«Անցած շաբաթները բավականին բուռն էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի համատեքստում՝ ե՛ւ մեր մամուլում, ե՛ւ միջազգային մամուլում բավականին արծարծվեց ինչպես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, այնպես էլ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,- այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գեւորգ Մելքոնյանը: Նա հայտարարեց, որ բաց է նկատում, քանի որ ե՛ւ հայկական, ե՛ւ ֆրանսիական մամուլը շրջանառվեց, որ Թուրքիա կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Աբդուլա Գյուլին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց ըստ տեսանյութերի՝ Ֆրանսիայի նախագահը չի օգտագործել ցեղասպանություն բառը, այլ կոչ է արել Թուրքիայի նախագահին, որ առերեսվի պատմության հետ:
Իսկ անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի «Ֆրանսպրեսին» տված հարցազրույցում կատարած համեմատությանը, թե Սիրիայում կատարվող իրադարձությունները նման են հայերի եւ ասորիների ցեղասպանություններին, պարոն Մելքոնյանը խորհուրդ տվեց չոգեւորվել.
«Մեր մամուլը անմիջապես անդրադարձավ, բայց որոշ մարդիկ մոռացան պատմությունը՝ այն, որ մինչեւ 2011 թվականը Սիրիայի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բաշար ալ-Ասադի, բավականին զսպված քաղաքականություն էր վարում Հայոց ցեղասպանության հարցում, անգամ կային որոշ սահմանափակումներ Հայոց ցեղասպանության գրքերի հետ կապված: Մենք հիշում ենք, որ մի քանի տարի առաջ Մեծն տանը Կիլիկիո Արամ 1-ին կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ Բաշար ալ-Ասադը կոչ արեց հաշտվել Թուրքիայի հետ եւ չառաջնորդվել պատմությամբ»:
Գեւորգ Մելքոնյանը Սիրիայի նախագահի հայտարարությունը դիտարկում է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եղանակներից մեկը: Եվ նրա կանխատեսմամբ՝ Սիրիան առաջիկայում կփորձի այդ լծակը որքան հնարավոր է երկար շահարկել, իսկ երբ որ արդեն հասկանա, որ Թուրքիայի իշխանություններն այլեւս չեն գնալու որեւէ զիջման եւ շարունակելու են աջակցել ապստամբներին, ապա կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Կարդացեք նաև
Ամի Չիչակյան