Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական մեքենաների ներկրումն անվելացել է. «Հայոց աշխարհ»

Փետրվար 08,2014 10:53

Հետաքրքիր զուգադիպությամբ, այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին, արձանագրվել է ներմուծվող ռուսական արտադրության տրանսպորտային միջոցների կտրուկ ավելացում։ Պաշտոնական տվյալներով, տարեվերջի երեք ամիսներին ավելի շատ ռուսական մեքենա է ներկրվել Հայաստան, քան տարեսկզբի ինը ամիսներին։
Ռուսական մեքենաների ներմուծումն ավելացել է նաեւ 2012թ. համեմատությամբ։ Այն դեպքում, երբ վերջին տարիներին դրանց ներկրման քանակը անընդհատ կրճատվում էր։
Համաձայն պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների, անցած տարվա ընթացքում Հայաստան է բերվել ռուսական արտադրության 2,4 հազար ավտոմեքենա։ Նախորդ տարվա նկատմամբ ներկրումն ավելացել է 123-ով։ Թեեւ տարբերությունը շատ մեծ չէ, այնուհանդերձ առկա է դրական դինամիկա։
Ռուսական ավտոմեքենաների ներկրումը կտրուկ ակտիվացել է հատկապես տարեվերջին։ Տարեսկզբի առաջին երեք եռամսյակներին Հայաստան էր բերվել ռուսական արտադրության ընդամենը 1182 տրանսպորտային միջոց։ Մինչդեռ տարեվերջի երեք ամիսներին՝ 1218 մեքենա։
Նման կտրուկ աշխուժացման հարցում բնականաբար առկա է առաջին հերթին սեզոնայնության գործոնը։ Սովորաբար այս շրջանում վերադառնում են Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք իրենց հետ երբեմն նաեւ մեքենաներ են բերում։
Միայն այս գործոնո՞վ է պայմանավորվել ռուսական արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծման ակտիվությունը տարեվերջին, թե՞ եղել են նաեւ այլ պատճառներ, դժվար է ասել։
Չնայած հիշյալ միտումներին, այնուհանդերձ ռուսական մեքենաների պահանջարկը Հայաստանում շարունակում է մնալ չափազանց ցածր։ Պատահական չէ, որ դրանք կազմում են տարվա ընթացքում բերված ավտոմեքենաների ընդամենը 5-6 տոկոսը։ Մնացածը արտասահմանյան արտադրության (նկատի ունենք ոչ ռուսական) մեքենաներն են, որոնք որակական հատկանիշներով շատ ավելի բարձր են, քան ռուսականը։ Դա էլ պատճառ դարձավ, որ հայաստանյան շուկայում դրանց պահանջարկը գնալով կրճատվի։ Եթե 10-11 տարի առաջ ռուսական մեքենաները կազմում էին ներկրման 60-70, ապա այժմ, ինչպես ասվեց, ընդամենը՝ 5-6 տոկոսը։
Մաքսային միության կազմում գործող կանոնների կիրառման պայմաններում այս հարաբերակցությունն անշուշտ կփոխվի։ Չնայած Հայաստանը հույս ունի, որ ներքին շուկայի սպառման նպատակով ոչ ռուսական արտադրության մեքենաների ներմուծման ժամանակ կկարողանա որոշակի զեղչեր ստանալ։
Մյուս կողմից՝ արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցների հիմնական մասը Հայաստան է ներկրվում հարեւան Վրաստանից։ Մինչդեռ ինչպես ԱՊՀ գրեթե բոլոր երկրների, այնպես էլ Վրաստանի հետ Հայաստանն ունի ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագիր, որը ենթադրում է զրոյական մաքսատուրքի կիրառում։
Էկոնոմիկայի նախարարը հավաստիացնում է, որ այդ ռեժիմը կպահպանվի նաեւ Մաքսային միությանը անդամագրման ժամանակ։ Տրամաբանորեն դա պետք է վերաբերի նաեւ մեքենաների ներմուծմանը։ Այդպես կլինի թե ոչ, ցույց կտա ժամանակը։
Ինչեւէ, ինչպես նախկինում, այնպես էլ անցած տարի Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մասը նախապատվությունը տվել է արտասահմանյան արտադրության մեքենաներին։ Ներմուծվել է ավելի քան 38,7 հազար այդպիսի տրանսպորտային միջոց, որը 6,3 հազարով ավել է նախորդ տարվանից։ Ընդհանուր առմամբ 2013թ. ընթացքում Հայաստան է բերվել 41,1 հազար ռուսական եւ արտասահմանյան արտադրության ավտոմեքենա։
Տրանսպորտային միջոցների ներմուծումն ավելացել է հիմնականում էժան ավտոմեքենաների հաշվին։ Խոսքը մինչեւ 5 հազար դոլար մաքսային արժեք ունեցող մեքենաների մասին է. այս կարգի մեքենաների թիվն ավելացել է գրեթե 5 հազարով։ Անցած տարվա ընթացքում Հայաստան է բերվել մինչեւ 5 հազար դոլար մաքսային արժեք ունեցող ավելի քան 25,2 հազար տրանսպորտային միջոց։
Որոշակի աճ կա նաեւ գնային առումով մյուս երկու խմբի ավտոմեքենաների ներմուծման ոլորտում։ Մասնավորապես 800-ից մինչեւ 850-ով ավելացել է մոտ 10 հազար դոլարանոց ավտոմեքենաների ներկրումը։ Նույնքանի է հասնում նաեւ 10-15 հազար դոլարանոց տրանսպորտային միջոցների պահանջարկի աճը։
Փոխարենը տեղի է ունեցել թանկարժեք մեքենաների ներկրման նվազում։ Մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ անցած տարվա ընթացքում ներմուծված 30 հազար դոլարից բարձր մաքսային արժեք ունեցող տրանսպորտային միջոցների թիվը բավականաչափ կրճատվել է։
Եթե 2012թ. Հայաստանի մաքսային տարածք էր մուտք գործել այդպիսի 1567, ապա անցած տարի՝ 1332 ավտոմեքենա։ Այլ կերպ ասած, դրանց թիվը նվազել է 235-ով։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ 

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728