1. Սոցապ նախարարը հայտարարել է, որ պարտաճանաչ գործատուները պետք է վճարեն կենսաթոշակային պարտադիր վճար: Այս հայտարարությունը կենցաղային բնույթի և նախարարին անվայել դատողություն է, քանի որ չունի իրավական արժեք: Իրավական ակտերի մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ իրավական ակտը, այդ թվում՝ օրենքը սահմանում է պարտադիր պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ` վարքագծի կանոններ): Այսինքն՝ քաղաքացուն օրենքով չի կարող խորհուրդ տրվել կատարել այս կամ այն վճարումը, իսկ պարտաճանաչ լինել -չլինելը իրավական կատեգորիա չէ:
2. ՍԴ որոշումը կուտակային կենսաթոշակների մասին օրենքի՝ վճարում կատարելու դրույթները զրկել է իրավական պաշտպանությունից, այսինքն՝ դրանց չկատարելը չի առաջացնում տուգանք կամ պատասխանատվություն, այսինքն` այլևս այդ դրույթները պարտադիր չեն` համաձայն Իրավական ակտերի մասին օրենքի 1-ին հոդվածի: Ընդ որում, ՀՀ օրենքները չեն կարող հակասել ՍԴ որոշումներին:
3. Լավ, ասենք նախարարը հեռու է իրավաբանությունից, բա կենտրոնական բանկին ի՞նչ ասենք, որ հայտարարում է պարտադիր վճար վճարելու պարտականությունը դեռևս ուժի մեջ է և կասեցված չէ: Կասեցնելը էլ ո՞նց է լինում: Կասեցում՝ նշանակում է նաև իրավական պաշտպանությունից զրկել, ՍԴ զրկել է վճարում կատարելու դրույթը իրավական պաշտպանությունից, այսինքն՝ չվճարելու համար պատասխանատվություն չկա: Բա էլ ո՞նց է լինում կասեցնելը, հարգելի տգետներ… Ինչ մնում է հետևանքները ծանր լինելուն, մի փոքր թող համբերեն գիտունիկները, հետո կերևա ում համար ,ու ինչն է ծանր հետևանքներ ունենալու:
Խորը հարգանքով՝ Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների նախաձեռնություն