Լրահոս
Օրվա լրահոսը

Անհավասարակշռության խարանը

Փետրվար 08,2014 15:05

Երբ առաջին անգամ տեսա տիեզերքից լուսանկարված մեր մոլորակի պատկերը, ապշեցի, թե ինչքան գեղեցիկ է մեր բոլորի տունը՝ անկախ պետությունների սահմանագծերից, անկախ կրոններից, քանի որ այդ ամենը կապույտ, կիսաամպամած ու լուսավոր, թրթռուն կենդանության մեջ չէր երեւում: Եվ մեր Երկիրը ինձ թվաց անհավատալի ստեղծագործություն՝ անվախճանության կնիքը վրան: Եվ երիցս սխալ են իրապաշտ գիտնականները, թե այդ ամեն ինչը պատահականություն է, այսինքն թե՝ տիեզերական քմահաճույք կամ թյուրիմացություն:

Այնինչ այսպիսի փխրուն գեղեցկության նման անպաշտպան ստեղծագործությունը անհավատալի հավասարակշռության մեջ է բոլոր մյուս մոլորակների հետ, եւ ինչքան էլ որ երբեմն թվա, թե ուշանում է, գարունը միշտ էլ ժամանակին է գալիս:

Եվ ահա այստեղ է, որ մոլորվում են զգայուն հոգիները, երբ չեն կարողանում թափանցել, առնչվել, հասկանալ Աստծո գաղտնի միտքը եւ արարման նպատակը, եւ պոետի անվստահ ձայնով բարբառում, ձեւակերպում են՝ Մենք բոլորս, բոլորս, մանուկներ ենք որբ:

Այնինչ նույն այդ աստվածային ներդաշնակության մեջ միշտ հայտնվում է հակամարդը եւ թելադրում իր կանոնները աններդաշնակության. Աթիլլա, Չինգիզ խան՝ մինչեւ վերջին ծովը, Անգլիա՝ բոլոր ծովերը, Խորհրդային Միություն՝ համաշխարհային հեղափոխություն եւ այլ խաներ ու ամերիկաներ: Երկիր, ուր դերասանուհու ներքնազգեստը հարյուր հազարներով վաճառում են աճուրդներում՝ մոռանալով, որ իրենց մոլորակի բնակիչների գրեթե կեսը կիսասոված է, որոնց երկրների հաշվին են հարստացել իրենք: Եվ հետո զարմանում ու վիրավորվում են, որ աշխարհում հայտնվում է Բեն ահաբեկիչը՝ որպես հակապարտադրանք պարտադրվող աններդաշնակությանը…

Եվ եթե շարունակվի բութ ուժի միջոցով պարտադրվել ազգերին ներդաշնակության սեփական պատկերացումը, վաղը նորից կհայտնվեն այլ լադեններ, եւ դա կլինի անվերջ, քանի որ խախտվել է աշխարհի հավասարակշռությունը: Մի բան, որը կարծես թե վաղուց հասկացել է ծերուկ Եվրոպան եւ փորձում է գնալ ներդաշնակության ճանապարհով, քանի որ հակամարդու հայտնությունը ստեղծում է հակաազգեր, իսկ հակաազգերը՝ անվերջանալի պատերազմներ:

Այնինչ մենք բոլորս մանուկներ ենք որբ տիեզերական անսահմանության առաջ. ասում եմ ինքս ինձ ու վերադառնում իմ մեծ ժողովրդին, բայց այսօր փոքրիկ երկիրս, որտեղ նույնպես խախտված է ներդաշնակությունը, վերադառնում եմ հույսով, որ այս տարվա գարնանամուտից սկիզբ կառնի մի նոր ոգեղեն ծփանք, մենք կհագնենք հավատի լուսավոր զգեստը եւ մեր տաք ու փոքրիկ երկրում կվերականգնենք խախտված ներդաշնակությունը եւ կշարունակենք ընթանալ մեր կապույտ եւ փխրուն մոլորակի բնականոն ծիրով թվացյալ գիտունների եւ հաստատուն անգիտության այս աշխարհում:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728