Օրինաց Երկիր» կուսակցության գրասենյակում կազմակերպվել էր վերջերս մեծ աղմուկ բարձրացրած՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված, միգրանտներին վերաբերող օրենքների խստացման վերաբերյալ քննարկում :

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այս օրենքները լուրջ մտահոգություններ են առաջացրել, եւ անգամ իրենց կուսակից ընկերներն են ահազանգել ՕԵԿ գրասենյակ. «Զանգում, ասում են՝ բա ի՞նչ է լինելու մեր վիճակը ապրիլի մեկին, որովհետեւ սա նշանակում է դեպորտների թվի ավելացում, սա նշանակում է լուրջ խնդիրներ, եթե մենք չկարողանանք արդյունավետ լուծումներ գտնել»:

Պարոն Բաղդասարյանի ներկայացմամբ՝ օրենքը վերաբերում է անօրինական միգրանտներին, նրանք ովքեր Ռուսաստանում ունեն իրավական կարգավիճակ, նրանց վրա չի ազդի: Սակայն, ԱԽՔ ղեկավարը օրենքի ընկալման տեսանկյունից չափազանցված բացասական միտումներ է նկատել. «Այո, կան խնդիրներ, որոնք խնդրահարույց են, բայց այնպես չէ, որ այդ օրենքը տարածվում է նաեւ ՌԴ օրենքը ընդունող քաղաքացիների վրա,  որոնք լեգալ  կարգավիճակով են գնվում Ռուսաստանում»:

Պարոն Բաղդասարյանի ներկայացմամբ՝ իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատուշեւին նամակ է գրել, որպեսզի առաջիկայում ձեռք բերվեն պայմանավորվածություններ՝ խնդիրը դարձնել քննարկման առարկա, թե ինչով կարելի է մեղմացնել օրենքի դրույթները, եւ, ինչպես պարոն Բաղդասարյանն ասաց, աշխատանքային ցիվիլ միգրացիա կազմակերպել:

Քննարկմանը ներկա էր նաեւ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը ծավալուն դասախոսություն կարդաց, թե ինչ բան է միգրացիա, կամ ով է համարվում միգրանտ,  ինչ բան է օրինական կամ ապօրինի միգրանտը:

Պարոն Եգանյանն էլ միգրացիայի պատճառներից համարեց սոցիալական, բարոյահոգեբանական խնդիրները երկրում, ինչպես նաեւ՝ դրսում ավելի մրցունակ աշխատաշուկան:

Արթուր Բաղդասարյանն էլ Ռուսաստանում օրենքի դրույթները մեղմացնելու համար ասաց, որ Հայաստանը բոլոր պետական գործիքները պետք է կիրառի, որպեսզի հայ միգրանտների իրավունքները պաշտպանվեն, հատկապես որ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, եւ,  ըստ պարոն Բաղդասարյանի,  Հայաստանը, հանդիսանալով ՀԱՊԿ անդամ, եւ շուտով Մաքսային միության անդամ, ինչպես որ ռուս պաշտոնյաններն են հայտարարում՝ բոլորի համար պետք է գործի լիբերալ ռեժիմ, սակայն ստացվում է, որ այս օրենքը բոլորի համար է գործելու. «Այսինքն՝ դաշնակից ես, դաշնակից չես, բոլորի համար նույն կարգն է գործելու: Հիմա ԵՄ հայտարարել է, որ Արեւելյան գործընկերության պետությունների համար, այդ թվում  եւ Հայաստանի համար շուրջ  վեց հազար ապրանքատեսակներ արտոնյալ ռեժիմով կարող են առանց մաքսատուրքի կամ լիբերալ ռեժիմով արտահանվել ԵՄ:  Մենք պետք է փորձենք Ռուսաստանի հետ որպես դաշնակից երկիր հասնել որոշակի արտոնությունների: Դա պետք է սկսվի պրոֆեսիոնալ հարթության վրա: Երեկվա իմ նամակի մեջ ասել եմ, մենք Ռուսաստանի քաղաքացու համար Հայաստանի Հանրապետության տարածքում որեւիցե սահմանափակում չենք կիրառում, եւ չենք էլ կիրառելու: Նման ռեժիմ ռուս գործընկերներն էլ պետք կիրառեն մեզ համար: Ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բրյուսելում առավոտից իրիկուն Հայաստանի դարդ ու ցավով չեն մտածում էլի, մենք պետք է ձեռնամուխ լինենք մեր խնդիրները լուծելուն: Ես վարչապետին էլ եմ դիմելու՝ մտածենք, համալիր քայլեր ձեռնարկենք, որպեսզի բոլորս միասին գործիքակազմ ձեւավորենք, որ խնդիրները լուծենք»:

Aravot.am-ի այն հարցին, թե որոշ փորձագետներ վստահեցնում են, որ  Ռուսաստանը, որպես խոշոր պետություն, միշտ էլ մեծ ծավալի աշխատուժի կարիք ունի, այս պարագայում միգրացիոն օրենքների խստացումն, արդյոք չի՞ խոսում այն մասին, որ Ռուսաստանն ընդամենը լծակներ է փորձում կիրառել երկրներին իրենից կախվածության մեջ պահելու կամ ենթարկելու համար, պարոն Բաղդասարյանն ասաց. «Ամեն երկիր ունի իր շահը, վերջին շրջանում Ռուսաստանում տեղի ունեցան մտահոգիչ իրադարձություններ, եւ ազգայնական շարժումները գլուխ են բարձրացնում ոչ միայն Ռուսաստանում, ցավոք շատ այլ երկրներում: Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ է արտահայտվել ազգայնական շարժումներիի հետ կապված: Սրանք բնականոն գործընթացներ են, ուղղակի մեր մոտեցումը շատ հստակ է՝ դաշնակիցների համար պետք է գործեն այլ ռեժիմներ, որոնք այսօր կատարում է ամբողջ աշխարհը: Ռուսաստանի դաշնությունը ելնում է իր շահերից: Տեսեք՝ վերջին շրջանում ինչ աղմկահարույց հանցագործություններ տեղի ունեցան ադրբեջանցիների կողմից Ռուսաստանում, քանի ահաբեկչական ակտեր եղան, պետությունը պարտավոր է մտածել: Ռուսաստանը իր անվտանգության շահերի մասին է մտածում: Մենք էլ որպես դաշնակից պետք է կարողանանք մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանել՝ նրանց համար դարձնել ավելի արտոնյալ ռեժիմներ»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Հիշեցնենք, որ այս տարվա  հունվարի 1-ից փոխվել է Ռուսաստանի Դաշնությունում մնալու կարգը: ՌԴ-ում ուժի մեջ են մտել «Ռուսաստանի Դաշնությունից ելքի եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի մասին» եւ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Համաձայն նոր կարգի՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Այսինքն՝ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլեւս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը եւ անմիջապես վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում: Վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք՝ 3 տարի ժամկետով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728