Նա վիճարկում է մրցույթի արդյունքները
Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ Տավուշի մարզպետի: Հայցով որպես երրորդ անձ ներգրավված է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը: Հ. Ներսիսյանը դատարան է դիմել մրցութային հանձնաժողովի 2013թ. սեպտեմբերի 27-ի երկու որոշումները, մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը, մարզպետ Արմեն Ղուլարյանի 2013թ. հոկտեմբերի 1-ի թիվ 113-Ա որոշումը եւ որպես անվավերության հետեւանք՝ Վազգեն Մարգարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ իրեն Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակելու պարտավորեցնելու եւ իր հետ աշխատանքային պայմանագիր կնքելու պահանջով: Հայցադիմումի մեջ գրված է, որ 2013թ. օգոստոսի 14-ին «Հայաստանի հանրապետություն» թերթում հայտարարություն է զետեղվել մարզային ենթակայության, պետական սեփականություն հանդիսացող «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ անցկացնելու վերաբերյալ:
Հայցվորը նշել է, որ մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններից է եղել առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձը, որից առնվազն 2 տարին՝ վարչական աշխատանքի փորձ կամ այդ ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առվազն 3 տարվա փորձը: Հայցում նշվել է, որ Վազգեն Մարգարյանը չունի վարչական աշխատանքի կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական համակարգի կառավարման առնվազն 3 տարվա փորձ: 2013թ. սեպտեմբերի 27-ին կայացած մրցույթի արդյունքում 2 մասնակիցներն էլ՝ Վազգեն Մարգարյանը եւ Հրաչյա Ներսիսյանը հաղթող էին ճանաչվել, հոկտեմբերի 1-ին մարզպետ Արմեն Ղուլարյանի որոշմամբ Վազգեն Մարգարյանը նշանակվել է Իջեւանի ԲԿ-ի տնօրեն: Հայցադիմումի մեջ Հ. Ներսիսյանը գրել է. «Մարզպետի թիվ 113 որոշումը կայացվել է առանց որեւէ իրավական եւ փաստական հիմնավորման, կամայականության սկզբունքներից ելնելով»: Հայտնենք, որ այս գործով դատական առաջին նիստը նշանակված է փետրվարի 14-ին:
Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական համակարգի կառավարման փորձի դրույթը եղել է միայն Իջեւանի ԲԿ-ի, բայց ոչ մարզի մյուս ԲԿ-ների տնօրենների թափուր տեղի համար մրցույթների հայտարարություններում, հավանական է, որ մարզպետարանի որեւէ պաշտոնյա, առանց մարզպետի գիտության, թերթի հայտարարության մեջ այդ պահանջը մտցնելով ՝ մրցույթի համար «ական» է տեղադրել: Նույն աղբյուրներն ասում են, որ Վազգեն Մարգարյանը առողջապահության համակարգում վարչական աշխատանքի 14 տարվա փորձ ունի, ժամանակին ղեկավարել է մարզպետարանի առողջապահության վարչությունը: Հավելենք, որ Հ. Ներսիսյանը Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայրն է: Հ. Ներսիսյանը նաեւ մարզպետ Արմեն Ղուլարյանի բարեկամն է, Հրաչյայի եղբայրը եւ Արմեն Ղուլարյանի եղբայրը քենակալներ են: Մեր տեղեկություններով՝ Հ. Ներսիսյանը ներկայումս աշխատում է Գավառի բժշկական կենտրոնում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այն որ մարզպետի համար կա մի սրբություն / փող շինել/ իր հետ բերում է անօրինակությունների մեծ շղթայի, որտեղ և անտեսվում է այնպիսի մի մանր երևույթ ինչպիսին ՀՀ օրենքն է Այդ է պատճառն,որ բազմաթիվ անգամպաշտոնի նշանակումներ են տեղի ունեցել վերջինիս խախտումով, որպեսզի տնօրենի պաշտոնի նոր թեկնածուի տվյալներն համապատասխանեցվի օրենքին